The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
Մայիս 23, 2014
Ցանցային իրավապաշտպան. «Անանունության իրավունքը մարդու պարտադիր եւ անօտարելի իրավունքն է»
Սուրեն Դեհերյան
JNews-ի գլխավոր խմբագիր
Ցանցային իրավապաշտպան. «Անանունության իրավունքը մարդու պարտադիր եւ անօտարելի իրավունքն է»

JNews-ը բացառիկ հարցազրույց է վերցրել մոսկվայաբնակ իրավապաշտպան Սարկիս Դարբինյանից, ով ռուսական «Տրունով, Այվար եւ գործընկերներ» փաստաբանական կոլեգիայի փաստաբան է, միևնույն ժամանակ ակտիվ հասարակական գործիչ: Նա ղեկավարում է Ռուսաստանի «Ինտերնետ օգտատերերի ասոցիացիան», որը զբաղվում է կայքերի սեփականատերերի եւ դոմենների ադմինիստրատորների իրավունքների պաշտպանությամբ: Դարբինյանը անդամակցում է  նաև «Ռուսաստանի պիրատական կուսակցությանը», «ՌոսԿոմՍվոբոդա» շարժման իրավապաշտպաններից է և «Ժամանակն է փոխել հեղինակային իրավունքը» նախագծի հեղինակը:

Հարցազրույցում Դարբինյանն անդրադառնում է համացանցում օգտատերերի իրավունքներին և վերջին շրջանում մի շարք երկրների` այդ թվում նաև Ռուսաստանի, համացանցում կիրառվող սահմանափակումների ակտիվացմանը:

- Պրն. Դարբինյան, շնորհակալություն, որ համաձայնեցիք պատասխանել մեր հարցերին: Ի՞նչ եք կարծում, այսօր, երբ համացանցը թափանցել է աշխարհի շատ երկրների գրեթե յուրաքանչյուր տուն, հայտնվել է սմարթֆոնների եւ պլանշետների էկրաններին, կարելի է, արդյոք, ասել, որ համացանցը մեր կյանքի անբաժան մաս է կազմում, որտեղ տեղեկատվական հոսքերի հորձանուտը լիովին արտացոլում է մեր իրականությունը:

Ոչ վաղ անցյալում` նախորդ դարավերջին, Տոկիոյի տեխնոլոգիական ինստիտուտում առաջին անգամ հայտնվեց «տեղեկատվական հասարակություն» եզրույթը, որը կարճ ժամանակում վերածվեց հետինդուստրիալ հասարակության զարգացման նոր կոնցեպցիայի: Համաձայն նշված կոնցեպցիայի` 20-րդ դարի երկրորդ կեսից հետո աշխարհը մուտք է գործել քաղաքակրթության զարգացման նոր պատմական փուլ, որտեղ հիմնական արտադրանք են համարվում տեղեկատվությունը եւ գիտելիքը: Տեղեկատվական հասարակությունը բնութագրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային շուկաների, էլեկտրոնային կոմերցիայի եւ սոցիալական ցանցերի զարգացմամբ:

Այս ամենն անհնար կլիներ, եթե ժամանակին չհորինվեր այնպիսի տեխնոլոգիա, ինպիսին համացանցն է: Եվ եթե նախկինում համացանցը շատ քիչ քանակությամբ մարդկանց էր հասանելի, որոնք վերահսկում էին ցանցը, ապա այսօր արդեն համարձակորեն կարելի է ասել, որ օնլայն լինելը դարձել է մեր օֆլայն կյանքի շարունակությունը: Միայն Ռուսաստանում օրական ավելի քան 50 մլն մարդ համացանց է մտնում ամենատարբեր նպատակներով: Որոշ ժամանակ առաջ ցանցում գոյություն չուներ որեւէ կանոն, որը կապահովեր դրա արագ աճը, այնուամենայնիվ, որքան ընդլայնեց ցանցը, այնքան այն ավելի մեծ ուշադրության արժանացավ հասարակական, պետական եւ բիզնես կառույցների կողմից, որոնք նպատակ ունեին սահմանել որոշակի վարքականոններ այդ գլոբալ թվային տարածքի ներսում:

Սոցիալական ցանցերը կամ համացանցի այլ հարթակներ հնարավորություն են տալիս անանուն հրապարակումներ անել և ժամանակը ցույց է տալիս, որ դա օգտագործվում է նաև ստի, զրպարտանքի կամ վիրավորանքի տարածման համար, ինչպես նաեւ` ֆինանսական խարդախությունների, տեղեկատվական մանիպուլյացիաների համար: Ինչպե՞ս է կարգավորվում նմանատիպ խնդիրները միջազգային պրակտիկայում:

Այսօր որոշ պատգամավորներ եւ պետական գործիչներ հաճախ առաջարկություններ են հնչեցնում մի շարք օրենքների ընդունման անհրաժեշտության մասին, որոնցով կսահմանվի սոցիալական ցանցերի օգտատերերի պարտադիր ստուգում եւ կպարտավորեցնի տեղեկատվություն տարածողներին  երկարաժամկետ պահպանել օգտատերերի ակտիվության մասին տվյալները: Այնուամենայնիվ, նման առաջարկություններով հանդես են գալիս նրանք, ովքեր, ընդհանուր առմամբ, շատ թույլ պատկերացում ունեն, թե ինչ է համացանցը եւ ինչպես է այն առնչվում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին:

Բանն այն է, որ անանունության եւ սեփական տվյալների կոդավորման իրավունքը թվային դարաշրջանում համարվում է մարդու պարտադիր եւ անօտարելի իրավունք, որն ապահովում է համապատասխանություն այնպիսի հիմնարար իրավունքների, ինչպիսիք են գաղտնի նամակագրության եւ մասնավոր կյանքի իրավունքը, իսկ ավատար (անձանշան) ունենալու իրավունքը ցանկացած մարդու թույլ է տալիս ցանցում իր համար ընտրել կերպար եւ անուն` անկախ սոցիալական կարգավիճակից, սեփականությունից եւ այլ գործոններից: Դա ինքնաարտահայտման հնարավորություն է տալիս եւ պարզ մարդկային գիտակցության գոյության վառ օրինակ է, որը կապ չունի նյութական աշխարհի հետ: Այդ իսկ պատճառով, բոլոր պետությունները պետք է հետաքրքրված լինեն այս իրավունքների պաշտպանմամբ, այլ ոչ թե փորձեն խաթարել դրանք` ապօրինի տեղեկատվության դեմ պայքարի պատրվակով:

Բացի այդ, այսօր գոյություն ունեն բազմաթիվ տեխնիկական միջոցներ, որոնք ցանցում ապահովում են անանունություն (VPN, i2p եւ այլն), որոնք միանգամայն անարդյունավետ են դարձնում խիստ սահմանափակման եւ կարգավորման փորձերը:

Օրինակ` Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքում կան մի շարք հոդվածներ, որոնցում համացանցի օգտագործումը համարվում է հանցագործության որակավորման նշան (շուկաների մենաշնորհ, պոռնոգրաֆիայի տարածում, ազարտային խաղերի անօրինական կազմակերպում եւ անցկացում, թմրանյութերի ապօրինի վաճառք եւ այլն), այնուամենայնիվ, չնայած ցանցերի հստակ առանձնահատկության` եւ օնլայն, եւ օֆլայն համակարգերում պետք է կիրառվեն կարգավորման միեւնույն նորմերը: Ինչպես ցույց է տալիս փորձը, իրավապահ մարմինները, իրենց անհրաժեշտ պահին, միանգամայն հաջողությամբ կարող են հետեւել հանցագործներին` օպերատիվ-հետախուզական միջոցառումների օգնությամբ: Դրա օրինակ է թմրանյութերի եւ քիմիկատների վաճառքով զբաղվող խոշորագույն օնլայն շուկայի` «Մետաքսի ճանապարհ»-ի (Silk Road) սեփականատեր Ռոս Ուիլբրիխտի գործը (Росс Ульбрихт), որը գործում էր TOR ցանցի ներսում: Ինչպես նաեւ Վրուբլյովսկու գործը, որին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը մեղադրում էր  «Աերոֆլոտ»-ի ավիատոմսերի վաճառքն իրականացնող «Assist» ծառայության վրա DDOS հարձակման համար:

- Թվում է` յուրաքանչյուր երկիր փորձում է սեփական ճանապարհով կարգավորել քաղաքացիների կողմից համացանցի օգտագործումը: Արդյունավետ կլինի, արդյոք, պետությունների առանձին օրենդրական կարգավորումները: Թե՞ ցանցում պետք է գործեն միջազգային իրավունքներ եւ դաշնագրեր:

190

- Ցանցի բովանդակության իրավական կարգավորման փորձեր ձեռնարկվել են տարբեր ժամանակներում` տարբեր երկրների կողմից: Առավել վառ օրինակ է համարվում «Չինական մեծ պարիսպը» («Великий китайский файерволл»), որն արգելափակում է «կասկածելի բովանդակությամբ» կայքերի IP հասցեները: Չինաստանի կառավարությունը պրովայդերներին է վստահել դատապարտելի կայքերի ակտիվ արգելափակման պարտավորությունը: Այդպիսով, այսօր երկրի տարածքում արգելափակված են Google, Facebook, Twitter, YouTube, BBC, Wikipedia հարթակները, ինչպես նաեւ կայքեր, որոնք զբաղվում են Թայվանի, Տիբեթի անկախության խնդիրների բարձրացմամբ, եւ այլն: Թայվանում արգելափակված է մուտքն այն կայքեր, որոնք քննադատում են կառավարությանը: Օնլայն ոստիկանությունը վերահսկում է ինտերնետ-սրճարանները, որոնք հայտնի են կիբերայլախոհներին պատժելու դեպքերով: Ուզբեկստանում բովանդակության զտումը կատարվում է ազգային մակարդակով եւ քաղաքական երանգավորում ունի. անհասանելի են իսլամական արգելված ուղղություններին վերաբերող կայքերը, բացի այդ արգելափակվում են անկախ լրատվամիջոցներ եւ այնպիսի կայքեր, որոնք կառավարության տեսանկյունից վտանգավոր են:

Հարավային Կորեայում արգելված են առնվազը 31 հյուսիսկորեամետ կայքեր, որոնք արգելափակված են IP մակարդակով: Կուբայում մուտքը համացանց առանց հատուկ թույլտվության համարվում է անօրինական, իսկ, օրինակ, Սիրիայում գրաքննության են ենթարկվում արաբական այն լրատվական կայքերը, որոնք կառավարության տեսանկյունից քննադատություն են տարածում` առաջին հերթին քրդական կազմակերպությունների եւ արտասահմանում գործող սիրիական ընդդիմության կայքերը, ամբողջությամբ փակ է իսրայելական «.il» դոմեյնի մուտքը: Նույնիսկ եղել են այնպիսի մարդկանց ձերբակալության դեպքեր, ովքեր փորձել են մուտք գործել արգելված ռեսուրսներ: Սաուդյան Արաբիայում հանրությունն իրավունք ունի հայցով հանդես գալ, թե որ ռեսուրսները ենթարկվեն զտման:

Իսկ արեւմտյան երկրներում` Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ, Բելգիա, Իտալիա, Հունաստան, հեղինակային իրավունքի խախտման համար դատարանի որոշմամբ արգելափակվում են p2p ծառայությունների կայքերը: Այդ իսկ պատճառով, այս կամ այն ռեսուրսի արգելափակման ալգորիթմը ամենուր իրականացվում է տարբեր կերպ, եւ շատ երկրներ մինչ այժմ մշակում են բովանդակության գրաքննության սեփական մոտեցում, սակայն անդրսահմանային բնույթ կրող համացանցում դա իրականացնելն ավելի ու ավելի բարդ է դառնում:

Ի պատասխան որոշ երկրներում քաղաքացիների իրավունքների խախտման` որոշ պետություններ (օրինակ` Ֆինլանդիան), որպես մարդու իրավունքների պաշտպանության առաջընթացի մոտեցում` նույնիսկ սահմանադրական մակարդակով է սահմանել համացանցի լայնաշերտ մուտք: 2011 թ-ին ՄԱԿ-ը հաստատեց, որ համացանց մուտք ունենալը համարվում է մարդու անօտարելի իրավունք, իսկ 2014 թ-ի մարտի վերջին Եվրախորհրդարանն օրենք ընդունեց «ցանցի չեզոքության» մասին: Այսօր միջազգային հանրությունն ակտիվորեն քննարկում է բիզնեսի, հասարակության եւ պետական մարմինների փոխազդեցության մի այնպիսի ձեւ, ինչպիսին է բազմաթիվ շահագրգիռ կողմերի առկայությունը, սակայն մինչ այժմ միասնական մոտեցում մշակված չէ: Վերջին ժամանակներում համացանցի հիմնադիր հայրերից մեկը` սըր Թիմ Բերներս Լին, առաջարկել էր ընդունել Համացանցի սահմանադրություն, որը, մշակման որոշակի աստիճան անցնելով, կարող էր դառնալ հիմնարար միջազգային փաստաթուղթ` առաջարկելով կարգավորման միասնական սկզբունքներ:  Oնլայն աշխարհի համար առաջարկվող Ազատությունների մասին մեծ խարտիան ներառում է այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են ինտերնետի ազատ հասանելիություն, անձնական տվյալների անվտանգության երաշխիքներ, ինքնաարտահայտման ազատություն, ապակենտրոնացում եւ ցանցային չեզոքություն:

- ՌԴ Պետական դումայի օրակարգ է բերվել 21 օրենսդրական նախաձեռնություն: Ինչո՞ւ ենակտիվացել համացանցին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները, եւ ինչպիսի՞ն կլինի արդյունքը, եթե  այդ բոլոր նախաձեռնությունները հավանության արժանանան:


- Ցավոք, դա, իսկապես, այդպես է: Երկու տարվա ընթացքում ընդունվել է դաշնային օրենք №139-ФЗ («закон о черных списках»), №187-ФЗ («антипиратский закон»), №398-ФЗ («закон о политической цензуре»): Այս օրենքներից բացի, Պետական դումայում կան բազմաթիվ այլ օրենսդրական նախաձեռնություններ` նախատեսված ցանցի օգտագործման այս կամ այն սահմանափակման կամ կայքերի արգելափակման համար: Ակնհայտ է, որ պետությունները եւ միջազգային կորպորացիաները իրենց առջեւ տարբեր նպատակներ են դնում, սակայն միասնական են իրենց ձգտման մեջ` վերահսկել քաղաքացիների անձնական հաղորդակցությունը: Ներկայիս պայքարը պեդոֆիլների, ծայրահեղականների, ահաբեկիչների եւ ցանցահենների դեմ ավելի շատ հիշեցնում է պայքար վիրտուալ վհուկների հետ, եւ իրական աշխատանքի փոխարեն, պետական մարմինները նախընտրում են արգելափակել կայքեր` տպավորություն ստեղծելով` իբրեւ պայքարում են կայքերում ապօրինի գործունեության դեմ:

Երբ առաջին անգամ ներդրվեց կայքերի արգելափակման հիմքը (պեդոֆիլիա, ինքնասպանություններ, թմրանյութեր), իհարկե, մտավախություն կար, որ իրավական կարգավորման նոր մեխանիզմների ներդրումը կընդլայնի այդ հիմքերը, որը կհանգեցնի քաղաքացիների` տեղեկատվություն ստանալու եւ տարածելու ազատության իրավունքի անխուսափելի զանգվածային խախտման: Եվ մեր վատագույն ակնկալիքներն արդարացան: Վերջերս ամբողջ երկիրը կարող էր հետեւել, թե ինչպես  Գլխավոր դատախազությունը «Ռոսկոմնադզոր»-ի հետ համատեղ առանց որեւէ օրինական հիմնավորման արգելափակեց Ռուսաստանի խոշորագույն էլեկտրոնային լրատվամիջոցների կայքեր եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների անձնական բլոգներ:

Պետք է խոստովանել, որ գրաքննությունը փաստացիորեն վերադարձել է երկիր` չնայած Ռուսաստանի սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն, այն նախկինի պես արգելված է:

- Ոմանք պնդում են, որ կայքերի արգելափակումը համացանցում անօրինական տեղեկատվության հոսքի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ է, սակայն, կան նաեւ կարծիքներ, որ անհնար է արգելափակման միջոցով վերահսկողություն սահմանել համացանցում տեղեկատվական հոսքերի նկատմամբ: Դուք ի՞նչ կարծիքի եք:

- Կարծում եմ` կայքերի արգելափակման գործունեությունը պոպուլիզմի մի հիանալի գործիք է, սակայն այն շատ քիչ առնչություն ունի իրավունքների պաշտպանության իրական աշխատանքի հետ: Բնականաբար, կայքի հասանելիությունը սահմանափակվում է ինտերնետ պրովայդերների մակարդակով (ISP), սակայն դա բացարձակապես չի նշանակում, որ կայքը դադարում է գոյություն ունենալ: Այն օգտատերերը, ովքեր ցանկանում են հասանելի դարձնել արգելված տեղեկատվությունը, առանց որեւէ խնդրի, «Օպերա» բրաուզերի «Տուրբո» ռեժիմի կամ  հատուկ պլագինների օգնությամբ կարող են ազատորեն մուտք գործել արգելափակված կայքեր: Եվ այսօր նմանատիպ բազմաթիվ մեթոդներ գոյություն ունեն: Հենց նույն բովանդակության արգելափակումը հանգեցնում է այսպես կոչված «Սթրեյզանդ»-ի էֆեկտի, որը միայն մեծացնում է այդպիսի տեղեկատվության պահանջարկը եւ առաջացնում է բազմաթիվ օգտատերերի զայրույթը, որոնք զգում են, թե ինչպես է օրենքն ավելի ու ավելի ոտնահարում իրենց:

- Ռուսաստանի Դաշնությունում կա արգելված կայքերի միասնական ռեեստր: Ո՞ր «մեղքի» համար են հենց այդ կայքերը հայտնվում սեւ ցուցակում: Ինչպիսի՞ դինամիկա է առկա ռեեստրի ցանկում այս տարի` 2012-2013 թթ. համեմատությամբ:

- Նմանատիպ բազաները ստեղծվել են մի շարք դաշնային օրենքներով, որոնք փոփոխություններ մտցրին «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվության պաշտպանության մասին» դաշնային №149-ФЗ օրենքի 15-րդ հոդվածում:

Այսպիսով, Ռուսաստանում այսօրվա դրությամբ կարող են արգելափակվել կայքեր` հետեւյալ բովանդակությամբ`

  • Ինքնասպանություն գործելու մեթոդների կամ ինքնասպանության կոչ անելու մասին,
  • Անչափահասների մասին, ովքեր տուժել են ապօրինի գործողությունների արդյունքում (անգործության),
  • Անչափահասների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նկարներ (ներառյալ ճապոնական խենտայ),
  • Թմրանյութերի խթանման, հոգեմետ նյութերի եւ պրեկուրսորների քարոզչություն, ինչպես նաեւ արտադրման եղանակների եւ դրանք ձեռք բերելու տեղեկություն,
  • Հանրային զանգվածային միջոցառումներին մասնակցելու կոչերով, որոնք կանցկացվեն սահմանված կարգի խախմամբ, ինչպես նաեւ զանգվածային անկարգությունների մղող տեղեկատվություն` իրականացնելու ծայրահեղական կամ ահաբեկչական գործողություններ` տարածելու կրոնական կամ ազգային ատելություն:

Կան նաեւ մի շարք հիմքեր դատական արգելափակման համար, այդ թվում` «Հակացանցահենության մասին» օրենքով տեսալսողական արտադրանքի հետ կապված բացառիկ իրավունքների խախտման առումով (որը ցանկանում են մոտ ժամանակներում տարածել հեղինակային իրավունքի բոլոր տարրերի վրա):

Բացի այդ, ներկայում Պետական դումայում դրված են նաեւ այնպիսի օրինագծեր, որոնք նախատեսված են արգելափակելու այն կայքերը, որոնք տարածում են տեսալսողական հաղորդագրություններ կամ այլ նյութեր` ճանապարհատրանսպորտային պատահարների, վթարների, աղետների, զանգվածային անկարգությունների, տարերային աղետների կամ այլ պատահարների արդյունքում զոհված մարդկանց մարմինների (մարմնի հատվածների)  նկարներ, կենդանիների հետ դաժանորեն վարվելու (այդ թվում` որս, սպանդանոցներ, մսի արդատրության գործարաններ, մսի արդյունաբերություն և այլն), ինչպես նաեւ բանկերի, հասարակական կազմակերպությունների մասին կեղծ տեղեկատվության տարածում եւ այլն:

Չնայած նույնիսկ հատուկ օրենքի եւ դրա` ցանցային ռեսուրսների արգելափակման կանոնակարգերի առկայությունը Ձեզ չի պաշտպանում նրանից, որ Ձեր կայքը մի գեղեցիկ օր պատահաբար չի արգելափակվի, քանի որ օրինապահ մարմինները անօրինական տեղեկատվության դեմ իրենց պայքարն իրականացնում են առանց վերահսկող մարմինների եւ հոսթերների, կայքերի սեփականատերերի եւ ինտերնետ պրովայդերների հետ փոխգործակցության օրինական ալգորիթմի կիրառման:

Օրինակ` Թմրանյութերի վերահսկողության դաշնային ծառայությունը կայքերը փակում է` դոմեյնների ռեգիստրատորների միջոցով, իսկ շրջանային դատախազները դատարանների միջոցով` պրովայդերների դեմ ուղղված` կայքերի արգելափակման հայցերով:

Մեր մոտինորինգի արդյունքներով` 2012 թ-ից արգելափակվել են ընդհանուր առմամբ 2147  կայքեր, որոնցում տեղ է գտել հակաօրինական տեղեկատվություն և քանի որ դա իրականացվել է IP հասցեների միջոցով, դրա հետևանքով անհասանելի են դարձել նաև 56 677 բարեխիղճ կայքեր, որոնք նույն IP հասցեներում էին:  Ընդհանուր առմամբ, արգելափակման են ենթարկվել 137 320 տարբեր կայքեր: Սա իրապես քայքայում է ցանցի փոխկապակցումը: Միևնույն ժամանակ, կայքերի արգելափակման վակխանալիան չի հանգեցնում համացանցի ռուսական հատվածի զարգացմանը` դրդելով ցանցի նորեկներին գաղթել  առավել անվտանգ օտարերկրյա իրավական համակարգեր եւ համացանցի մոխրագույն տարածքներ:

- Ինչպիսի՞ միտումներ են սպասվում:

- Պետք չէ առաջիկայում որեւէ դրական բան ակնկալել: Կարծում եմ` դեռեւս երկար ժամանակ կձգվի տեղեկատվության շրջանառության ոլորտում օրենսդրության կարգավորումը: Ներկայում, ընդունման է պատրաստվում «հակաահաբեկչական օրինագծերի շարք», որը նախատեսում է բլոգների գրանցում` որպես ԶԼՄ, արտասահմանյան օնլայն վճարումների արգելում, կես տարվա ընթացում բոլոր օգտատերերի տվյալների պահպանում, կայքերի պարտադիր գրանցում եւ այլ նորարարական լուծումներ Պետդումայի լիովին խենթացած կատաղած «տպիչի» կողմից:

Բացի այդ, եթե «Հակացանցահենության մասին» օրենքն ընդլայնվի, ինչպես դա առաջարկում են մի շարք պատգամավորներ, նույնիսկ մեկանգամյա խախտման պարագայում կայքը կարող է արգելափակվել: Ակնհայտ է, որ այս ձեւով ստեղծվում է անբարեխիղճ մրցակցության վտանգավոր գործիք, որը թույլ է տալիս ցանցում արգելափակել ցանկացած կայք:

Ցանցում իր եւ իր երեխաների համար անվտանգ հարթակ ստեղծելը բացառապես յուրաքանչյուր օգտատիրոջ խնդիրն է, եւ ոչ թե` պետության, եւ այսօր արդեն կան բազմաթիվ նմանատիպ գործիքներ, այդ թվում` ծնողների համար նախատեսված զտման տարբեր մեխանիզմներ եւ բրաուզերների կարգավորումներ: Իսկ ցանցային ռեսուրսները լիովին կիրառում են ինքնակարգավորման մեխանիզմները` հիմնվելով իրենց կայքի համար մշակած կանոնների վրա:

Ռունետի բոլոր այս նոր օրենքները նման են վիրուսի, սակայն, բարեբախտաբար, ցանցը` որպես կենդանի օրգանիզմ, կարող է դիմակայել վիրուսներին եւ պայքարել դրանց դեմ, և դրա համար էլ նրան անհնար է վերացնել: Մեզ մոտ ընդունված է ասել, մինչդեռ օրենսդիրները օրենքներ են գրում, ծրագրավորողներն էլ կոդեր են ստեղծում: Տեխնոլոգիաները մշտապես առաջ են իրավունքներից: Հուսով եմ` ովքեր այսօր որոշումներ են ընդունում, առաջիկայում կհամոզվեն դրանում: 

Դարբինյանի պաշտոնական կայքը` http://www.dss-advokat.com

Սույն հրապարակումը պատրաստվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կողմից հրատարակվող «Համացանց և Իրավունք» հատուկ տեղեկագրի շրջանակում` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակին, և հնարավոր է` չհամընկնեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

«Համացանց և Իրավունք» տեղեկագրի բոլոր նյութերին ծանոթացեք այստեղ:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել