The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Մայիս 11, 2018
Լրագրողական կազմակերպությունների առաջարկը՝ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Լրագրողական կազմակերպությունների առաջարկը՝ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Լուսանկարը՝ Primeminister.am

Հայաստանյան մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ շնորհավորելով նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ մոտ ապագայում նոր կառավարությունը ձեռնամուխ կլինի ակտիվ եւ արմատական բարեփոխումներ իրականացնելուն, այդ թվում՝ ԶԼՄ-ների եւ տեղեկատվության ազատության ոլորտներում:

Հայտարարության հեղինակները մասնավորապես նշում են այն հանգամանքը, որ վերջերս ընդունված մի շարք օրենսդրական փոփոխություններ անհիմն սահմանափակում են կառավարության գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, խախտում տեղեկություններ ստանալու եւ տարածելու հիմնարար իրավունքը։  

Հայտարարության հեղինակները մատնանշում են 2018թ. մարտի 23-ին ընդունված՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքները, որոնցից առաջինով նախատեսվում է գործադիր բարձրագույն մարմնի նիստերն անցկացնել դռնփակ, երկրորդով ստեղծվում են մայրաքաղաքի ավագանու նիստերը լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքները կաշկանդող պայմաններ։ Հիշատակված է նաև 2015 թ. դեկտեմբերին «Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով էլ՝ պետական գաղտնիքների շարքին դասվեցին երկրի առաջին երեք դեմքերի՝ վարչապետի, նախագահի եւ ԱԺ խոսնակի գործունեությանը վերաբերող գնումները, ինչը, ըստ հայտարարության հեղինակների, կարող է հանգեցնել կոռուպցիոն ռիսկերի:

«Մենք տասնամյակներ շարունակ բարձրաձայնում ենք հեռարձակման ոլորտին վերաբերող խնդիրները և պնդում, որ արմատապես պետք է վերանայվի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը և բարեփոխվեն հարաբերություններն այս դաշտում։ Սակայն մեր փորձագիտական կարծիքն ու օրենսդրական առաջարկները, որպես կանոն, անտեսվել են, քանզի իշխանությունները ձգտել են պահպանել ստատուս-քվոն՝ իրենց կողմից վերահսկվող ոլորտում։ Հայկական հեռուստաեթերի բոլոր արատները ցայտուն կերպով երևացին նաեւ թավշյա հեղափոխության՝ հատկապես առաջին շաբաթվա իրադարձությունները լուսաբանելիս։

Մեդիա ոլորտում առկա են նաեւ մի շարք այլ լուրջ մարտահրավերներ. ԶԼՄ-ների կենտրոնացման եւ սեփականության թափանցիկության խնդիրներ, քաղաքականացված գովազդային դաշտ, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների եւ օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումների անպատիժ մնացած բազմաթիվ դեպքեր եւ այլն։

Մենք պատրաստակամություն ենք հայտնում՝ ակտիվորեն մասնակցելու տեղեկատվության ազատության եւ ԶԼՄ-ների ոլորտներին վերաբերող օրենսդրական եւ գործնական բարեփոխումներին՝ դրան ծառայեցնելով մեր գիտելիքն ու փորձը։ Ուստի նորընտիր վարչապետին առաջարկում ենք հանդիպում կազմակերպել մեզ հետ՝ վերոհիշյալ խնդիրներն ու հնարավոր լուծումներն առավել մանրամասն քննարկելու համար»,-ասվում է հայտարարությունում:

Նշված հայտարարության ներքո ստորագրել են հետեւյալ կազմակերպությունները. 

ԽՈՍՔԻԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

 

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել