The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
Մայիս 29, 2017
«Հալեպ պզտիկ ատենեն մեզի հայկականը կը ներարկեին». Ժամգոչյանների ընտանիք
«Հալեպ պզտիկ ատենեն մեզի հայկականը կը ներարկեին».  Ժամգոչյանների ընտանիք

49-ամյա Հովիկ Ժամգոչյանը Հալեպի տասնյակ տարիների ոսկերչության փորձով մշակված ճաշակն այսօր ներկայացնում է Երեւանի Հյուսիսային պողտայի Տաշիր սթրիթում գտնվող Վերնիսաժի խանութներից մեկում:

Ժամգոչյանը կնոջ, որդու եւ դստեր հետ Հալեպից Հայաստան էր եկել 2012թ. շրջագայելու նպատակով: Նրանց վերադարձը կանխեց Սիրիայի պատերազմի մասին լուրը: Ընտանիքը որոշեց չշտապել վերադառնալ Հալեպ՝ հույս ունենալով, որ շուտով ամեն ինչ կվերջանա: Սակայն մեկ տարի անց նկատելով, որ ոչ մի դրական տեղաշարժ չկա՝ Ժամգոչյանը վերադարձավ Հալեպ՝ ոսկերչական բիզնեսը փրկելու:

«Ավերածություններու ականատեսը եղա, չի գտա դրացիներուն եւ ընկերներուն, սակայն Հալէպ մնալ եւ բիզնեսը վերանորոգել որոշեցի»,- ասում է Հովիկը:

Մեկ տարի Հալեպում ապրելուց հետո, հիասթափված ոչ միայն պատերազմի հետեւանքներից, այլ նաեւ իր գործից՝ Հովիկը վերադարձավ Հայաստան՝ վերջնականապես հաստատվելու մտադրությամբ:

Հայաստանում ոսկերչության շուկային անծանոթ լինելով՝ հալեպահայ գործարարը, այնուամենայնիվ, որոշեց փորձել իրեն այս ոլորտում եւ արծաթյա զարդեր ներկրեց` առաջնորդվելով «եթե գործը քու գործը չէ, տունդ կքանդե» սկզբունքով:

Հովիկ Ժամգոչյանը ոսկերչություն սովորել է դեռեւս ութ տարեկանից: Վեցերորդ դասարանում ստիպված թողնելով ուսումը՝ աշխատանքի է անցել քեռու ոսկերչական արհեստանոցում: Իսկ 14 տարեկանում արդեն սեփական բիզնեսն է հիմնել, որն էլ տարիների ընթացքում ընդլայնվել է:  

Այսօր երեւանյան բիզնեսից ստացվող եկամուտն ամբողջությամբ չի բավարարում ընտանիքի բոլոր հոգսերը հոգալու համար, սակայն լավատեսությամբ եւ մեծ հույսերով լի՝ շարունակում է Երեւանը գեղեցկացնել նորաոճ ու նրբաճաշակ զարդերով։

Հայաստանում Ժամգոչյանների ընտանիքն իրեն լավ է զգում, բայց չի թաքցնում, որ կարոտում է ծննդավայրը, ուր թողել է իր անցյալը:

«Սուրիա մայրի մը պես մեզի խնամեցավ, մեծցուց, հիմա, ադ մայրը կորսնցուցած ըլլալով, ստիպված ենք հոս փնտրել խաղաղութիւն: Սուրիա ապրած տարիներուն մեջ երբեւէ չենք զգացած հայրենիքին մեջ չըլլալը»,- նշում է տիկին Թամարը, բայց եւ ավելացնում, - «Հալեպ պզտիկ ատենեն մեզի հայկականը կը ներարկեին: Մանկապարտեզը, երբ պզտիկները մատիտ բռնել կը սորվին, առաջին նկարը Արարատ լեռը կըլլա կոր. ես ալ, իմ պզտիկներս ալ առաջինն ադ երկու լեռները գծած ենք, մեջտեղը՝ արեւ: Պզտիկ հասակեն մեր քովը ան մտածությունը կը մշակեն, թե հայրենիքը, Հայաստանը մեծ բան մըն է մեզի համար, եւ մենք պետք է հպարտ ըլլանք մեր ծագումով»։

Հայաստանում մնալու ցանկությամբ՝ այժմ ընտանիքը սպասում է պատերազմի ավարտին, որպեսզի այնտեղ ունեցվածքը վաճառի եւ կարողանա տուն գնել հայրենիքում:

Հեղինակ՝ Սարգիս Ավետիսյան

Աղբյուր՝ Jnews.am

Սույն հոդվածը պատրաստվել է Հայկական Կարմիր խաչի «Երիտասարդների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված մեդիա ուսուցում-վարժանքների ընթացքում: 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել