The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ԼՀԱ Լուրեր
Նոյեմբեր 23, 2016
ԼՀԱ կազմակերպած դասընթացը՝ ուղղված բացատրական լրագրության խթանմանը
ԼՀԱ կազմակերպած դասընթացը՝ ուղղված բացատրական լրագրության խթանմանը

Նոյեմբերի 19-20-ը «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր «Բացատրական լրագրությունը թվային մեդիա ինդուստրիայում» խորագրով դասընթաց լրագրողների համար:

Միջոցառումը, որն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, նպատակ ուներ մասնակիցներին  ներկայացնել մեդիա ոլորտում առկա նոր տենդենցներն ու աջակցել հայ լրագրողներին թվային միջավայրում տեղեկատվության փոխանցման գործում հանդես գալ առավել արդունավետ ձևաչափով:

Հայաստանի տարբեր լրատվամիջոցներից դասընթացին մասնակցող 15 լրագրողներ ծանոթացան թվային միջավայրում բացատրական լրագրության և տվյալների վիզուալիզացիայի հիմունքներին և անհատական ու խմբային աշխատանքների միջոցով կիրառեցին ձեռք բերված հմտությունները:

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջոն (Ջեյք) Գոշերթը, ով ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նշեց, որ լրագրության ոլորտում 12 տարվա փորձ ունենալով՝ նա մեծ նշանակություն է տալիս այս նախագծին` կարևորելով նոր մտածելակերպի և միաժամանակ այլընտրանքային հմտությունների ձեռքբերումը՝ ժամանակակից լրագրության և թվային հաղորդակցության զարգացման միտումներին համընթաց քայլելու համար:

Ծրագրի դասընթացավարներն էին ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանը, գրաֆիկական դիզայներ Սեդրակ Մկրտչյանը և ՏՏ մասնագետ Հովհաննես Աղաջանյանը: ԼՀԱ-ի հրավերով միջոցառմանը ներկա էր նաև JumpStart Georgia կազմակերպության ծրագրերի համակարգող և տվյալների լրագրության մասնագետ Նինո Մաչարաշվիլին, ով մասնակիցներին տեսական և գործնական աշխատանքի միջոցով ներկայացրեց՝ ինչպես աշխատել էլեկտրոնային աղյուսակներով, առկա թվային բաց տվյալներից դուրս բերել առանցքային թեմաներ նյութ պատրաստելու համար:

«Բացատրական լրագրությունը լուսաբանման այն ձևն է կամ ժանրը, որը թույլ է տալիս ներկայացնել թեմայի նրբերանգները` ընթացիկ պատմությունը մատուցելով առավել մատչելի ձևաչափով` օգտագործելով տարատեսակ մուլտիմեդիա գործիքներ և առցանց ծրագրեր։ Իսկ ինֆոգրաֆիկաները կամ տվյալների վիզուալիզացիան պարզեցնում է թվերով հագեցած տեղեկատվության մատուցումը», - ասում է ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանը և ավելացնում, - «այս նախաձեռնության միջոցով մենք փորձում ենք հայկական մամուլում կայուն հիմքեր ստեղծել բացատրական լրագրության և տվյալների վիզուալիզացիայի համար` թվային տեղեկատվական խառնաշփոթում օգնելով օգտատերերին վստահելի և սպառիչ պատասխաններով նյութեր ընթերցել ակտուալ թեմաների վերաբերյալ:

«Դասընթացը բավականին հետաքրքիր էր և ուսուցողական: Տվյալների վիզուալիզացիան և բացատրական լրագրությունն ինձ համար նորություն են, քանի որ ռադիոլրագրող եմ: Դասընթացին սովորեցի գրագետ աշխատել թվերի, վիճակագրական տվյալների հետ»,- ասում է միջոցառման մասնակիցներից Գոհար Շարոյանը:

Ըստ «Հետքի» լրագրող Մարիամ Չախոյանի՝ դասընթացը չափազանց օգտակար էր: «Գիտելիքներից ու նոր կարողություններից բացի կարևոր տեղեկություններ ստացա թվային հաղորդակցության զարգացման վերջին միտումների վերաբերյալ: Կարևոր էին նաև բացատրական լրագրության հասկացության, մոտեցումների, վիզուալիզացման գործիքների արդյունավետ օգտագործման վերաբերյալ ստացած գիտելիքները»,- ասում է նա:

Իսկ «Ա1 պլյուսի» հեռուստաեթերի խմբագիր Կարինե Ասատրյանը նշում է, - «Թեպետ երկար տարիներ է ինչ լրագրության ոլորտում եմ աշխատում, բայց այս երկու օրերի ընթացքում հասկացա, որ պետք է հայթայթել մաթեմատիկայի դասագիրք` վերհիշելու այն բանաձևերը, որոնք ինձ թույլ կտան այսուհետ ավելի պրոֆեսիոնալ աշխատել թվերի հետ լրագրության ասպարեզում»:

Ծրագրի ընթացքում մասնակիցների կողմից  կպատրաստվեն թեմատիկ նյութեր, որոնք կտեղադրվեն ԼՀԱ-ի կողմից ստեղծված Ampop.am ինտերակտիվ մուլտիմեդիա կայքում:

«Տվյալների վիզուալիզացիայի և բացատրական լրագրության» նախաձեռնության նորություններին կարող եք տեղեկանալ՝ հետևելով ԼՀԱ-ի և Ամփոփ Մեդիայի ֆեյսբուքյան էջերին:

Դասընթացի ֆոտոպատմությունը` այստեղ:  

Աղբյուր՝ ԼՀԱ

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել