The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
Հունիս 29, 2016
Գոյության մշակույթ
Վահէ Սուլահեան
Լուսանկարում՝ Վահէ Սուլահեանը

Սիրիայի հայ համայնքը հայկական սփյուռքի մայր գաղութն է: Հալեպում, Դամասկոսում, Հոմսում եւ այլուր հայերն ուսանում, աշխատում ու ստեղծագործում էին լիարժեք, ապրում համերաշխ կյանքով` արաբների, քրդերի եւ այլոց կողքին: Սակայն 2011 թ. մարտ ամիսը գարնանային ծաղկունքի փոխարեն արկ ու փամփուշտ իր հետ բերեց:

Բազմաթիվ հայեր սկսեցին վերադառնալ մայր հայրենիք. ասես Սիրիան ժամանակավոր հանրակացարան լիներ: Մենք ընտանիքով եկանք Երեւան, քանի դեռ պատերազմը չէր սկսվել, հետեւաբար փոքր-ինչ հպարտանում եմ, որ իմ ծննդավայր Հալեպը հիշողությանս մեջ դաջվել է որպես մի բարգավաճ երկրի բարեշինվող քաղաք` թաթախված գործնական փոշու մեջ, զարդարված արմավենիների ստվերներով եւ գույնզգույն լույսերով, շրջապատված պատմամշակութային եզակի արժեքներով, հագուստեղենի եւ սննդամթերքի խանութ-սրահներով հագեցած:

Սիրիայից վերադարձած հայերի ձեռքերով Երեւանը տեսանելիորեն փոփոխվեց` ընդունելով մշակութային նոր լիցք: Նրանց նորաբաց եւ տարատեսակ խանութ-կրպակները կարելի է գտնել երեւանյան խառը անկյուններում: Վերջերս նրանց մի մասը մասնակցում էր Մերգելյանի անվան ինստիտուտում կազմակերպված աշխատանքային ցուցահանդեսին, որտեղ բացի անհատ ձեռներեցներից ներկա էին նաեւ գործարար ընտանիքներ, որոնք ինձ օգնեցին վերապրել ողջ Սիրիան:

Ընտանիքների մայրերը ներկայացնելու էին բերել իրենց կողմից պատրաստված անուշեղեն եւ ճաշուտեստներ, որոնք մշտապես առկա են եղել սիրիական սննդակարգում: Մեր տանը նույնպես շարունակում ենք պղնձե հատուկ կուժամանի մեջ եփել ֆուլ (բակլայով ապուր), տապակել ֆալաֆել (աղացած սիսեռ` թահինով), փաթաթել չավուրմայի բրդուճներ (դասականը` կամ հավի տապակած կրծքամիս, կամ տավարի տապակած միս), պատրաստել համմոս (հարած սիսեռ) եւ մութապպալ (հարած բադրիջան): Որոշ ժամանակ առաջ հայրս վարձեց մի խանութ, որտեղ էլ սկսեց զբաղվել վերը նշված արաբական ուտեստների վաճառքով:

Որքան մեծ եղավ զարմանքս, երբ ցուցահանդեսի տաղավարներից մեկում նկատեցի Հալեպից իմ վաղեմի ծանոթին` Սերոյին, ում հետ 2009 թ. Քեսաբ ճամբարի էի մեկնել: Ի տարբերություն իմ մտավախությանը` Սերոն ինձ հիշեց և պատմեց, որ հայրենիք են վերադարձել 2011 թ.: Սերոն Երեւանի Պետական Բժշկական Համալսարանի երկրորդ կուրսի ուսանող է: Նա գործնական մարդու ավյունով եւ հաճախորդների քանակից շլացած աչքերով շարունակեց պատմել, որ ազատ ժամանակ օգնում է հայրիկին նրա գործերում: Պարզվեց, որ մենք Երեւանում հարեւաններ ենք:

Հայաստանում տարիներ շարունակ գործող «Հալեպ» խանութն այսօր դարձել է Սերոյի եւ նրա ընտանիքի պես մյուս ընտանիքների բիզնեսի ներկայանալի հանգրվան: Ուշադրությունիցս չէր վրիպել այն վերտառությունը, որ բոլոր ձեռնարկատերերը փակցրել էին իրենց տաղավարների գլխավերեւում` չնայած տվյալ ապրանքի հումքի եւ էության օտարազգիությանը. «Ո´չ թուրքական ապրանքին»:

Սիրիայից վերադարձած ընդամենը մի քանի հազար հայեր ոչ միայն սկսել են սիրով վերընձյուղվել մայր հայրենիքին, այլեւ ուշագրավ կամուրջ են դարձել արաբական-արեւելյան եւ տեղական-հայկական մշակույթների միջեւ: Վերստին պիտի արտահայտվեմ հպարտությամբ, որ այդ կամրջի մի հիմնաքար էլ դարձել ենք ես եւ իմ ընտանիքը: 

Հեղինակ` Վահէ Սուլահեան 

Աղբյուրը՝ Jnews.am

Սույն հոդվածը պատրաստվել է Հայկական Կարմիր խաչի «Երիտասարդների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված մեդիա ուսուցում-վարժանքների ընթացքում:


 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել