Մշակույթ
July 6, 2016
Փոփոխությունների թատրոն. «Հողի մեջ կարևոր սերմը ցանողն ենք...»
Փոփոխությունների թատրոն. «Հողի մեջ կարևոր սերմը ցանողն ենք...»
Փոփոխությունների թատրոնի դերասան Վահագն Գասպարյանը

«Փոփոխությունների թատրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Հայկ Սեկոյանը ասում է, որ այս յուրօրինակ թատրոնը ստեղծվել է պատահականության և զուգադիպության արդյունքում: Իսկ առիթ հանդիսացավ 2006 թ-ին Բրիտանական խորհրդի կողմից Հայաստանում իրականացվող ֆորում-թատրոնի ծրագիրը, որը մեկտեղել էր երիտասարդ դերասանների, և, կարծես, մնում էր գտնել համապատասխան սցենարիստ: Երեք թեկնածուներից ընտրությունը կանգնեց Հայկի թեկնածության վրա, ով արդեն հասցրել էր սցենարիստի փորձ կուտակել: Թիմն ամբողջացնելով՝ երիտասարդ ստեղծագործողները շտապեցին բեմադրել իրենց առաջին ներկայացումը, որը դարձավ «Մերօրյա մեծապատիվ մուրացկանները»:

Այսպես էլ ստեղծվեց Հայաստանում առաջին «Փոփոխությունների թատրոնը»: Մինչդեռ այսպիսի փորձարարական թատերական նախաձեռնություններ հայտնի են տարբեր երկրներում: Նմանատիպ ստեղծագործական խմբերն իրենց ներկայացումներում ունենում են հստակ ուղերձներ` հանուն հասարակական փոփոխությունների: Մեզ հետ զրույցում 30-ամյա Հայկ Սեկոյանը պատմում է հայկական «Փոփոխությունների թատրոնի» առանձնահատկությունների և ստեղծագործական խմբի հաջողությունների մասին:

-   Իբրև գեղարվեստական ղեկավար` ինչպիսի՞ դժվարություններ կամ խոչընդոտներ կան աշխատանքի ընթացքում:

-   Գրեթե չկան այնպիսի գործեր, որ խոչընդոտներ չունենան: Բայց եթե քո գործը հաճույքով ես կատարում, այդ խոչընդոտները հաղթահարելու գործընթացը վերածվում է հաճույքի մի մասի: Փառք Աստծո, մեր փոքրիկ Հայաստանում այնքան շատ են տաղանդավոր մարդիկ, որ դերասանի ընտրության խնդիր չի առաջանում: Իսկ լուրջ խոչընդո՞տ…Լավ հարց է, որովհետև որպես լուրջ խոչընդոտ` կարող է պատահել այն, որ հնարավոր է` թատրոնի գործունեությունը մի պահ դադարի: Նման երևույթը առաջադրում է մի շարք հարցականներ. կլինի՞ նոր ներկայացում, ե՞րբ կլինի, ինչպիսի՞ ձև կունենա և այլն: Չնայած` այն ավելի շատ մտածմունքի առարկա է, քան խոչընդոտ: Եվ ավելի շուտ ոչ թե խոչընդոտ, այլ` հնարավորությունների քչություն:

-   Հա´յկ, ինչու՞ ես նախընտրում չափերով փոքր բեմերն ու կոմպակտ դահլիճները:

-   Դա հենց թատրոնի ինտերակտիվության (փոխներգործության) սկզբունքներից մեկն է, որի շնորհիվ բեմի և հանդիսատեսի միաձուլումն ավելի հեշտ է ստացվում: Նույնը պատկերացնել մեծ դահլիճներում դժվար է:Բացի փոքր դահլիճներից՝ շատ հետաքրքիր են նաև անսպասելի տեղերը` փակ կամ բացօթյա վայրեր, որտեղ աշխատող և ապրող մարդիկ չեն էլ մտածել, որ իրենց այդ հասարակ անկյունում կարող է տեղի ունենալ ինչ-որ հետաքրքիր իրադարձություն: Նման մոտեցումն իր հետ բերում է անմիջականություն, ինչը շատ կարևոր է մեզ համար:

Բնականաբար փոքր դահլիճներում էլ է հանդիսատեսը սկզբնական պահին քիչ թե շատ լարված սպասում, թե ինչ է տեղի ունենալու, բայց գալիս է մի պահ, և այդ հոգեվիճակն անմիջապես փոխվում է` ստեղծելով անմիջական մթնոլորտ: Մարդիկ սկսում են բարձրաձայնել իրենց տեսակետը, ազատ բանավիճել, մոռանալ իրենց բարդույթների մասին: Այսինքն` դա միջավայրի խնդիր է: Ուստի լավ, ինտերակտիվ շփման հիմքն անկաշկանդ մթնոլորտն է:

-   Ովքե՞ր են թատրոնի գործընկերները:

209

-   Իրականում գործընկերների ցանկը բավական մեծ է` սկսած անհատ բարեկամներից և ընկերներից, վերջացրած տեղական և միջազգային կազմակերպություններով, որոնք առողջապահական, մշակութային և այլ բնույթի բազմաթիվ ծրագրեր են այստեղ իրականացնում: Հետևաբար մենք մեծ ուշադրություն ենք հատկացնում նրանց հետ համատեղ ծրագրեր կազմակերպելուն: Մի կողմից դրանց մատուցման ձևն է կարևոր, իսկ մյուս կողմից ոչ պակաս, հաճախ նաև շատ ավելի կարևոր է բուն թեմայի ընտրությունը: Այդ իմաստով հարկավոր է ընտրել այնպիսի թեմա, որի մասին իսկապես անհրաժեշտ է խոսել, և որը թեկուզ փոքրիկ, բայց դրական փոփոխություն կբերի:Հատուկ նախապատվություն չկա, թե ինչպիսին պետք է լինի մեր գործընկերը, որովհետև առավել կարևոր է այն խնդիրը, որը մենք արծարծում ենք:

-   Օրինակ` «Ինչու՞ է բողոքում արագիլը…» արդեն ավարտված ներկայացումն իր ասելիքը փոխանցե՞ց հանդիսատեսին:

-   Հույս ունեմ, որ այն դեռ ավարտված չէ (ծիծաղում է- հեղ.): Միանշանակ փոխանցեց, որովհետև չփոխանցել չէր կարող: Հատկապես եթե հաշվի առնենք, որ  ներկայացման վերջում բժշկուհին տալիս էր կարճ, բայց շատ կարևոր խորհուրդներ: Թեև ներկայացումն ինքնին շատ հասկանալի կերպով փոխանցում էր տվյալ թեման: Երբեմն հանդիսատեսը ներկայացումը տեղափոխում էր զվարճանքի դաշտ, բայց վստահ եմ` ով ներկա է եղել, ընկալել է ներկայացման բուն ասելիքը:

Այլ հարց է, թե որքան է եղել ներկայացման ասելիքի ազդեցությունը: Մեկի դեպքում այն կարող է ուժեղ լինել, իսկ մյուսը` դուրս գա և պարզապես մոռանա` չնայած շատ դժվար է մոռանալ Արագիլի վառ կերպարը (կրկին ծիծաղում է- հեղ.): Ամեն դեպքում, եթե նույն ներկայացումը լիներ որպես սոսկ դասախոսություն, կլոր կամ քառակուսի սեղանի շուրջ քննարկում, անշուշտ, նույնչափ ազդեցություն չէր թողնի: Ինչ խոսք, կուզեի մարդկանց տպավորության սանդղակը ինչ-որ հրաշքով չափել կարողանալ: Սակայն եթե հանդիսատեսն այդ պահին իսկապես ոգևորված է, ուրեմն ամեն ինչ արդյունավետ է անցել: Եվ եթե յուրաքանչյուր հանդիսականի նայենք` իբրև հողի, ապա մենք այդ հողի մեջ կարևոր սերմը ցանողն ենք: Թե արդյոք այդ սերմը ծիլ կտա, կախված է հենց այդ հանդիսականից:

-   Ո՞րն է եղել «Փոփոխությունների թատրոնի» պատմության ընթացքում ամենածիծաղաշարժ դրվագը կամ ակնթարթը:

-   Հմմ… Ամենադժվար հարցն է: Իրոք դժվարանում եմ ինչ-որ դեպք առանձնացնել բազմության միջից, բայց ինչպես էլ լինի, կապված կլինի Վահագի` Արագիլի դերակատարի հետ (ծիծաղում է- հեղ.): Ասենք երբ խմբի ներսում նա հումոր է անում, իսկ հետո նույնը բեմում` հանդիսատեսի առջև: Պարզ է, որ հանդիսատեսը դա չի հասկանում այնպես, ինչպես որ մենք, բայց միևնույն է զգում է, որ դրա տակ ինչ-որ հետաքրքիր պատմություն կա թաքնված:

-   Եկող տարի «Փոփոխությունների թատրոնը» դառնում է տասը տարեկան. ու՞ր է նա գնում:

-   Թատրոնը գնում է դեպի այն տեսլական, երբ մեր երկրում փոքրից մեծ բոլորը կօգտվեն նրա ընձեռած դրական հնարավորություններից` դառնալով նրա, այսպես ասած, շահառուն: Հետաքրքիր է, որ մեզանից առաջ ոչ մի կազմակերպություն նման գործունեությամբ այսպես համակարգված չի զբաղվել, չնայած որ ինտերակտիվ թատրոններ եղել են նախկինում և կան այսօր նույնպես: Այնպիսի տպավորություն է, որ մեր առջև մշտապես մութ անտառ է, ուստի մեր դրած ամեն մի քայլը նոր բացահայտում է:

Այսքան տարիների ընթացքում մեր նվաճումները բազմաթիվ են եղել` ի տարբերություն ոչ շատ մեծ, բայց հիանալի, գործի նվիրյալ անհատներից բաղկացած աշխատանքային թիմի, որը թատրոնի ամենամեծ նվաճումն է: Կցանկանամ, որ մի օր թատրոնի վարչական հնարավորությունները փոքր-ինչ ընդլայնվեն: Ահա այսպիսի փոքր (ցուցադրում է սենյակը- հեղ.), երեքը հինգի վրա չափսերով սենյակում, որն իբրև թատրոնի գրասենյակ է ծառայում, մեծ ծավալի աշխատանք է կատարվել: «Փոփոխությունների թատրոնը» այսօր իր տեսակի մեջ Հայաստանում դարձել է առաջատար բառի երկու իմաստներով` թե´ որպես լիդեր, թե´ նաև առաջ տանող: Անկախ նրանից, թե ուր է գնում թատրոնը, պետք է անընդհատ թարմացնել նրա տեսլականը: Անհնար է ներկա աշխարհում մնալ քարացած: Նույնիսկ այժմ, երբ տալիս ես այս հարցը, հասկանում եմ, որ այն կարիք ունի վերանայման:

Հարցազրույցը՝ Վահե Սալահեանի

Աղբյուր` JNews.am

Սույն հոդվածը պատրաստվել է Հայկական Կարմիր խաչի «Երիտասարդների կայուն զարգացում»ծրագրի շրջանակներում կազմակերպված մեդիա ուսուցում-վարժանքների ընթացքում:

 

 

Send by email
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture.
Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.