The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մարդ
Մարտ 22, 2014
Ավարտական վկայականը` Օքսֆորդ ընդունվելու երաշխիք
Նատալի Աշիգովա
Ուսանողի հայացք
Ավարտական վկայականը` Օքսֆորդ ընդունվելու երաշխիք
Շուշանը (կենտրոնում) հիանալի ընկերների հետ

18-ամյա Շուշան Տոնեյանը այն եզակի հաջողակներից է, ով առանց լրացուցիչ քննությունների ընդունվել է աշխարհի առաջատար համալսարաններից մեկը՝ Օքսֆորդի համալսարանը:

Օքսֆորդի համալսարանը Շուշանին ընտրել է` հիմնվելով այն փաստի վրա, որ նա «Քվանտ» վարժարանում սովորելու ընթացքում հաջողությամբ անցել է Միջազգային բակալավրիատի (ՄԲ) «Դիպլոմա» ծրագիրը: Միջազգային բակալավրիատը (անգլ.` International Baccalaureate, IB) միջազգային կրթական հիմնադրամ է, որն ունի չորս կրթական ծրագրեր 3-ից 19 տարեկանների համար և իր մեջ ընդգրկում է 146 երկրի մոտ 3700 դպրոց: Հայաստանն այս ծրագրին միացել է 2011 թ-ին, իսկ «Քվանտ» վարժարանն առաջինն էր, որ դարձավ ՄԲ կազմակերպության անդամ:

Շուշանը կենսաբանության միջազգային օլիմպիադայի մեդալակիր է և ներկայումս Երևանի պետական բժշկական համալսարանի 1-ին կուրսի ուսանող: Գերազանց առաջադիմության շնորհիվ սովորում է անվճար հիմունքներով, բայց խոստովանում, որ անհամբեր սպասում է մեկնելուն: Օքսֆորդում ուսումը կսկսվի այս տարվա հոկտեմբերից:

18-ամյա աղջկան իր «անգլիական հեքիաթից» մեկ բան է բաժանում՝ ուսման ֆինանսավորման խնդիրը: Ուսման և կեցության վարձը մոտավորապես կազմում է 37000 Ֆունտ ստերլինգ: Շուշանը հավատում է, որ դա լուծելի խնդիր է, քանի որ «Դիպլոմա» ծրագրի վկայականը նրան հնարավորություն է տալիս կրթաթոշակ ստանալու ակնկալիքով դիմել կրթական հիմնադրամներին: Մայիսին դիմելու է նաև «Լույս» հիմնադրամին:

Ջեյնյուզի թղթակցի հետ զրույցում Շուշանը հաճույքով կիսվեց Օքսֆորդ ընդունվելու իր հաջողության գաղտնիքներով և պատմեց ապագայի հետ կապված ծրագրերի մասին:

- Երբ իմացար, որ ընդունվել ես Օքսֆորդ, ի՞նչ զգացիր և առաջինը ո՞ւմ հայտնեցիր այդ լուրը:

- Քանի որ պատասխանը ասելու հստակ օր չկար, ես շատ պատահական իմացա այդ մասին, երբ հերթական անգամ ստուգում էի էլ.հասցես: Առաջինը ծնողներիս զանգեցի: Նրանք նույնպես շատ էին սպասում (ժպտում է): Այդ պահին երջանկություն էի զգում, նաև ապահովություն` ապագա ծրագրերս իրականացնելու համար:

- Օքսֆորդի ընդունելության երկրորդ փուլն առցանց հարցազրույցն էր: Դիմորդների շրջանում կարծիք կա, որ հարցազրույցին տարօրինակ և շփոթեցնող հարցեր են տալիս: Արդյո՞ք դա ճիշտ է, և ինչպիսի՞ հարցեր տվեցին քեզ:

- Կարծիքն անկասկած ճիշտ է, բայց ոչ բրիտանական բուհերի համար: Հարցազրույցի ժամանակ կենսաբանության տարբեր բաժինների մասին չափազանց հետաքրքիր հարցերի եմ պատասխանել: Թեմայից շեղվող միայն մի հարց տվեցին՝ ինչո՞ւ եմ ուզում սովորել Օքսֆորդում:

- Եվ ինչո՞ւ ես ուզում սովորել Օքսֆորդում:

- Փոքր ժամանակվանից երազել եմ Անգլիայում սովորելու մասին: Վաղուց եկել եմ այն եզրակացության, որ ուսումս պետք է շարունակեմ արտերկրում: Իսկ Օքսֆորդն ընտրեցի` հիմնվելով բուհի համբավի, դասախոսական կազմի բարձր պրոֆեսիոնալիզմի վրա:

- Դիմորդների մեծամասնությանը անհանգստացնում է արտասահմանյան բուհերում սովորելու ուսման վարձի խնդիրը: Ինչպե՞ս ես պատրաստվում ֆինանսավորում հայայթել:

- Արդեն դիմել եմ Օքսֆորդ` նաև կրթաթոշակ ստանալու հարցով, պատրասվում եմ դիմել նաև այլ կազմակերպությունների, որոնք աջակցում են հայ ուսանողներին: Առանց կրթաթոշակի այնտեղ մեկնել հնարավոր չէ: Անհամբեր սպասում եմ ֆինանսական խնդրի լուծմանը:

- Դու միջազգային օլիմպիադայի մեդալակիր ես և կարողացար ընդունվել աշխարհի լավագույն համալսարաններից մեկը: Հետաքրքիր է՞րն ես համարում կյանքիդ ամենամեծ ձեռքբերումը:

- Հիանալի ընկերներս, ովքեր միշտ եղել են կողքիս նշված արդյունքներին հասնելու ճանապարհին:

- Արտասահմանում ուսումը ավարտելուց հետո կվերադառնա՞ս արդյոք Հայաստան և, առհասարակ, ապագադ ո՞ր երկրի հետ ես կապում:

- Այժմ ապագաս կապում եմ միայն Հայաստանի հետ: Համապատասխան որակավորումները ստանալուց հետո կարծում եմ ինձ այնտեղ պահող ոչինչ չի լինի, ու կվերադառնամ:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել