Մշակույթ
Հունիս 30, 2016
Տիկին Յոլանդի անուշեղենի շնորհիվ Երևանն ավելի քաղցրացավ
Տիկին Յոլանդի անուշեղենի շնորհիվ Երևանն ավելի քաղցրացավ

Երբևէ մտածե՞լ եք, որ ձեր խոհարարական հմտությունները, որոնք միշտ օգտագործել եք հարազատներին համեղ ուտեստներ հրամցնելու համար, մի օր կարող է ապրուստի միջոց դառնալ կամ նոր շունչ հաղորդել ձեզ շրջապատող համայնքին:

Սիրիահայ Յոլանդ Ռշտունու մտքով էլ չէր անցել, մինչ այն պահը, երբ Հայաստան տեղափոխվելով հասկացավ, որ այլևս անցյալը անդառնալի է, սակայն անցյալում իր կուտակած փորձը չափազանց արժեքավոր: Տիկին Յոլանդը իր ամուսնու և երկու երեխաների հետ Հալեպից տեղափոխվել է Երևան: Նրա մեծ աղջիկը մնացել է Լաթաքիայում՝ ուսումը շարունակելու: Կրթսեր աղջիկը աշխատում է Երևանում, իսկ տղան հաջողությամբ ավարտում է Երևանի պետական համալսարանը:

Ի սկզբանե տիկին Յոլանդի ընտանիքը նախատեսել էր Հայաստան գալ ընդամենը երկու ամսով. ոչ հագուստ էին բերել, ոչ էլ այլ կարևոր պարագաներ: Այսօր արդեն 3,5 տարի է Ռշտունիների ընտանիքը բնակվում է Հայաստանում: Հալեպում ապրելու տարիներին տիկին Յոլանդը, ինչպես գրեթե բոլոր հայ կանայք, չէր աշխատում, զբաղվում էր տնային տնտեսությամբ, իսկ ամուսինը անվադողերի մասնագետ էր, ունեին սեփական խանութ:

«Երբ եկանք Հայաստան, ամուսինս կրկին փորձ ըրաւ նոյն գործը սկսիլ, բայց քանի, որ կար գումարի խնդիր, չհաջողուեցաւ», - ասում է տիկին Յոլանդը:

Ռշտունիները որոշեցին այս անգամ սկսել ընտանեկան բիզնես: Սկսեցին ուսումնասիրել շուկան և հասկացան, որ քաղցրավենիքի շուկայում առաջարկվող տեսականին միանման է: Երկար մտածելու հարկ չկար: Նրանք գիտեին ինչ առաջարկել շուկային: Արդեն երկու տարի է, ինչ տեր և տիկին Ռշտունիները վաճառում են իրենց պատրաստած անուշեղենն ու սիրիական ուտեստները:  

«Մենք երկար ճամփայ անցանք մինչ այս պահը: Շատ հիասթափութիւններ ունեցանք բայց մենք միշտ ճամփաներ կը փնտրենք», ասում է տիկին Յոլանդը:

Իրենց ձեռներեցության գործին նրանց օգնության եկավ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ տրամադրելով  քաղցրավենիք պատրաստելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները: «Եթէ կարմիր խաչը չ‘ըլլար ես հիմայ հոս հասած չէի ըլլար»,- նշում է տիկին Յոլանդը:  

Բայց այս գործում էլ հադիպեցին դժվարությունների: Առաջին ցուցահանդեսի ժամանակ, երբ տիկին Յոլանդը ներկայացնում էր իր պատրաստած մարցեպանով գունեղ խմորեղենները, գույների առատությունը և պայծառությունը վախեցրեցին մարդկանց, նրանք մտածում էին քիմիական նյութեր են օգտագործված, սակայն տիկին Յոլանդի պատրաստման եղանակի մասին լսելուց և առաջին իսկ համտեսից հետո փոխվեց նրանց կարծիքը: Յոլանդն ու իր ամուսինը արդեն  26-րդ Էքսպոյին են մասնակցել իրենց քաղցրավենիքներով, որտեղ ներկայացվում են տիկին Յոլանդի աշխատանքները:

Տիկին Յոլանդն ասում է, որ մտադրություն չունեն լքել Հայաստանը: «Շատ հանգիստ կ‘զգանք մեզի հոս, երախաներն ալ շատ սիրեցին»:

Նրանց երազանք է, որ Սիրիայում խաղաղություն լինի, կարողանան վերադառնալ և վաճառեն իրենց տունը, որպեսզի տուն գնեն Հայաստանում, ինչն իրենց համար ներկայիս ամենամեծ խնդիրն է:

Ինչպես տիկին Յոլանդը, այնպես էլ շատ-շատ ուրիշ սիրիահայեր մի նոր խոսք, մի նոր գույն են մեր երկրի համար: Եկեք նկատենք նրանց և ձեռք մեկնենք, օգնենք նրանց զարգանալ և զարգացնել մեր հայրենական արտադրանքը:

Հեղինակ` Անի Միրաքյան

Աղբյուրը՝ Jnews.am

Սույն հոդվածը պատրաստվել է Հայկական Կարմիր խաչի «Երիտասարդների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված մեդիա ուսուցում-վարժանքների ընթացքում:

 

Send by email
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture.
Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.