The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ԼՀԱ լուրեր
Նոյեմբեր 28, 2017
Կազմակերպվեց «Տվյալների հաղորդակցության հմտություններ» խորագրով դասընթացը
Կազմակերպվեց «Տվյալների հաղորդակցության հմտություններ» խորագրով դասընթացը

Նոյեմբերի 24-25-ը Աղվերանում անցկացվեց «Տվյալների լրագրության հմտություններ» խորագրով սեմինար-դասընթաց, որը կազմակերպվել էր «Ամփոփ մեդիայի» կողմից Հայաստանում Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի (FES) հետ համագործակցությամբ: Դասընթացը վարում էին Ampop.am տվյալների լրատվության կայքի խմբագիր Սուրեն Դեհերյանը եւ նույն կայքի լրագրող Աստղիկ Գեւորգյանը:

Տարբեր կազմակերպություններ ու լրատվամիջոցներ ներկայացնող մասնակիցները դասընթացի սկզբում ծանոթացան՝ սովորականից տարբեր ձեւաչափով: Նրանց առաջարկվեց տասը րոպեում պատկերել իրենց մասին պատմող ինֆոգրաֆիկա՝ օգտագործելով հնարավորինս քիչ խոսք եւ շատ պատկեր:

279 Աստիճանաբար մոտենալով սեմինարի բուն թեմային՝ Սուրեն Դեհերյանը բացատրեց տվյալների լրագրության անհրաժեշտությունը եւ կարեւորությունը ժամանակակից աշխարհում:

«Ամեն օր, ամեն վայրկյան ամբողջ աշխարհում տարբեր ոլորտներից մեգաբայթերով տվյալներ են ավելանում: Մենք այդ տվյալների թե՛ կրողն ենք, թե՛ ստեղծողը: Բայց մեծ տվյալները սովորաբար ստեղծվում են հատուկ կենտրոնների կողմից, որոնք հենց թվերի հետ են աշխատում: Դրանք տրամադրվում են շատ ավելի նեղ մասնագիտական շրջանակների, որոնք պարզ ու մատչելի ներկայացնելու դեպքում, կարող են հետաքրքրել ավելի մեծ լսարանի», - նշեց Դեհերյանը:

Սուրեն Դեհերյանի խոսքով՝ լրագրողները փորձում են միջնորդ լինել այդպիսի տվյալների վերամշակման եւ դրանք պարզ ձեւաչափով հասարակությանը ներկայացնելու գործում, ինչն անհրաժեշտ է հասարակական կարծիքի ճիշտ եւ հիմնավոր  ձեւավորման համար:

Աստղիկ Գեւորգյանը միջազգային եւ տեղական օրինակներով ցույց տվեց, թե որոնք են գրագետ գրաֆիկաները, եւ ինչպես կարելի է ստանալ այդպիսիք:

281 Աստղիկ Գեւորգյան«Կախված թեմայից եւ մեր նպատակից՝ մենք կարող ենք օգտագործել տարբեր տեսակի գրաֆիկներ: Սակայն ամենից առաջ պիտի հասկանանք՝ ինչ ենք ուզում դրանցով ցույց տալ. համեմատությո՞ւն, բաշխո՞ւմ, դինամիկա՞, թե՞ մեկ այլ բան», - պարզաբանեց Աստղիկը:

Մասնակից Արուսյակ Կապուկչյանը, ով սովորում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, կարեւորեց վիճակագրական տվյալների հետ աշխատանքի ընթացքում ձեռք բերած գործնական հմտությունները՝ նշելով, որ դրանք կարող են պետք գալ իրեն ամենուր, հատկապես իր լրագրողական նյութերում:

Սոցիալական փիլիսոփայության մասնագետ, ԵՊՀ դասախոս Արման Ղարագուլյանի կարծիքով՝ փիլիսոփաներն ու լրագրողները զբաղվում են նույն գործով. նրանք հետազոտում են հասարակությունը՝ այն ավելի լավը դարձնելու ակնկալիքով: Դասախոսը նշեց, որ իր ստացած գիտելիքների հիման վրա արդեն իսկ պատրաստում է փոքրիկ հետազոտական հանձնարարություններ, որոնք կտրվեն ուսանողներին մեթոդաբանական առարկաների ուսումնառության ընթացքում:

Մասնագիտությամբ քաղաքագետ, erit.am կայքի լրագրող Գայանե Մելիքյանն էլ նշեց, որ տեղեկատվություն հավաքագրելով՝ մարդն ինքը ստեղծում է տեղեկատվության ամփոփ մի տարբերակ՝ մեխանիկորեն դառնալով դրա նոր աղբյուրը: Նա անկեղծացավ. «Եթե երկու տարի առաջ տիրապետեի ինֆոգրաֆիկա պատրաստելու հմտություններին, մագիստրոսական թեզումս անպայման կկիրառեի, բայց իհարկե, հիմա էլ ուշ չէ: Ասպիրանտուրայում եւս կարող է պետք գալ»:

Դասընթացի ավարտին մասնակիցներն առաջարկեցին թեմաներ, որոնց շուրջ լուսաբանված նյութերը կտեղադրվեն ԼՀԱ-ի հեղինակած Ampop.am տվյալների լրատվության կայքում:

Դասընթացի ֆոտոպատմությունը` այստեղ:

Նյութի եւ լուսանկարների հեղինակ՝ Միլենա Խաչիկյան

Աղբյուր՝ ԼՀԱ

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել