Մարդ
Մայիս 26, 2017
Հայրենիքի կարոտը հոգում լուռ պահած
Հայրենիքի կարոտը հոգում լուռ պահած
Լուսանկարը՝ Սիլվա Առաքելյան-Գասարճյանի ֆոտոարխիվից

Սիրիահայ Սիլվա Առաքելյան-Գասարճյանի հետ ծանոթացել եմ համացանցի միջոցով։ Մեզ միավորել է հայրենիքի, հայոց լեզվի, հայ մշակույթի նկատմամբ ունեցած հոգածությունն ու սերը: Չնայած մեր տարիքային մեծ տարբերությանը` հետաքրքիր զրույցների եւ շփման եզրեր միշտ գտնում ենք: Մինչ սիրիական պատերազմի սկիզբը նա ապրել է Սիրիայի Հալեպ քաղաքում, սակայն  ծնվել է Ռաքքայում՝ Դեր Զոր անապատի մոտ ընկած փոքրիկ հայաբնակ գաղութում։ Եղել է մանկավարժ` տեղի դպրոցում շուրջ տասներկու տարի դասավանդելով հայոց լեզու և արաբերեն:

Ամուսնացել է հալեպաբնակ երիտասարդի հետ, ունի երեք զավակ։ Նրանցից ավագը ապրում և ստեղծագործում է Դամասկոսում` թրքագետ է, լրագրող։ Աղջիկը Լաթաքիայում է ապրում իր ընտանիքի հետ, իսկ ինքը սիրիական պատերազմից հետո տեղափոխվել է կրտսեր որդու մոտ, ով ապրում և աշխատում է ԱՄԷ-ի Տուպայ քաղաքում:

Երբ խոսում է հայրենիքի մասին, հնարավոր չէ չնկատել նրա մեծ  խանդավառությունն  ու սերը հայրենիքի հանդեպ և այն անժխտելի փաստը, որ չի կարողանում և չի ուզում զատել Սիրիան Հայաստանից.

«1915թ. եղեռնական դէպքերէն մազապուրծ գաղթական հայերուն մեծամասնութիւնը, հաստատուեցան Հալէպ: Արաբ ասպնջական ժողովուրդը գրկաբաց ընդունեց և իր հացը կիսեց տարագիր հայուն հետ: Այդ հիւրընկալութեան հատուցումը եղաւ հայուն հաւատարմութիւնը, աշխատանքը և անխտրականութիւնը: Հալէպը եղաւ մի քանի սերունդներու ծննդավայր: Թէեւ Հալէպ հայուն հայրենիքը չէ, բայց ընդգրկեց հայերը եւ տուաւ ամէն հնարաւորութիւն, որպէսզի վերապրին եւ շարունակէն իրենց բնականոն կեանքը: Հայը ձեռնամուխ եղաւ ամէն տեսակ աշխատանքի և շարունակեց գոյատեւել մինչև օրս: Հայաստան՝ մեր նախահայրերէն ժառանգած մեր Սուրբ Հայրենիքն է: Բայց խոստովանինք, որ ծննդավայր Հալէպը դարձաւ մեր երկրորդ հայրենիքը: Հալէպ ծննդավայրին մէջ են մեր երազները, մեր յիշատակները, մեր յոյսերը, որոնք մոռնալը այնքան ալ հեշտ չէ: Աշխարհի վրայ չկայ հայ մը, որ չսիրէ հայրենիքը՝ Հայաստանը»:

Առաջին անգամ Հայաստան է եկել 1977 թ. սփյուռքահայության հետ ուսուցիչների համար նախատեսված Մշակութային կապի կոմիտեի կազմակերպած դասընթացներին:

«Շատ հաճելի էր աշխարհի չորս անկիւններեն հաւաքուած մտաւորական այդ խումբին մաս կազմելը, օգտուիլ իւրաքանչիւրին գիտելիքներէն, հետեւիլ օգտաւէտ դասախոսութիւններու: Կը կարծեմ, թե կեանքիս յիշարժան եւ անմոռանալի դրուագներէն մէկն է այս: Իսկական աղբյուր մըն է Հայաստանը  մեզի՝ սփյուռքահայերուս համար: Մինչև Հայաստան գալս որոշած էի քանի մը տարիեն լքել մանկավարժական  ասպարեզը, բայց այդ ժամանակ այնքան  հարստացած էի հայրենիքով, այնքան ոգևորված  սփյուռքահայ  ուսուցիչներուս հանդեպ  հայրենիքին մեջ ցույց տրված  հոգատարութենեն, որ ընդհակառակը, որոշեցի` ավելի  նվիրումով պիտի փարիմ գործիս և Ռաքքայի հայ մանուկներուն հայացքը պիտի ուղղեմ հայրենիք»,- հավելում է տիկին Սիլվան:

Հայաստանում եղել է նաև 2006 թ.: Իսկ  2015 թ. ապրիլի 24–ին, գալով Հայաստան, բարձրացել է Ծիծեռնակաբերդ՝ խոնարհվելու Հայոց Ցեղասպանության  զոհերի անմար հիշատակի առջև: Ինքը ևս Մեծ Եղեռնը վերապրածների ժառանգ է: Միշտ  խորը կսկիծով է  խոսում  հոր` ականատեսի աչքերով ապրված ու բնութագրված հիշողությունների մասին, երբ  Օսմանյան կայսրության կողմից բռնազավթվում և տարագրվում էին մեծաթիվ հայեր` ենթարկվելով տաժանակիր հալածանքների, սպանդի ու սահմռկեցուցիչ վայրագությունների:

«Հայրս՝ Նուրի Առաքելեան, գերդաստանին միակ ժառանգորդը, մազապուրծ՝ Մեծ Եղեռնի արհաւիրքներէն, ութը տարեկան մանուկ հասակին, ապրած է գաղթի եւ սպանդի զարհուրելի օրերը, որ մինչև մահը թարմ մնացին յիշողութեան մեջ»,- պատմում է տիկին Սիլվան:

Նրա հոր հիշողությունները կապված են  Կիլիկիայի Ուրֆա գավառի Կարմուճ գյուղի հետ, որի բռնագաղթը սկսվել է 1915 թ. աշնանը: Ամեն բան անվերադարձ  թողնելով թուրքերին` հայը բռնել է  գաղթի ճամփան` առանց տեղյակ լինելու, թե ուր է գնում:

275 Մերօրյա ժամանակներում էլ` 2011 թ. մարտին, Սիրիայի հարավում գտնվող Տարաա քաղաքից սկիզբ առավ պատերազմը: Հալեպի բնակչությունը, սկզբում լուրջ չվերաբերվելով այդ ամենին, մտածեց, որ Հալեպը անառիկ է իր բերդի պես, սակայն  2012 թ. ահաբեկիչ զինյալները սկսեցին շրջան առ շրջան գրավել և հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը: Այդ ժամանակ է, որ տիկին Սիլվան լքեց Հալեպը: 2012 թ. հուլիսին հանգուցյալ ամուսնու քառասունքին Հալեպի Սբ. Գևորգ եկեղեցու մեջ հոգեհանգստի կարգ կատարվեց, և այդ նույն օրը զինյալ ահաբեկիչները հարձակում գործեցին եկեղեցու մոտ գտնվող ոստիկանատան վրա: Այդ օրվանից եկեղեցու դռները փակվեցին և այն ևս հրո ճարակ դարձավ զինյալների կողմից:

Հայաստանի և Սիրիայի  կարոտը սրտում լուռ պահած` նա այսպես է ավարտում իր խոսքը.

«Հակառակ Սուրիոյ տիրող արհաւիրքին եւ Հալէպ գաղութի կեանքի դժուար պայմաններում, ինչպէս միշտ, դարձեալ հայն է, հաւատարիմ մնալով իր ազգային պատկանելութեան եւ գիտակից իր առաքելութեան, տէր կանգնեցաւ գաղութին եւ զաւակներուն: Գալով Հայաստան բնակելու` շատ կը փափաքիմ, բայց առողջութիւնս չի ներեր: Տարին մէկ կ'այցելեմ զաւակներս` Դամասկոս  եւ Լաթաքիա: Բայց առանձին ապրիլ, ինծի համար դժուար է այլեւս»: 

Հեղինակ՝ Նարինե Նահապետյան

Աղբյուր՝ Jnews.am

Սույն հոդվածը պատրաստվել է Հայկական Կարմիր խաչի «Երիտասարդների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված մեդիա ուսուցում-վարժանքների ընթացքում:

Send by email
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture.
Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.