The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
Մայիս 25, 2017
Էջմիածնի գանձերը
Էջմիածնի գանձերը

Մայիսի 13-ին Կարմիր խաչի մի խումբ կամավորներ, այցելելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, շրջեցին եւ ծանոթացան հոգեւոր կենտրոնին պատկանող թանգարաններին։ Խմբին ողջ ընթացքում ուղեկցում էին Մայր Աթոռի արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն ու գործավար քարտուղար Մերի Սերոբյանը՝ սիրալիր պատասխանելով Կարմիր խաչի կամավորների հարցերին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, հանդիսանալով համայն հայության հոգևոր կենտրոնը, իր հովանու տակ է վերցրել եւ ներկայացնում է հայկական պատմամշակութային ժառանգությունը: Առկա երեք թանգարաններում զետեղված են մեծագույն արժեք ունեցող իրեր, սրբություններ, որոնք սկզբնական շրջանում պահվել են եկեղեցիներին կամ արքայական պալատներին կից գանձարաններում։ Ըստ Տեր Ասողիկի, 16-17-րդ դդ. ճանապարհորդական օրագրերում կան հիշատակություններ, թե ինչպես օտարազգի ճանապարհորդները, լինելով  Սբ. Էջմիածնում,  հնարավորություն են ունեցել տեսնելու Մայր Աթոռում պահվող եկեղեցական գանձերը, սուրբ մասունքներն ու  եկեղեցական  արվեստի առարկաները:

268 Լուսանկարը՝ Նարինե Նահապետյանի

Արդեն 19-րդ և 20-րդ դարերում, երբ թանգարանային գործը լայն կիրառություն է ստացել, եկեղեցին ևս իր մասնակցությունն է ունեցել: Այդ ժամանակ Արևելյան Հայաստանը գտնվել է Ռուսական կայսրության ներքո, Արևմտյան Հայաստանը` Օսմանյան կայսրության, իսկ  ազգային հաստատությունները, ընդհանուր առմամբ, եղել են միայն եկեղեցու հովանու ներքո:

Էջմիածնի Մայր տաճարի ավանդատուն-թանգարանը  հիմնադրել է Ամենայն Հայոց Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Կաթողիկոսը 1869 թ.: Այստեղ են պահվում Սբ. Գեղարդը, սրբերի մասունքներով մասնատուփերը, ինչպես նաև  Աշոտ Գ թագավորի բյուրեղապակյա խաչը և Հավուց Թառի Ամենափրկիչը: Բացի այդ, թանգարանում ցուցադրվում են հայրապետական եւ վարդապետական  գավազաններ, Կոմիտասի վարդապետական թագը, Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի շուրջառը, Ներսես Աշտարակեցու հագուստը, որը կշռում է 13 կգ: Թանգարանում է գտնվում  Սբ. Մյուռոնի արծաթյա կաթսան՝ լի մյուռոնով: Այն ամեն յոթ տարին մեկ դուրս է բերվում  և Մայր Աթոռի բաց խորանում կատարվում է Մյուռոնօրհնության կարգ: 

Վերջին չորս տարիներին, Վեհափառի տնօրինությամբ, Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության օրը հաստատվել է նաև  Սբ. Գեղարդի ուխտի օր, որի ժամանակ Սբ. Գեղարդը դուրս է բերվում թանգարանից և դրվում Մայր Տաճարում, որպեսզի հավատացյալները կարողանան երկրպագել այն: Սրբերի մասունքները ևս, ըստ եկեղեցական կարգի, սրբերի հիշատակության օրերին դուրս են բերվում թանգարանից և տարվում համապատասխան եկեղեցիներ՝ ի երկրպագություն հավատացյալ ժողովրդի:

Իսկ  1896 թ. Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի նախաձեռնությամբ կառուցվել է իր անունը կրող թանգարանը, որը բաց է եղել բոլորի առջև: Խրիմյան Հայրիկն այստեղ հավաքել է անտիկ իրեր, սեպագիր արձանագրություններ, եզակի մետաղադրամների հավաքածու, պատմական զինամթերք, վիմագրություններ եւ քանդակներ:

Թանգարանների գործավար քարտուղար Մերի Սերոբյանը նշում է, որ Սովետական Միության տարիներին իշխանությունները բռանգրավել են Հայրիկյան թանգարանը և պետականացրել նրանում եղած իրերի մեծ մասը՝ շուրջ 4500 ձեռագիր մատյան,  տեղափոխելով Հայաստանի Պատմության թանգարան, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան եւ Ազգային գրադարան, որոնք մինչ օրս էլ պահվում են այնտեղ։

Բռնագրավումից հետո, սակայն, թանգարանային գործը Մայր Աթոռում վերազարթոնք է ապրել: 1955թ. Վազգեն Ա-ն իր գահակալությունից հետո  վերանորոգել է թանգարանը, վերակահավորել, Վեհարանի հարևանությամբ հիմնել է Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը:

269 Լուսանկարը՝ Նարինե ՆահապետյանիԽրիմյան թանագարանը սկզբում չի գործել, քանի որ երկար ժամանակ պետական սեփականություն է համարվել, հետո վերադարձվել է եկեղեցուն: Ներկայիս Վեհափառի ջանքերով այն սկսել է նորից գործել:  

Մայր Աթոռի միաբանների շնորհիվ թանգարանները համալրվել են, եղել են ձեռագիր մատյանների նվիրատվություններ կամ գնման միջոցով այլ իրերի ձեռքբերումներ: Հավաքվել են հնագիտական առարկաներ, որոնք տարբեր ճանապարհներով փոխանցվել են Էջմիածնին:

Սկզբում մայր Տաճարի թանգարանը բաց է եղել բոլորի առջև, իսկ Վեհարանի ու Գանձատան մուտքը  միայն հատուկ խմբերի են արտոնել:

Այժմ  Վեհափառի տնօրինությամբ՝  սամանվել է  մուտքի անդամատոմս, որը նաև  հասույթ է ապահովում, ինչի շնորհիվ էլ կարողանում են նորոգման աշխատանքներ կատարել, իրերը վերանորոգել, նոր իրեր ձեռք բերել և ապահովել համապատասխան աշխատակազմ:

Մայր Աթոռի թանգարաններ այցելում են տեղացիներ, ինչպես նաեւ օտարերկրացիներ՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից, որոնց ուղեկցում են գիդերը՝ անգլերենի, ռուսերենի, լեհերենի եւ ֆրանսերենի իմացությամբ:

Չնայած այս ամենին՝ Մայր Աթոռի թանգարանները դեռ որոշակի խնդիրներ ունեն. կան տեխնիկական խնդիրներ՝ կապված նոր ցուցադրությունների, շենքերի   վերանորոգման  հետ, սակայն առաջնային  խնդիրն իրերի ֆիզիկական վիճակն է: Վերանորոգման   աշխատանքներին ձեռնամուխ են եղել 2012 թվականից: Մինչ այդ իրերի նորոգում հազվադեպ է իրականացվել: Այսօր տարբեր  մասնագետների ներգրավելով՝ հնարավոր է նորոգել հնադարյան իրերը. կան իրեր, որոնք հիմնականում  գործվածքից են: Դրանք վերանորոգվել, նոր կյանք են ստացել, և ցուցահանդես կազմակերպելու հավանականություն կա: 

Զրույցը վարեցին Սարգիս Ավետիսյանն ու Նարինե Նահապետյանը

Պատրաստեց՝ Նարինե Նահապետյանը

Աղբյուր՝ Jnews.am

Սույն հոդվածը պատրաստվել է Հայկական Կարմիր խաչի «Երիտասարդների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված մեդիա ուսուցում-վարժանքների ընթացքում:

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել