The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԵՏԱԶՈՏՈՒՄ
Հոկտեմբեր 15, 2012
«Ինտերնետի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն
«Ինտերնետի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն

«Ինտերնետի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրությունը կատարվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ աշխատանքային խմբի կողմից մեկ տարվա ընթացքում` 2011 թ. հոկտեմբերից մինչև 2012 թ. հոկտեմբեր: Ուսումնասիրության ընթացքում քննարկվել են ինտերնետի հայկական տիրույթում էլեկտրոնային բովանդակության զարգացման վրա անմիջական ազդեցություն ունեցող ոլորտները և դրա հետագա ազդեցությունը ներքին թրաֆիկի մասնաբաժնի ավելացման վրա: Ուսումնասիրության ողջ ընթացքում զեկույցում օգտագործվող տվյալները նորացվել են, իսկ բովանդակությունը խմբագրվել ըստ զարգացումների:

Տեղեկատվության այլընտրանքային աղբյուրից էլեկտրոնային բովանդակության զարգացման խնդիրը տարեցտարի դառնում է կարևորագույն հարցերից մեկը ցանկացած երկրի համար: Հայաստանի բնակչության մեկ երրորդից ավելին արդեն օգտվում է համացանցից, իսկ դա կնշանակի` համացանցում առկա հայերեն բովանդակությունը, որն իր ազդեցությունն է ունենալու երկրի քաղաքացու կարծիքի և դիրքորոշման ձևավորման վրա, ժամանակի ընթացքում միայն առավել մեծ նշանակություն կունենա: Տեղական քոնթենթ (կամ բովանդակություն) եզրի տակ մենք հասկանում ենք մայրենի կամ օտար լեզուներով ինտերնետում հասանելի տեղեկատվություն, որն անմիջական առնչություն ունի Հայաստանի և հայ ժողովրդի հետ:

Ոլորտի զարգացման հանգուցային հիմնախնդիրներից են համարվում երկու պարզ և փոխադարձաբար կապված բաղադրիչների` պահանջարկի և, ի հետևանս, առաջարկի բացակայությունը: Սոցիոլոգիական հետազոտությունների համաձայն, որոնք հետագայում կներկայացվեն զեկույցում, Հայաստանում ինտերնետ օգտագործողների զգալի թիվը դեռևս ինտերնետն ընկալում է ավելի շուտ զվարճանքի, հաղորդակցման և շփման, քան գիտելիքներ ստանալու աղբյուր:

Այս հիմնախնդիրն անմիջական կապ ունի բնակչության տեխնիկական ապահովվածության, ինչպես նաև ընդհանրապես համընդհանուր գրագիտության և, մասնավորապես, համակարգչային գրագիտության հետ: Գրքերի և պարբերական մամուլի նկատմամբ հետաքրքրության բարձրացումը իր հերթին անխուսափելիորեն ընթերցողներ կբերի ինտերնետ, որից հետո տեղեկատվության պահանջարկ կառաջանա: Այսօր առաջարկը հիմնականում բխում է էնտուզիաստներից, որոշ փոքր նախագծեր էլ իրականացվում են դոնոր կազմակերպությունների միջոցներով, սակայն էլեկտրոնային քոնթենթը հնարավոր է լուրջ մակարդակի բարձրացնել միայն պետական ծանրակշիռ աջակցության պարագայում, կամ ներդրողների համար այս ոլորտը գրավիչ դարձնելով: Այստեղ տեղին է հիշել Ֆրանսիայի կառավարության օրինակը, որը գիտակցելով ազգային մշակույթի պահպանության և տարածման ողջ կարևորությունը, որոշում ընդունեց 30 մլն եվրո ներդնել ֆրանսիացի գրողների հարյուր հազարավոր գրքերի թվայնացման համար:

Այսօր Հայաստանում աշխատանքներ են կատարվում Մատենադարանում առկա ձեռագրերի, Ազգային արխիվի փաստաթղթերի (այդ թվում նաև` ֆոտո- և տեսա-) թվայնացման ուղղությամբ: Սակայն էլեկտրոնային գրադարաններում և առցանց վաճառքում դեռևս անբավարար թվով գրքեր են հասանելի:

Էլեկտրոնային բովանդակության զարգացման մեջ կարևոր նշանակություն ունի նաև ենթակառուցվածքների զարգացումը` Հայաստանում ինտերնետ կապի մուտքի աշխարհագրության ընդլայնումը, հոսթինգ ծառայությունների որակի լավացումը, տեղեկատվական անվտանգության ապահովումը և այլն: Այս հարցերի մի մասը օրգանապես աստիճանաբար լուծվում է շուկայի օրենքների համաձայն` տեղի է ունենում շուկայի խոշորացում, առաջարկվում են նորանոր շահավետ ծառայություններ: Հարցերի մյուս մասը պահանջում է կառավարության և հասարակության ուշադրությունը:

Սույն զեկույցում ԼՀԱ-ի աշխատանքային խումբը փորձել է ներկայացնել Հայաստանում էլեկտրոնային բովանդակության զարգացմանը վերաբերող ներկա իրավիճակը, վեր հանել առավել հրատապ խնդիրները և դրանց հաղթահարման ուղիները:

Ուսումնասրության էլեկտրոնային տարբերակին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

«Ինտերնետի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրությունն իրականացրել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ աշխատանքային խումբը` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: Արտահայտած տեսակետները հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության տեսակետները:

ԼՀԱ-ի իրականացրած այլ ուսումնասիրություններին ծանոթացեք այստեղ:

AttachmentSize
Ներբեռնել «Ինտերնետի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրությունը 1.1 MB
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել