The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
September 23, 2015
Բարի ծառայություն, զինվո՜րս
Արմինե Մացոյան
Ուսանողի հայացք

Կյանքի յուրաքանչյուր փուլ բերում է փորձություններ, որոնք մենք պետք է հաղթահարենք: Դրանցից շատերը հաճախ լինում են մեր կամքից անկախ. այդպիսի դեպքերում անհրաժեշտ է պարզապես հանձնվել կյանքի հոսքին ու առաջ գնալ: Կան այնպիսիք էլ, որոնք տեղի են ունենում շատերի կյանքում. տղաների համար դա բանակն է: Մի թուղթ, ու ամեն ինչ փոխվում է:

Ամառային սովորական օր էր, շոգ, մի քիչ ալարկոտ օր, գործ չանելու և ֆիլմեր դիտելու ցանկությամբ, ինչպես հաճախ լինում է շատերի մոտ: Մեկ էլ դռան զանգ ու նախասրահից ականջիս է հասնում՝ «Դո՞ւք եք Մացոյան Աղվանի մայրը» ու մորս դողացող ձայնը՝ «այո»: Մի պահ քարացա հյուրասենյակում. հասկացա՝ ժամանակը եկել էր՝ եղբորս բանակ են տանում: «Խնդրում եմ, ստորագրեք այս թուղթը՝ մեկ օրից Ձեր տղային բանակ են տանում»: Մայրս չէր ցանկանում ստորագրել, սակայն կան դեպքեր, երբ դու չես կարող փոխել իրադրությունը, որքան էլ մեծ լինի ցանկությունդ:

Եղբայրս քաղաքում չէր, ուրախ էինք, որ վայելում է իր հանգիստն ու լիակատար ազատությունը, սակայն անհրաժեշտ էր տեղեկացնել, որ բանակ գնալուն մնացել է ընդամենը 24 ժամ:

Բաժանում… Ցավալի է, երբ գիտակցում ես, որ կարոտելու ես ամենապարզ ու ամենահասարակ բաները: Կարոտելու ես, թե ինչպես է եղբայրդ գիշերը տուն գալիս ու գնում ուղիղ գազօջախի մոտ: Ինչպես ես անաղմուկ հետևում նրան ու, տեսնելով, որ ուտելու բան է փնտրում, սեղան ես գցում... «Հա էլի քուր, թեթև մի բան տուր ուտեմ»: Այ սա էի կարոտելու՝ մեր կարճ, բայց ջերմ զրույցներն ու իրար վստահված գաղտնիքները:

Արցունքաշատ ու թախիծով լիքը քսանչորս ժամեր էին, սակայն մենք փորձում էինք զսպել մեր արցունքները, որովհետև նրա անունը մեր հպարտությունն է, իսկ բաժանումը՝ մեր խաղաղ քնի հավաստիքը: Եղբորս բանակ էին տանում: Մի տեսակ չէի հավատում, ավելի ճիշտ՝ չէի պատկերացնում. մեզանից մեր մի մասնիկն էր գնում:

Հիշում եմ այդ գիշեր մորս  արցունքները քնի մեջ, բայց անհրաժեշտ էր հավաքվել ու արցունքի փոխարեն լցնել մեր աչքերը հպարտությամբ. մենք զինվո՛ր ունենք: Մի պահ երանի եմ տալիս մեզ, որ ունենք այդպիսի որդի, եղբայր, ու ժպիտ է հայտնվում դեմքիս:

Եղբորս տեսնելու ու նրա զինվորական երդման արարողությանը ներկա գտնվելու համար մենք հաղթահարում ենք Ղարաբաղ տանող երկար ու ձիգ հինգ հարյուր կիլոմետրը, երբ գնում ես, գնում, ու, թվում է, թե սարերն ու ձորերը ո՛չ սկիզբ ունեն, ո՛չ էլ՝ վերջ, երբ էլ չես համբերում, թե երբ ես վերջապես ընկնելու գիրկն ու մոռանալու կարոտի մասին: Սակայն ամեն հանդիպում ունի իր ավարտը, արդեն հեռանալու ժամանակն է, ու մենք նորից փորձում ենք հաղթահարել մեր արցունքները:

Ես մոտեցնում եմ ափերս ու աղոթում երկրիս խաղաղության և բոլոր հայ զինվորների բարի ծառայության համար:

Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել