The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
Ապրիլ 19, 2013
PR-ի ընկալումները Հայաստանում
Սիրան Վանյան
Ուսանողի հայացք
PR-ի ընկալումները Հայաստանում
Imige Source: Everydaypr.net

Ուսումնասիրելով աշխատանքի առաջարկներ հրապարակող որոշ հայկական կայքեր, ակնհայտ դարձավ, որ այսօր Հայաստանում ամենապահանջված աշխատատեղերից մեկը PR մասնագետի հաստիքն է:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում լայն շրջանառության մեջ մտավ PR (Public relations) արտահայտությունը: Այն այնքան սերտաճեց հայերիս բառապաշարին, որ սկսեց կիրառվել բոլոր պատեհ-անպատեհ առիթներով: Հայաստանում ամենատարածված սխալ ընկալումներից մեկն այն է, թե PR-ը նույն գովազդն է: Մինչդեռ PR -ն ու գովազդն իրար կապող միակ օղակն այն է, որ երկուսն էլ մարքեթինգի գործիքներն են:

Առաջին պաշտոնական PR կառույցները Հայաստանում հիմնվեցին դեռ 20 տարի առաջ, բայց այս ոլորտն այնքան անհայտ էր հայերիս համար, որ գրեթե ոչ ուսումնասիրվում, ոչ էլ նպատակասլաց զարգացում էր ապրում:

PR-ը, նույն ինքը «Հասարակայնության հետ կապեր» ասվածը, դինամիկ կերպով սկսեց զարգանալ վերջին տասը տարիների ընթացքում: Այսօր երևանյան որոշ համալսարաններում նույնիսկ հնարավորություն է ընձեռվում մագիստրական կրթությունը շարունակել հենց այս մասնագիտացմամբ:

Բայց չնայած նրան, որ Հայաստանում փորձեր են ձեռնարկվում հասարակայնության հետ կապերի մասնագետների պատրաստել, երկրում այս ոլորտի մասին ընկալումները մնում են աղոտ: PR-ով խորապես հետաքրքրված հայ երիտասարդները մասնագիտական կրթությունը ստիպված են շարունակել արևմուտքում, որտեղ այս ոլորտը ոչ միայն նոր չէ, այլև հասել է կատարելագործման գագաթնակետին:

Հայաստանում զգացվում է PR մասնագետների պակասը, և փորձառու մասնագետների պակասից ելնելով' որոշ կազմակերպություններ որպես PR մենեջերի աշխատանքի են ընդունում տնտեսագետների, շուկայաբանների, լրագրողների, լեզվաբանների և սոցիոլոգների: Մինչդեռ իրական PR մենեջերը պետք է կարողանա ներառել վերոնշյալ 5 մասնագետների հմտությունները:

Հասարակության կողմից այս ոլորտի սխալ ընկալման պատճառով է, որ այսօր կարծես ամեն 10-րդ երիտասարդ իրեն PR մենեջեր է համարում: Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային փորձի բացակայության պատճառով մի շարք PR մենեջերներ ռիսկի են ենթարկում իրենց կազմակերպությունների հեղինակությունն ու հետագա գործունեությունը:

Հասարակայնության հետ կապերի մասնագետների կարիք են ունենում հիմնականում, կազմակերպությունները, քաղաքական գործիչներն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները:

Եթե վերջիններիս դեպքում PR մասնագետը կարող է լինել սկսնակ ուսումնասիրող, քաղաքական գործիչների և կազմակերպությունների դեպքում անփորձ և չվերապարաստված մասնագետի գործունեությունը կարող է հանգեցնել ճակատագրական ավարտի: Դրա վառ օրինակն է բոլորովին վերջերս սնանկացած հայկական միակ ավիափոխադրող կազմակերպությունը '«Արմավիան», որն իր 12-ամյա գործունեության ընթացքում աչքի չի ընկել PR հնարքներով:

Հետևելով վերջին քաղաքական իրադարձություններին' կարող ենք ասել, որ PR-ն ամենաակտիվ կերպով օգտագործվում է թերևս քաղաքականության մեջ այս կամ այն քաղաքական գործչի կամ կուսակցության կողմից: Այս ամենին նպաստել է վերջին տարիներին Հայաստանի զգալի չափով «վիրտուալիզացումը»: Համացանցը հնարավորություն է ընձեռում ստեղծելու և պահպանելու կապը քաղաքացիների և քաղաքական մարմինների միջև:

PR-ը կերտում է անձանց կամ կազմակերպությունների հեղինակությունը, իսկ այն, ինչ վերաբերում է հեղինակությանը, արժանի է աչալուրջ մոտեցման: 

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել