The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
July 22, 2014
Ցանցային գրագիտությանը վերաբերող դասընթացի օրակարգը հագեցած էր
Ցանցային գրագիտությանը վերաբերող դասընթացի օրակարգը հագեցած էր

Հուլիսի 19-21-ին տեղի ունեցավ «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի (ԼՀԱ) կողմից կազմակերպված «Ցանցային գրագիտություն և տեղեկատվական անվտանգություն» թեմայով դասընթաց` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ` «Ազատ, վստահելի և անվտանգ առցանց տեղեկատվություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում:

Աղվերանում անցկացված դասընթացին մասնակցեցին 16 լրագրողներ Երևանից և այլ մարզերից: Միջոցառման նպատակն էր փորձառու մասնագետների օգնությամբ մասնակիցներին տրամադրել համացանցում անվտանգությանը վերաբերող հիմնարար գիտելիքներ և բարձրացնել նրանց ցանցային գրագիտության մակարդակը:

«Շատ կարևոր է, որ այս դասընթացի արդյունքում լրագրողներն իրենց ուշադրության կենտրոնում պահեն և ակտիվ լուսաբանեն այն խնդիրները, միտումներն ու մարտահրավերները, որոնք որևէ կերպ առնչվում են համացանցին, տեղեկատվության ազատ և անվտանգ հոսքերի փոխանակմանը»,- նշեց ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանը:

245 Ըստ նրա` նման թեմաների ակտիվ լուսաբանումը կօգնի հանրության շրջանում հետաքրքրություն առաջացնել տվյալ ոլորտի նկատմամբ` նպաստելով վերջինիս շրջանում իրազեկվածությանը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը, շնորհակալություն հայտնելով ԼՀԱ-ին նման դասընթացի կազմակերպման համար, հույս հայտնեց, որ մասնակիցներն իրենց ձեռք բերած գիտելիքները կկիրառեն ապագա գործունեության ընթացքում:

Ըստ նրա` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն այսօր մեծ դերակատարություն ունի, և լավ պետությունները նրանք են, որոնք կարողանում են տեղ հատկացնել տեղեկատվական տեխնոլոգիաների փոփոխություններին:

«Մեզ համար կարևոր է, որ լրագրողները դասընթացին իրենց ստացած գիտելիքներով հնարավորություն ստանան հանրությանն առավել որակյալ տեղեկատվություն ապահովել: Մեդիա դաշտն այսօր շատ բազմազան է, սակայն դա չի նշանակում, որ այն հարձակման վտանգի տակ չէ»,- նշեց ՄակՔոյը` հավելելով, որ լրագրողները հնարավորություն ունեն հասկանալ` ինչպես կարելի է բարելավել իրենց աշխատանքը և գրագիտությունը` նորագույն տեխնոլոգիաների հետ կապված:

249 Դասընթաց ԳավառումԴասընթացի մասնակիցներից «Սիսիանի ձայն» թերթի խմբագիր Սրբուհի Գրիգորյանի կարծիքով` տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում դժվար է հասնել փոփոխությունների հետևից, և, անկախ ինքնակրթությունից, ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է լինում նեղ մասնագետների օգնությունը:

«Այս առումով շատ կարևորում եմ այս դասընթացը, իսկ լրագրողներն առավել ևս պետք է պաշտպանված լինեն համացանցում, որպեսզի տեղեկատվության արտահոսք չլինի, հոդվածի կեսից իրենց աշխատանքը չընդհատեն»,- ընդգծեց Գրիգորյանը` հավելելով, որ այսուհետ համացանցից և թվային սարքերից փորձելու է օգտվել` առավելագույնս հետևելով տեղեկատվության անվտանգության կանոններին:

«Իմ սպասելիքներն արդարացան դասընթացից, և դրանք պետք է առավել հաճախ կազմակերպվեն: Միանշանակ խորհուրդ կտամ իմ գործընկերներին մասնակցել նման դասընթացների. դրանք բոլոր լրագրողներին են պետք»,- նշեց Գրիգորյանը:

246 Դասընթացավարներ մեդիա փորձագետ Արթուր Պապյանը և Սուրեն Դեհերյանը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Միքայել Ղազարյանը անդրադարձան փոխակերպվող մեդիա ազդեցությանն ու ցանցային անվտանգության հիմունքներին, համացանցում լրատվամիջոցների քաղաքականությանը և լրագրողների վարքագծին և այլ թեմաների:

Դասընթացի մեկնարկին մասնակիցները վստահ էին, որ իրենց գիտելիքները թվային սարքերից կամ համացանցից անվտանգ և արդյունավետ օգտվելու համար բավարար են, սակայն ընթացքում կարծիքները փոխվեցին:    

«Պարզ դարձավ, որ մասնակիցների գիտելիքները չափազանց ցածր էին»,- նշեց  Lorinews.am կայքի խմբագիր Էդվարդ Արզումանյանը` հավելելով. «Սկզբից մենք մեզ 3 և 4 էինք գնահատել, բայց սեմինարի ընթացքում հասկացանք, որ իրականում մինուս անվերջություն էր: Թեպետ, նախապես ծանոթացել էի օրակարգին ու վստահ էի, որ փորձառու մասնագետների հետ ենք գործ ունենալու, բայց չէի ակնկալում ցանցային անվտանգությանը վերաբերող այսպիսի բազմակողմ և մանրամասն գիտելիքներ ձեռք բերել»:

Արզումանյանին ամենից շատ հետաքրքրել էր տեղեկատվական անվտանգությանը և համացանցում անձնական բրենդի ձևավորմանը վերաբերող թեմաները, որոնք, ըստ իրեն, կիրառական նշանակություն կստանան իր կողմից համակարգվող կայքում:  

«Կցանկանայի, որ նման դասընթացների անցկացման ժամանակահատվածը մի փոքր ավելի երկար լինի, քանի որ թեման շատ ակտուալ էր, և երկու օրում դժվար է մարսել ինֆորմացիան»,- նշեց լրագրողը` հավելելով, որ մարզային լրագրողները համացանցի անվտանգության առումով ավելի խոցելի են:

247

Գորիսի երիտասարդ լրագրողների «Շառավիղ» ակումբի կայքի համակարգող Գևորգ Հայրապետյանը կարևորեց նման թեմայով դասընթացի անցկացումը` նշելով, որ փորձագետների օգնությամբ տեղեկացավ ցանցային անվտանգության ապահովման նոր գործիքների մասին, որոնք թույլ կտան հնարավորինս զերծ մնալ առցանց վտանգներից:

Նշենք, որ «Ազատ, վստահելի և անվտանգ առցանց տեղեկատվություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում սա ԼՀԱ-ի կողմից կազմակերպված երկրորդ դասընթացն է: Հունիսին Երևանի և մարզերի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար ԼՀԱ-ն` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ, կազմակերպել էր «Ցանցային իրավունք և անվտանգություն» թեմայով դասընթաց: Այդ միջոցառման նպատակն էր մասնակիցներին տալ հիմնարար գիտելիքներ ցանցում ազատ արտահայտվելու իրավական սահմանների, տեղեկատվության անվտանգության խնդիրներից խուսափելու և անցանկալի միջամտությունից պաշտպանվելու վերաբերյալ:

Դասընթացի ֆոտոպատմությունը` այստեղ :  

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել