The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մարդ
Դեկտեմբեր 10, 2011
Տղամարդկանց «աշխարհում». Հասմիկն ու Գոհարը մեկնաբանում են հայկական սպորտը
Անի Գաբրիելյան
JNews-ի թղթակից
Courtesy image
Գոհար և Հասմիկ

Արդեն երրորդ տարին է երիտասարդ լրագրողներ Հասմիկ Բաբայանը և Գոհար Նալբանդյանը Հանրային ռադիոյում վարում են «Մարզական խաչմերուկ» հաղորդումը: Սա Հայաստանում մարզական աշխարհին անդրադարձող եզակի այն հաղորդումներից է, որի հաղորդավարները տղամարդիկ չեն: 23-ամյա Հասմիկն ու նրա հասակակից Գոհարը նաև Panarmenian.net կայքի սպորտի բաժնի պատասխանատուներն են:

Գոհարն ու Հասմիկը միասին սովորել են Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում և առաջին նյութերը մարզական աշխարհից սկսել են գրել դեռ ուսանողական տարիներից:

«Սկզբում մի քիչ դժվար էր. ոչ ոք չէր հավատում, որ մենք հաջողություններ կունենանք, մտածում էին, որ մի որոշ ժամանակ կաշխատենք, հետո կամուսնանանք ու կդադարենք լուսաբանել մարզական իրադարձությունները»,- ժպտալով ասում է Հասմիկը:

«Մեր ոլորտում սպորտի մասին լուսաբանող աղջիկներ չկային: Ես ու Հասմիկը որոշեցինք միասին աշխատել և դա մեզ շատ օգնեց»,- ասում է Գոհարը:

Թիմային աշխատանքը դարձավ աղջիկների համար աշխատելաձև, որը շատերին տարօրինակ էր թվում սկզբնական շրջանում: Աղջիկներն ասում են, որ նյութի համար լավ գաղափարները հաճախ ծնվում են զրույցների ընթացքում, և կարևոր չէ, թե իրենցից ով է դրա հեղինակը:

Հայ մարզիկներից շատերն արդեն լավ են ճանաչում Գոհարին և Հասմիկին, և այսօր նրանցից հարցազրույց վերցնելու համար այլևս անհրաժեշտություն չկա ներկայանալու խմբագրության անունից. մարզիկներն ու մարզիչները սիրով համագործակցում են նրանց հետ:

«Մենք նախ ձգտում ենք վստահություն ձեռք բերել` մարդկային շփում հաստատելով»,- նշում է Գոհարը և հավելում,- «Տղամարդ մարզիկներից հեշտ է հարցազրույց վերցնելը, չնայած մեզ հետ շփվելիս միգուցե ավելի կաշկանդված են իրենց զգում, քան եթե զրուցեին տղամարդ լրագրողի հետ»:

Գոհարն ու Հասմիկը, լինելով լրագրող և միևնույն ժամանակ հայ մարզիկների մոլի երկրպագու, ասում են, որ հայ մարզիկների հետ ապրում են բոլոր հաղթանակներն ու պարտությունները:

«Շատ ենք ուրախանում երիտասարդ մարզիկների հաջողություններով և միշտ փորձում ենք սատարել նրանց մեր աշխատանքով»,- ասում է Գոհարը:

Հասմիկի ու Գոհարի մասին իր կարծիքը հայտնեց նաև մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը, ով ասում է, որ աղջիկները դեռ սովորելու շատ բան ունեն, սակայն նաև նշեց, որ նրանք արդեն ձևավորել են աշխատելու իրենց ուրույն մոտեցումը:

«Նրանք ապացուցեցին, որ իրենց գիտելիքները բավարար են սպորտը լուսաբանելու համար: Կարևորը, որ պարտաճանաչ են, աշխատասեր, և խանդավառությամբ լի: Դա էլ պատճառ կդառնա տղամարդ գործընկերների մոտ նրանց մեջ մրցակից տեսնելու համար»,- ասում է Գիլոյանը, ով աղջիներին ուսանող տարիներին դասավանդել է մարզական լրագրություն:

136 Աղջիկներն արդեն մտահոգվելու առիթ տվել են տղամարդ մեկնաբաններին. Հայաստան-Իռլանդիա խաղից առաջ եվրոպական երկրների հայտնի լրատվամիջոցները հենց իրենց են խնդրել մեկնաբանելու Հայաստանի հավաքականի մարզական պատրաստվածությունը:

«Շատ անսպասելի էր, բայց միևնույն ժամանակ ոգևորիչ, երբ «Guardian»-ին պետք է մեկնաբանություն հաղորդեինք», - ասում է Գոհարը:

Աղջիկները նշում են, որ սիրում են միշտ սեփական լրատվությամբ հանդես գալ և շատ են նյարդայնանում, երբ իրենց պատրաստած նյութերը հանդիպում են հայկական այլ առցանց հարթակներում` առանց սկզբնաղբյուրի հղման:

Թեպետ առայժմ ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս ազգային հավաքականների հետ մեկնելու մրցաշարերը լուսաբանելու, բայց նրանք հավատում են, որ այդ օրն էլ հեռու չէ: 

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել