Օրենք
Նոյեմբեր 3, 2017
Գյուղատնտեսության ոլորտում աշխատողների իրավունքների պաշտպանության խնդիրները
Գյուղատնտեսության ոլորտում աշխատողների իրավունքների պաշտպանության խնդիրները
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Գյուղատնտեսությունը զարգացող եւ մշտապես ներդրումներ պահանջող ոլորտ է, քանի որ ունի բարդ կառուցվածք ու գործառույթներ: Գյուղտնտեսության աշխատողի պարագայում առայժմ դժվար է պատկերացնել Հայաստանում աշխատանքային օրենսգրքին համապատասխանող աշխատանքային հարաբերություններ:

Համաձայն Աշխատանքային օրենսգրքի՝ Աշխատողը գործունակ այն քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք, որի դիմաց ստանում է աշխատավարձ։ Մինչդեռ գյուղատնտեսության ոլորտը տարբերվում է նրանով, որ այս ոլորտում աշխատողների մեծ մասն աշխատում է սեփական գյուղացիական տնտեսությունում:

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2016 թ. Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների թիվը կազմել է 338 հազար մարդ, որոնց գերակշռող մասը ոչ ֆորմալ աշխատողներ են։

Ըստ Գյուղատնտեսության նախարարության իրավաբանական վարչության պետ Գուրգեն Ավագյանի, ոչ ֆորմալ աշխատողների թիվը գնալով նվազելու է ոլորտում առկա մի շարք զարգացումների շնորհիվ:

«Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի, տնտեսությունների ընդլայնման եւ զարգացման արդյունքում ոլորտում հետզհետե ավելանում է  վարձու աշխատողների թվաքանակը, եւ կայանում են աշխատանքային հարաբերություններ, ինչն էլ նպաստում է ոչ ֆորմալ հատվածի նվազմանը», - ասում է Ավագյանը:

Ըստ նրա, այժմ մշակվում է «Գյուղատնտեսության մասին» օրենքի նախագիծ, որը կարգավորելու է գյուղացիական տնտեսությունների կարգավիճակի եւ աշխատողների սոցիալական իրավունքների հստակեցման ու պաշտպանության խնդիրները:

«Ոլորտի աշխատողների խնդիրները բազմաթիվ են եւ տարաբնույթ,  ուստի հնարավոր չէ միանգամից լուծել բոլորը: Սակայն  դրանք մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում ևւ քայլ առ  քայլ կարգավորվում են»,- նշում է Ավագյանը:

Գյուղատնտեսության նախարարությունը համագործակցում է գյուղատնտեսության  ոլորտի  աշխատողների արհմիության հետ սոցիալական գործընկերության շրջանակներում կնքված հուշագրի հիման վրա: Հուշագիրը աշխատանքի ոլորտում փոխհարաբերությունների համակարգ է եւ կոչված է ապահովելու աշխատողների եւ գործատուների շահերի համաձայնեցումը կոլեկտիվ  աշխատանքային հարաբերություններում, իսկ արհմիությունը, առհասարակ,  հանդիսանում է  աշխատավորների աշխատանքային իրավունքների եւ շահերի պաշտպանության օղակ:

«Մենք աշխատում ենք գիտակցության բարձրացման վրա: Գալու է այն օրը, երբ ունենալու ենք իրազեկված գյուղոլորտի աշխատող, իսկ  շահերի պաշտպանությունն արվեստ է, որը  նպատակային գործընթաց է, այսինքն՝ պետք է ուսումնասիրել դաշտը, վեր հանել խնդիրները, հասկանալ, թե այդ խնդիրներն ում են վերաբերում եւ, հաշվի առնելով օրենսդրությունը, տալ համապատասխան լուծումներ»,- ասում է Ագրոաշխատողների արհմիության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը:

278 Լուսանկարը՝ ՖոտոլուրիԱյս տարի կազմակերպված «Բարեփոխենք գյուղատնտեսությունը՝ բարելավելով կյանքեր» խորագրով հասարակական խորհդի նիստում քննարկվել են 2018թ-ից գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները մասնակիորեն սուբսիդավորելու, տրամադրվող վարկերի տոկոսադրույքի չափը 3-5% սահմանելու, գյուղատնտեսության ոլորտում կաթիլային համակարգ ներդնելու, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիներ հիմնելու, կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագրին առնչվող եւ այլ հարցեր:

«Ըստ իս, այս ծրագիրը եւս իր դրական ազդեցությունը կունենա գյուղատնտեսության աճի վրա, ինչպես նաեւ կնպաստի ոլորտի աշխատողների կենսամակարդակի ինչ-որ չափով բարձրացմանը»,- կարծում է Ջհանգիրյանը:

Ագրոաշխատողների արհմիության նախագահը նշում է, որ աշխատանքային իրավունքի պաշտպանության ժամանակ առկա խնդիր է աշխատանքային պայմանագրի բացակայությունը, ինչին էլ բախվում են ոչ ֆորմալ հատվածի աշխատողները:

Մասնագետները խորհուրդ են տալիս, որ նման դեպքում պետք է դիմել ճյուղային արհմիություն, սակայն սովորաբար նման հարցերը լուծվում են դատական ատյանի միջոցով:

Ոչ ֆորմալ աշխատողները հիմնականում  խուսափում են ֆորմալ դաշտում գործելուց, քանի որ նրանց մտահոգում են աշխատավարձից հարկվող փոխանցումները: Շատերն էլ ուղղակի տեղեկացված չեն ֆորմալ դաշտում գործելու կարևորության մասին, ինչը հաճախ գործատուն օգտագործում է ի շահ իրեն: Արհմիությունն իրավասու է նրանց եւս բերելու ֆորմալ դաշտ, քանի որ թեկուզ ժամանակավոր աշխատանքային պայմանագիր ունենալու պարագայում, արհմիության հետ համատեղ աշխատանքային իրավախախտումներին ավելի հեշտ ու արագ լուծում կտրվի:

«2010 թվականից  համագործակցում ենք IUF միջազգային արհմիությունների ֆեդերացիայի հետ եւ տեղեկացված ենք, թե ինչ է կատարվում գյուղատնտեսության ոլորտում համաշխարհային մասշտաբով, ինչպիսի զարգացումներ կան, եւ որոնք կարելի է կիրառել Հայաստանում»,-  ասում է Ջհանգիրյանը:

Իբրեւ հաջողված պատմություն՝ Ջհանգիրյանը ներկայացնում է ջերմոցային տնտեսության հետ փոխհամաձայնագրի կնքումը, որի արդյունքում հնարավոր է դարձել հասնել աշխատողի բավարար աշխատավարձ ստանալուն:

«Միշտ բարձրաձայնվում էր պարտքերի խնդրի մասին, եւ պետք էր ունենալ բնամթերքն հանձնելու պայմանագիր, սակայն այս տարի նման խնդիր չառաջացավ: Դրանում կարեւորում եմ նաեւ գյուղատնտեսության նախարարության դերը՝ արհմիության հետ համատեղ,  որովհետեւ դա կազմակերպված աշխատանքի արդյունք էր, որպեսզի աշխատողներն անելանելի իրավիճակում չհայտնվեին», - եզրափակում է Ջհանգիրյանը:

Աշխատանքային հարաբերությունները օրինաչափ կազմակերպելու համար  շատ կարեւոր է նաեւ գործատուի բանիմաց ու ձեռներեց լինելը: 

Հեղինակ՝ Նարինե Նահապետյան

Աղբյուր՝ JNews.am

Սույն հոդվածը պատրաստվել է «Աշխատանքային իրավունքների հանրայնացում» թեմայով երկփուլ սեմինարի արդյունքում:

Send by email
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture.
Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.