The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
Հունիս 24, 2013
«Սուր անկյուն» vs. «Հորիզոն». Կատաղի մրցամարտ կիրակնօրյա եթերում
Մարիա Գևորգյան
Ուսանողի հայացք
«Սուր անկյուն» vs. «Հորիզոն». Կատաղի մրցամարտ կիրակնօրյա եթերում
Լուսանկարի աղբյուր` Armeniatv.am

Լրատվական կատաղի մրցամարտը հայկական երկու մասնավոր հեռուստաընկերությունների միջև սկսվում է ամեն կիրակի` 22:00-ին, «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» և «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդումների մեկնարկով, որոնք մոտ մեկ ժամ հեռուստադիտողին գերլարված վիճակում պահում են հեռուստաէկրանների արջև:

Վերջիններիս աչքերի առաջ հեռուստաէկրանը դառնում է մայրուղի, հեռակառավարման վահանակը` «փոխադրման միջոց», իսկ հեռուստաալիքներն ու թողարկումները`՝ մրցուղիներ: Թվում է, թե որքա՛ն սկանդալային տեսանյութեր, այնքա՛ն անցած վեց օրերն ու կիրակին հաջողված են եղել:

Շատերի մոտ ձևավորվել է, թյուր կարծիք, թե «Սուր անկյուն» հաղորդաշարը «Արմենիա» հեռուստաընկերության շաբաթվա լրատվական ամփոփիչ թողարկումն է: Բայց դա այդպես չէ: «Սուր անկյուն» հաղորդաշարը տարբեր իրադարձությունները ներկայացնում է սուր անկյան տակ. ասել է, թե անդրադառնում է մեր երկրին սպառնացող բոլոր այն խնդիրներին, որոնց վրա թե՛ կառավարությունը, թե՛ մնացած լրատվամիջոցները պարզապես «աչք են փակում»:

Դա արվում է միայն այս հաղորդմանը բնորոշ ծայրահեղ դրամատիզմով, սարսափազդու երաժշտական ֆոնով և հաղորդավարի հեգնական ու «դուխով» մեկնաբանությամբ:

Այլևս անժխտելի է, որ հայ հեռուստադիտողին դուր է գալիս դրամատիզմը, նախարարներին իշխանիկներ անվանող հեռուստամեկնաբանն ու հաղորդաշարի քրեական քրոնիկոն ներկայացնող կռվարար, «սափրագլուխների» հայհոյանքներին հակադարձող Գագիկ Շամշյանը, ով շատերի համար վերջերս դարձել է լրագրության գուրուն:

Ուսումնասիրելով հունիսի 9-ի «Հորիզոնի» կիրակնօրյա թողարկումը և «Սուր անկյուն» հաղորդումը` արձանագրեցի, որ վերջինս բովանդակությամբ թերևս չի առանձնանում հեռուստաընկերության մնացած լրատվական թողարկումներից: Այն ընդամենը նյութերը ներկայացնում է հաղորդմանը հատուկ ոճով, պաթետիկ վերնագրերով և հետաքննական ռեպորտաժի որոշ էլեմենտներ կիրառելով:

Հաղորդումը սկսում է հաղորդավարի՝ լարվածություն առաջացնող ողջույնի խոսքով, և նրա «սրագույն» մեկնաբանությունից հետո եթեր է մտնում առաջին՝ «Այգուց աղբավայր մեկ քայլ» տեսանյութը: Այն պատմում է Երևան-Աշտարակ մայրուղու պտղատու այգիները քաղաքի աղբատեղի դարձնելու մասին՝ կրկին համեմված բոթաբեր երաժշտությամբ և չհիմնավորված լարվածությամբ:

Հետևում է «Կեղծիքն անտեսվում է» վերնագրով սեզոնային թունավորումներ առաջացնող սննդամթերքների մասին տեսանյութը, ապա` «Վառելիք, ոչ թե խմելիք» տեսանյութը, որտեղ խոսվում է, թե ինչպես է Եղվարդում խմելու ջրին խառնվել ոմն ֆերմերի գոմերի թրիքաջուրը:

Հաջորդում է Սևանում ամուսնական զույգի տուրուդմփոցների, ամուսնու խանդի, երեք երեխաներին սպասվող ապագայի մասին «Խեղված ճակատագրեր» վերնագրով տեսանյութը:

Վերջապես հատուկ ռեպորտաժ Գորիսի աղմկահարույց դեպքերի մասին: «Պատժել անպատժելին» տեսանյութը սկսելուց առաջ մեկնաբանը իրեն հատուկ «սրությամբ» խոսում է իշխանիկների անպատժելիության, լկտիության, «Լիսկայի» աշխատելաոճի մասին: Տեսանյութում զուգահեռներ են տարվում Սյունիքի և Գյումրու սպանությունների միջև:

Վերջում պահված է հեռուստադիտողի սիրված համեղ պատառիկը՝ Շամշյանի ներկայացրած քրեական քրոնիկոնը: Վերջինս շամշյանական ոճով ներկայացնում է Գորիսի դեպքերը, ճանապարհատրանսպորտային վթարները և Զվարթնոց օդանավակայանի VIP սրահի տանիքի փլուզումը:

Այսքան «բարի» տեսանյութերից հետո մեկնաբանը հեռուստադիտողներին մաղթում է սեր և հոգու ջերմություն: Մի տեսակ պարադոքսալ է ստացվում ամեն ինչ:

«Հորիզոնի» կիրակնօրյա թողակումը երկարատև՝ շուրջ 7 րոպեանոց անոնսից հետո սկսում է ոչ պակաս դրամատիզմով և տևում մոտ 70 րոպե:

«Հորիզոնի» կիրակնօրյա թողակումը նվիրված է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձություններին: Հունիսի 9-ի ուսումնասիրված թողարկումը սկսում է հարևան Թուրքիայում բարձրացված բողոքի ալիքի մասին պատմող ռեպորտաժով` անդրադառնալով դրա տարածաշրջանային նշանակությանը:

Երկրորդ տեսանյութը Երևանի քաղաքապետարանի՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման մասին մրցույթ հայտարարելու մասին է: Թեման արժանի էր ուշադրության, քանի որ այդ լուրը երևանցիների մոտ առաջացրել էր զայրույթ:

Երրորդ տեսանյութը սկզբում անհասկանալի էր, քանի որ «Հորիզոնն» իր նախորդ կիրակնօրյա թողարկման ընթացքում անդրադարձել էր Սևանի սիգ ձկնատեսակի ապօրինի որսին: Պարզվեց, որ այս անգամ ներկայացվում է «Հորիզոն»-ի հետաքննական տեսանյութից հետո ՀՀ կառավարությունն այս հարցը բարձրացրել է ԱԺ-ում, բայց ռեպորտաժը այնպիսի զարգացում ունեցավ, որ տպավորություն ստեղծվեց, որ նախորդ շաբաթվա նյութում ներկայացված խնդիրները այդքան էլ չէին համապատասխանում իրականությանը:

Հետո հաջորդում է մեծ տեսանյութ օձերի մասին, որոնք ներխուժել էին մանկապարտեզ և բնակարաններ:

Դատական խճանկարով ներկայացվում են անցած շաբաթվա դատավարությունները:

Վերջապես հետևում է տեսանյութ անցած շաբաթվա Գորիսի աղմկահարույց սպանության մասին: Տեսանյութը ոչ այլ ինչ էր, քան ողբերգության մանրամասն տարեգրություն:

Վահանակը լեզու ունենար, կբողոքեր: Մե՛կ «Հորիզոն», մե՛կ «Սուր անկյուն», այսպես գրեթե մեկ ժամ: Մրցամարտն ավարտված է: Հաղորդումներն ավարտվում են նույն` դժբախտ պատահարների մասին պատմող նյութերով, որոնց հետևում են մեկնաբանների բարեմաղթանքները:

Եվ ինչ է մնում հեռուստադիտողին. աղոթել և շնորհակալություն հայտնել Աստծուց, որ անցնող շաբաթ նա չդարձավ այս հաղորդումների գլխավոր հերոսներից մեկը և մեկնաբանների բարեմաղթանքները մտքում պահելով` երջանիկ քուն մտնել:

Մարիա Գևորգյանը ԵՊԼՀ-ի միջազգայիան լրագրության մագիստրատուրայի ուսանող է: Այս նյութը նա գրել է «Լրատվական հոսքերի ստեղծման տեխնոլոգիաներ» առարկայի շրջանակներում:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել