The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
Փետրվար 11, 2016
Ո՞րն է գերակա. անձնական տվյալների պաշտպանություն եւ հանրային շահ
Գագիկ Աղբալյան
«ՋեյՆյուզ»
Ո՞րն է գերակա. անձնական տվյալների պաշտպանություն եւ հանրային շահ
Շուշան Դոյդոյան

Մեր երկրում անձնական տվյալների պաշտպանության ոլորտի կարգավորումը սաղմնային փուլում է: Հայաստանի Արդարադատության նախարարությունում վերջերս ստեղծված Անձնական տվյալների պաշտպանության գործակալության երեք հոգանոց աշխատակազմի գործունեության այս սկզբնական փուլը կարևոր է այն առումով, որ ցանկացած որոշում, օրենսդրական փոփոխության առաջարկ՝ դառնալու է նախադեպ եւ որոշիչ է լինելու տվյալների շտեմարանների մատչելիության առումով:

Արդարադատության նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնը վստահվել է  «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանին: Վերջերս լրացավ նրա պաշտոնավարման 100 օրը, ինչն էլ առիթ հանդիսացավ անդրադառնալ անձնական տվյալների պաշտպանության ոլորտի կարգավորման հարցերին:

- Տիկին Դոյդոյան, անձնական տվյալների պաշտպանության այս մեծ համակարգի մշակումը ենթադրու՞մ է արդյոք, որ այսօրվա դրությամբ հանրության համար բաց եւ հասանելի տեղեկատվական որոշ ռեսուրսներ կդառնան փակ:

 - Մեր ցանկացած քայլ եւ որոշում պետք է բխի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքից: Եթե այս կամ այն բազայի մատչելիությունը ուղղակիորեն խախտում է մարդկանց անձնական տվյալների գաղտնիության իրավունքը, բնականաբար պետք է որոշակի քայլեր ձեռնարկվեն այդ շտեմարանի մատչելիությունը ամբողջությամբ կամ մասնակի սահմանափակելու համար: Նայած թե ինչ տվյալների մասին է խոսքը: Եթե անուն-ազգանուն է, դա հանրամատչելի տվյալ է, իսկ ահա անձնագրային տվյալները հանրամատչելի չպետք է լինեն: Պետք է տեսնել՝ այս կամ այն տվյալների հրապարակումը կարո՞ղ է վտանգել անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, թե ոչ: Եթե վտանգում է՝ պետք է կարողանալ հավասարակշռել մի կողմից անձնական տվյալների գաղտնիությունը, մյուս կողմից՝ հանրային շահը:

- Կենտրոնական ընտրական հանձաժողովն ու Ոստիկանությունը հրապարակում են ընտրողների ռեգիստրը՝ որը պարունակում է անձնական տվյալներ: Հասարակության շրջանում կան դժգոհություններ տվյալների բաց լինելու վերաբերյալ, սակայն քաղհասարակությունը կարևորում է այդ տվյալների մատչելիությունը ընտրական գործընթացների թափանցիկ կազմակերպան առումով: Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը:

 - Տեսեք, մշակված տվյալները պետք է օգտագործվեն այն նպատակով, ինչի համար իրենք ստեղծվել են: Ռեգիստրը ստեղծվել է ընտրական գործընթացի թափանցիկության համար: Բայց իրականում տվյալների 10-20 տոկոսն է օգտագործվում այդ նպատակով: Մնացածն օգտագործվում է լրագրողների, փաստաբանների եւ քաղհասարակության մյուս ներկայացուցիչների կողմից՝ լրագրողական հետաքննությունների եւ այլնի համար…

- Բայց դա հանրային շահից է բխում:

 - Այո, բայց մենք պետք է հասկանանք, որ դա պետության կողմից մշակվել է ոչ այդ նպատակով: Այն մշակվում, պահպանվում է ընտրական գործընթացները արդար ու թափանցիկ դարձնելու նպատակով: Բայց հնչած անհանգստությունները իսկապես լուրջ են, որովհետեւ այնտեղ քաղաքացիներին վերաբերող կարեւոր տվյալներ են, որոնց մատչելի դարձնելու համար մարդը պետք է նախապես տա իր համաձայնությունը: Տարբերակներից մեկը, որ քննարկվում է, այն է, որ մարդն ունենա ընտրության հնարավորություն: Եթե քաղաքացին դեմ է, որ իր տվյալները բաց լինեն, դրանք փակ դարձնելու իրավունք ունենա:

- Է՞լ ինչ առաջնահերթություններ կան, որոնք հրատապ լուծում են պահանջում:

 - Առաջինը տեսահսկման խնդիրն է, որը լայնորեն կիրառվում է թե՛ մասնավոր, թե՛ պետական սեկտորի կողմից եւ օրենքով ամենեւին կարգավորված չէ: Միայն ՃՈ-ի կողմից իրականացվող տեսահսկումն է, որ օրենքով կարգավորվում է: Միջազգային լավագույն փորձը կկիրառենք մեզ մոտ, կառաջարկենք կարգավորումներ: Բայց դրանք դեռեւս չեն լինի օրենսդրական կարգավորումներ, այլ՝ ուղենիշներ: Կլինի ուղեցույց այն մասին, թե ինչպես իրականացնել տեսահսկումը հանրային վայրում: Կփորձենք խաղի կանոններ սահմանել բոլորի համար, տեսնենք թե որքանով դրանք կիրառելի կլինեն մեր երկրում: Միշտ չէ, որ աշխարհի լավագույն փորձը Հայաստանում դրական կիրառություն է գտնում: Կիրառությունից հետո արդեն, գործակալությունը հանդես կգա օրենսդրական կարգավորումների առաջարկությամբ:

- Փաստորեն Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիները սպասարկող «Փարկինգ սիթի սերվիսի» կողմից տեսանկարահանումները նո՞ւյնպես օրենքով կարգավորված չեն:

- Առաջին վարույթը, որ իրականացնում է գործակալությունը, վերաբերում է ձեր նշած խնդրին: Քաղաքացին նշում է, որ ավտոկայանատեղիում ծառայություն մատուցող ընկերության կողմից տուգանքի է ենթարկվել, որի հիմքում դրված է հենց այդ տեսախցիկներով կատարված տեսագրությունը: Քաղաքացին սա համարում է ներխուժում իր անձնական կյանք: Վարչական վարույթը դեռ ընթացքի մեջ է: Շատ պատասխանատու է այս հարցով որոշում կայացնելը, քանի որ սա նախադեպ է լինելու մյուս բոլոր որոշումների համար:

-  Լրագրողները պետական էլեկտրոնային ռեգիստրներից օգտվում են հետաքննություններ անցկացնելու, կոռուպցիոն ռիսկեր բացահայտելու նպատակով:  Եթե գործարար հատվածը, որը հաճախ սերտաճած է պետական ապարատին, պահանջի թաքցնել տվյալները, ինչպե՞ս եք վարվելու:

- Դուք տալիս եք հարց, որի վերաբերյալ ես միանձնյա որոշում չեմ կարող կայացնել: Ցանկացած հարցի վերաբերյալ մենք դիրքորոշում ձեւավորում ենք, բայց այն պետք է երկար ճանապարհ անցնի, որպեսզի դառնա որոշում: Առաջին հերթին հարցը պետք է անցնի հանրային քննարկումների ճանապարհ, փորձաշրջան, որպեսզի հասկանանք, թե այն ինչպես է ազդելու իրականության վրա: Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում հիմա առաջին քայլերն են արվում: Եվ առաջին քայլերն անել առանց հանրությանը տեղեկացնելու, առանց նախագծերը թեստ անելու՝ սխալ կլինի: Ձեր նշած հարցով նախադեպեր չկան, որի վրա հենվենք: Առաջին քայլերը մենք ենք անելու, եւ ցանկացած սխալ կառույցի հեղինակությունը կդնի կասկածի տակ:

- Իսկ միջազգային փորձը ի՞նչ է ենթադրում:

- Պետք է դեռ ուսումնասիրել: Գործակալությունում երեք մարդ է աշխատում, եւ եթե փորձենք բոլոր հարցերը միանգամից լուծել, կձախողենք: Առաջնահերթ պետք է լուծենք այն հարցերը, որոնք ավելի մեծ թվով մարդկանց վրա են ազդեցություն ունենում: Մեկ բան կարող եմ հստակ ասել՝ անձնական տվյալների պաշտպանությունը չենք դարձնելու դոգմա եւ անտեսենք հանրային շահը:

- Միգուցե տարբերակում սահմանվի՝ պետական պաշտոնյաների տվյալները բաց լինեն, շարքային քաղաքացիներինը՝ փակ:

- Գիտեք, ՄԻԵԴ-ում ձեր ասածի վերաբերյալ կա նախադեպային իրավունք, որի վրա էլ կարելի է հենվել: Այնտեղ ասվում է, որ պետական պաշտոնյաների տվյալները ավելի բաց լինեն, քան սովորական քաղաքացիներինը:

- Ո՞րն է սահմանը հանրային շահի եւ անձնական տվյալների պաշտպանության: Մտավախություն չունե՞ք, որ եթե գործակալության որոշումներն ավելի շատ ուղղված լինեն սահմանափակմանը, քաղաքացիական հասարակության կողմից սրով կընդունվեն:

- Իհարկե մտավախություն ունենք: Դժվար է հստակ բանաձեւել, թե որն է սահմանը: Յուրաքանչյուր դեպք պետք է ունենա առանձին մոտեցում: Պետք է կոնկրետ հանգամանքներ ուսումնասիրվեն: Ինչ խոսք, մեր որոշումները կարող են բախման մեջ լինել եւ՛ պետական սեկտորի շահերի հետ, եւ՛ մասնավորի, եւ՛ քաղաքացիական հասարակության: Պետք է մեր որոշումներում այնքան համոզիչ ու արդարացի լինենք, որ դրանք հնարավորինս քիչ ենթարկվեն կասկածի եւ թերահավատության:

- Քաղաքացիները ո՞ր դեպքերում կարող են դիմել գործակալությանը եւ ի՞նչ ակնկալիքով:

- Քաղաքացիները կարող են դիմել բոլոր այն դեպքերում, երբ կարծում են, որ իրենց անձնական տվյալները ապօրինի են մշակվում, հավաքվում և օգտագործվում որեւէ կառույցի կողմից՝ մասնավոր թե պետական։ Ըստ օրենքի՝ մենք ստուգում ենք տյալների մշակման օրինականությունը։ Եթե պարզեցինք, որ այն ապօրինի է, ուրեմն կարող ենք կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ, պահանջել կասեցնել, դադարեցնել անձնական տվյալների ապօրինի մշակումը, իսկ խախտման համար տուգանել։ Նաեւ կարող ենք պարտադրել, որպեսզի արդեն մշակված տվյալները ոչնչացնեն կամ ուղեփակեն։

 

Աղբյուրը` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել