The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մարդ
Մայիս 25, 2017
Մեր գյուղն ապրեցնող խաղողի այգիները
Մեր գյուղն ապրեցնող խաղողի այգիները

Երբ  հարկ է լինում բացատրել, թե ինչպես է հնարավոր հասնել իմ ծննդավայր,  արմատացած մի խոսք ունեմ` «ուղիղ ճանապարհով գնում եք այնքան, մինչև ասֆալտն ավարտվի, ապա ևս 2 կմ անցնելով` հայտնվում եք Փշատավանում` Հայաստանի  սահմանամերձ գյուղերից մեկում»։

Փշատավանը տարիներ առաջ հարուստ էր փշատենիներով, բայց հիմա գյուղի անունը խորհրդանշող ծառերից հատ ու կենտ կարելի է հանդիպել։ Այսօր գյուղի ոչ պաշտոնական խորհրդանիշը խաղողի վազերն են դարձել։ Համայնքում յուրաքանչյուր ընտանիք առնվազն մեկ խաղողի այգի ունի, որով էլ պարծենում ու հպարտանում է։

Փշատավանցին տարվա ցանկացած եղանակի համագյուղացուն հանդիպելիս բարևից հետո առաջին հարցը, որ տալիս է, խաղողի այգու մասին է։

Գարնանը հարցնում է՝ «հո՞ խաղողը ցուրտը չի տարել» կամ էլ՝ «արդեն էտե՞լ ես վազերը», ամռանը՝ «հասցրե՞լ ես սուտ տալ այգիները» (խաղողի վազերն ավելորդ տերևներից ազատել), «հո՞ հիվանդություն չկա բաղի մեջ», «քանի՞ անգամ ես ջրել այգիները»։ Աշնան հարցերը բերքի շուրջ են՝ «ո՞նց է խաղողի բերքը», «ինչքանո՞վ ես ծախելու», «շա՞տ է նեխածը մեջը», «արդեն թաղե՞լ ես բաղերը», ձմեռվա հարցերը հիմնականում հաջորդ տարվա կանխատեսումներին են վերաբերում` «մյուս տարի տեսնես` ի՞նչ գին կունենա»:

Տարին մեր գյուղացիների համար սկսվում է գարնան զարթոնքով. ձմռան հանգստից հետո վերջապես գալիս է երկար-բարակ պլանավորած ու հաշվարկած աշխատանքները սկսելու ժամանակը։ Հողային «դամբարաններից» դուրս է հանվում խաղողի վազերի զգալի մասը` ազդարարելով մինչև ուշ աշուն ձգվող աշխատանքի սկիզբը։

Օրերը տաքանալուն պես գյուղացիները շարժվում են դեպի այգիները, իսկ հարևանները, սովորության համաձայն, մեր տուն են գալիս` վերցնելու աշխատանքային գործիքները: Գրեթե ամեն օր լսում ենք` «Լյովա~, Լյովա~» (այդպես են դիմում հայրիկիս համագյուղացիները, թեպետ նրա անունը անձնագրով Վալոդյա է), ինչին հաջորդում է մեր շան հաչոցը, արդեն գիտենք, թե ինչ են ասելու. «Էն խաղողի քոլերը քաշելու գործիքը կարա՞ս տաս»։

Հայրս Ռուսաստանում Պոլիտեխնիկական համալսարանը ավարտելուց  հետո վերադարձել է Փշատավան` ընտանիքին օգնելու։ Այդ ժամանակ արդեն մեր ապրուստի միջոցը խաղողագործությունն էր։

Մայրս, առավոտները մոտ կես ժամ շուտ արթնանալով, հասցնում էր նախաճաշ պատրաստել, իսկ երբ արթնանում էինք ու նախաճաշում, հաջորդում էր Անո տատի ձայնը՝ «Ալինա', արե'ք կոֆե խմելու»:  Դե, իհարկե, ի՞նչ առավոտ, եթե սուրճով չսկսվի։

Խաղողագործությունը ընտանեկան ավանդույթ է։ Ընտանիքի ամեն անդամ իր ներդրումն  ունի այդ գործում, անգամ շունս՝ Կոկին, ջանասիրաբար հաչալով, քշում է վնասատու մրջյուններին` միգուցե գիտակցելով բերքի իրական արժեքը։

Անկախ գործի բովանդակությունից` լիներ խաղողի վազերի էտ, բահով աշխատանք, թե արկղերի տեղափոխում, այգիներում միշտ կտեսնեիր աշխատող կանանց և աղջիկների։ Աշխատանքային մեծ անձնակազմը հավաքվում էր խաղողի այգում, կատարում աշխատանքի բաժանում ու սկսում։ Կանայք հիմնականում, նստելով փոքրիկ աթոռների վրա (որոնց շատ հաճախ փոխարինում էին մեքենայի մարտկոցների տուփերը կամ լիմոնադի մետաղյա արկղերը),  մկրատները ձեռքներին՝ խաղողի վազերն էին մաքրում փչացած գիլաներից ու խնամքով շարում արկղերի մեջ։ Մենք՝ երիտասարդներս, հիմնականում լիքը արկղերը դատարկներով փոխարինելով և դրանք մեքենայի մեջ շարելով էինք զբաղվում։ Իսկ մեր մեծերը խաղողի վազերը քոլերից քաղելու պարտականությունն էին ստանձնում։ ՈՒ թեև  մեր ընտանիքի ընկերներից մեկը՝ Անդո ձյայձան,  ավելի շատ ծխախոտ ծխել ու կատակել էր սիրում և գործի մեջ գլուխ էր պահում, բոլորը նրան շատ էին սիրում ու առանց նրա ոչ մի գործ չէին ձեռնարկում։  

Մի քանի ժամը մեկ հայրս ձայն էր տալիս` «Ալինա', երեխեքին ասա՝ սուրճ դնեն, մի հատ շունչ քաշենք», և երիտասարդներից մեկը անցնում էր փոքրիկ գազի վառարանի վրա սուրճ պատրաստելու «սուրբ գործին»։ Երբ մեծացա ու ես էլ սկսեցի սուրճ խմել, խաղողի հյութից կպչուն դարձած ձեռքերս հողի մեջ շփելով, շիրայից մաքրելով ու հողը թափ տալով, մի ձեռքս սուրճի բաժակը, իսկ մյուսով` առաջարկված քաղցրավենիքը վերցնելով, միայն այդ ժամանակ հասկացա, թե ինչ առավելություն ունի խաղողի այգում նման պահերին խմած սուրճը։ Փողոցով անցնող համագյուղացիները ջերմ բարևում էին ու, տեսնելով մեծ աշխատակազմը, հասկանալով` ինչի համար ենք հավաքվել, անպայման բացականչում էին` «ուրախությունո~վ»: Երբեմն էլ ընկերակցում էին մեզ սուրճի սեղանի շուրջ։ Այսպես, ամբողջ օրն անսպառ զրուցելով, երաժշտություն լսելով ու ծիծաղելով, մեծ ծավալի աշխատանք էինք անում, երեկոյան էլ նստում էինք սեղանի շուրջ և տնական խաղողի օղով խմում «ուրախությունով լինի» կենացը։

Ժամանակին ընդառաջ փոխվում են նաև խաղողի այգիները մշակելու տեխնոլոգիաները, օգտագործվող տեխնիկան ու դեղամիջոցները, բայց դրանից գրեթե չի փոխվում աշխատանքի ծավալը, որովհետև այգին նույն չափով խնամքի կարիք է զգում։ Այն, որ շատ ժամանակ է խլում գյուղացիներից, շատերի համար երբեմն առիթ է դառնում բողոքելու, սակայն անկախ ամեն ինչից` շատերն ուղղակի չեն պատկերացնում իրենց առօրյան առանց խաղողագործության։ Անփոխարինելի հաճույք և մեծ հպարտություն է, երբ աշնանը, որպես բոլոր չարչարանքների փոխհատուցում, հավաքում ես տարվա բերքդ, որը նաև դառնում է ապրուստի միջոց հաջորդող տարվա համար։

Յուրաքանչյուր փշատավանցու համար մեծ հպարտություն է սեփական խաղողի այգին։ Ու ամեն սպասված  հյուրի,  ով այցելում է գյուղ, առաջին բանը, որ ցուցադրում են,  խաղողի այգիները, խաղողի բերքը, բերքից ստացված գինին կամ օղին է լինում։ Դա  նրանից է, որ խաղողը գյուղացիների համար մեծ  արժեք ունի։ Բերքի առատությունը և  հարմար արժեքով վաճառքը հաջողակ տարվա ամենամեծ գրավականն է, քանի որ դա է գյուղացու տարվա եկամտի աղբյուրը։

Արդ, աշխարհի որ ծայրում էլ լինեմ, հպարտ լինելու պատճառ ունեմ` «Ես մշակել եմ աշխարհի ամենահամեղ խաղողներից մեկը, եթե ոչ՝ ամենահամեղը»: 

Հեղինակ՝ Սարգիս Ավետիսյան

Աղբյուր` JNews.am

Սույն հոդվածը պատրաստվել է Հայկական Կարմիր խաչի «Երիտասարդների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված մեդիա ուսուցում-վարժանքների ընթացքում:

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել