Մոլորակ
September 19, 2011
Սերբ լրագրողին ձերբակալել են Հարավային Օսեթիայում
Սերբ լրագրողին ձերբակալել են Հարավային Օսեթիայում

Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը քննադատել է սերբ լրագրող Վիկտոր Լազիչի ձերբակալությունը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին ինքնահռչակ Հարավային Օսեթիայի հանրապետությունում: Նրան ձերբակալել են սահմանի վրա, երբ նա մուտք է գործել հանրապետության տարածք Վրաստանից: Լրագրողը գտնվում է Ցխինվալիում: Նրան մեղադրում են սահմանն ապօրինի կերպով անցնելու մեջ:

Լազիչը շուրջերկրյա ճանապարհորդություն էր կատարում՝ սերբական Press հրատարակչության համար շաբաթական նյութեր պատրաստելով: Հարավային Օսեթիան մտնում էր նրա երթուղու մեջ:

Դուրս գալով Գորիից սեպտեմբերի 9-ին` Լազիչն անցել է երեք վրացական և ռուսական հսկիչ-անցագրային կետեր: Հաջորդ օրը, ոչ մի դրոշ չտեսնելով, նա մոտեցել է ևս մեկ անցագրային կետի, որտեղ սահմանապահներից հարցրել է, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի: Նրան անմիջապես մեղադրել են սահմանն ապօրինի անցնելու մեջ և ձերբակալել:

Ցխինվալի տեղափոխվելուց հետո առաջին երկու օրը Լազիչն անցկացրել է մենախցում: Նրան զրկել են ուտելիքից, լույսից և բժշկական օգնությունից: Լրագրողին ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեն ներկայացրել, որտեղ նշված լիներ նրա ձերբակալման պատճառը, ինչպես նաև նրան չեն թույլատրել կապնվել փաստաբանի հետ: Լրագրողին հարցաքննել են և սպառնացել:

Ձերբակալումից միայն երկու օր անց Press-ին հաջողվել է կապնվել Լազիչի հետ: Հարավային Օսեթիայի արտաքին գործերի նախարար Մուրատ Ջիոևը հայտնել է, որ նա ոչինչ չի կարող ձեռնարկել: Մոսկվայում Սերբիայի դեսպան Յելիցա Կուրյակն ասել է, որ նա չի կարող կապնվել Հարավային Օսեթիայի արտաքին գործերի նախարարության հետ, քանի որ Սերբիան չի ճանաչել Հարավային Օսեթիայի հանրապետությունը:

Աղբյուր: Reporters Without Borders

Send to friend
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

By submitting this form, you accept the Mollom privacy policy.