The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Բնություն
Նոյեմբեր 14, 2014
Վանա կատուները Երևանում
Արշալույս Բարսեղյան
Վանա կատուները Երևանում

Վանա կատուներն արդեն վեց տարուց ավել է, ինչ բնակվում են Երևանում: Չնայած այն հանգամանքին՝ որ կատուների այս տեսակն արգելվում է դուրս բերել Թուրքիայի սահմաններից՝ Վանա կատուները բնակվում են այլ երկրներում ևս: Սա հետևանք է պատմական իրականության. երբ հայերը վտարվել են իրենց բնակավայրից, վերցնելով իրենց ունեցվածքը կամ պարզապես այն, ինչ կարող էին, տարել են նաև Վանա կատուներին:

Այս կատուներին այժմ կարելի է հանդիպել Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Սրանք բնակվում են տերերի բակերում, ունեն սպիտակ գույն, աչքերը՝ պղնձագույն, մուգ կանաչ կամ երկնագույն են: Մազածածկը խիտ է, մեջքի հատվածում՝ կարճ, որովայնի հատվածում՝ երկար, որը լողալուց հետո ամբողջովին ծածկում է կատվի մեջքը՝ չթողնելով որ մրսի: Որձերի մոտ՝ վզի շրջանում, կա օղակաձև մազածածկ: Առջևի թաթերը երկար են, ինչը օգնում է նրանց չթրջվել ջուրը մտնելիս: Սա Վանի կլիմային հարմարվածության հետևանք է: Վանա կատուն ի սկզբանե վայրի է եղել, այդ պատճառով էլ սիրում է թարմ ձուկ:

Ենթադրվում է, որ Վանյուշան առաջին Վանա կատուն է Երևանում: Կատվի տերը՝ Գայանե Ավետիսյանը, Դավթաշենում գտնվող կենդանիների խանութում վաճառող է: Վանյուշայի զուգընկերոջ՝ Տաթոյի Հայաստան բերվելու մասին պատմում է. «Ես Հայաստան եմ եկել մոտ տասներեք տարի առաջ, ինձ հետ բերել եմ Վանյուշային: Մենք էգ չունեինք: Երևի հինգ տարի առաջ մի տղա գնաց Թուրքիա՝ առևտուր անելու, հետը մի ձագ բերեց Ստամբուլից: Բերել է ապօրինի ձևով՝ առանց փաստաթղթերի, դուխու տուփի մեջ: Տղան ուղղակի գիտեր, որ սիրուն սպիտակ կատու է: Կատվի աչքերի գույնը դեռ փոխված չէր: Սկզբից մոխրագույն էր, հետո սկսեց մի աչքի գույնը մգանալ, մյուսինը՝ բացվել»:  

Գայանեն ասում է նաև, որ Հայաստան բերելու ճանապարհին վնասվել է էգ կատվի ոտքը, հետո ապաքինվել է, սակայն հետքը
դեռ պահպանվում է: Թուրքիայից բերող մարդը կատվին անվճար տվել է խանութի տերերին՝ բազմացման նպատակով:26

Կենդանիների խանութում գրանցում են բոլոր վաճառված կենդանիներին, սակայն անձնագրեր չեն տալիս. «Արտասահման տանելու ժամանակ շատ դժվար է: Եթե տանում են՝ մենք տալիս ենք ձագ, որը դեռ աչքերի գույնը չի փոխել, և գրում ենք խառնուրդ: Իրենք անցկացնում են, հետո, երբ Վանա կատուն մեծանում է, աչքերի գույնը փոխում է, չեն կարողանում այնտեղ չտալ էդ թուղթը, որ ինքը Վանա կատու է»:

Տերերը որձ կատվին այժմ տեղափոխել են գյուղ, քանի որ գողության դեպքեր են եղել: Գողացել են մի գնորդից: Գողերը, օգտվելով  կատվի ձագերի նախասիրություններից, նրանց տվել են ձուկ, խեցգետին: Կերակրի հետքերը տերերը հաջորդ օրը գտել են բնակարանի լուսամուտի մոտ:

«Շատ եմ հետաքրքրվել Վանա կատուներով: Սկզբում կատու չէի սիրում, հետո, երբ տեսա Վանա կատվին, իսկականից իմ առաջին սերը եղավ: Տեսել եմ պարսկական, սիբիրյան կատուներ, բայց Վանա կատվի նման գաղտնիքովը չկա: Վանա կատուները շատ հավատարիմ են, ընտրում են միայն մի որձ: Եթե փորձես այլ որձի հետ զուգակցել, նրանք պարզապես կկռվեն: Շատ խանդոտ են, միայն տիրոջն են թույլ տալիս խաղալ իրենց հետ»:

Վանա կատուն, ի տարբերություն այլ տեսակների, ունենում է կենտ թվով ձագ՝ երեք, հինգ հատ: Ձագերը ամբողջապես սպիտակ չեն ծնվում՝ ունենում են շեկ փոքրիկ մազածածկ, որը մեծանալու հետ ամբողջովին անհետանում է: Մազածածկը լինում է սիմետրիկ՝ վզին, ոտքերին, ականջներին:

Վանա կատուների ցեղում մայրիշխանություն է: Որձերը նստում են իրենց բներում, էգերը գնում են կեր հայթայթելու, բերում, որձին ցույց են տալիս, եթե հավանի՝ ուտում է, իսկ չհավանելու կամ կուշտ լինելու դեպքում էգն այն տալիս է ձագերին կամ ինքն է ուտում:

Վանա կատուն շատ լավ հարմարվել է Երևանի կլիմային: Ապրում է մոտ քսան տարի, սիրում է կենդանի սնունդ: Այս կատվի միակ թերությունն այն է, որ տարվա մեջ երկու անգամ ամբողջովին մազաթափվում է: Սակայն կատվի իրական սիրահարներին դա չի վախեցնում:

Նկարները՝ հեղինակի

Աղբյուր՝ JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել