The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
Մարտ 22, 2014
Ծաղիկների երկրորդ կյանքը Նունե Խաչատրյանի աշխատանքներում
Ռոզա Գրիգորյան
Ուսանողի հայացք
Ծաղիկների երկրորդ կյանքը Նունե Խաչատրյանի աշխատանքներում

Ժողովրդական վարպետ Նունե Խաչատրյանի նուրբ ձեռքերում ծաղիկները նոր կյանք և շունչ են ստանում: Նրանք շարունակում են ապրել և հաճույք պատճառել մարդկանց` մեկ այլ ձևի մեջ:

Նունե Խաչատրյանը ծնվել է 1967 թ-ին Երևանում: Մանկուց շատ է սիրել ծաղիկներ: «Հայրիկիս հետ շատ եմ չորացրել ծաղկաթերթիկներ. ընթացքում նայել ենք, հիացել դրանցով: Պապիկս էլ ծաղիկներ էր մշակում»,- վերհիշում է Խաչատրյանը:

1983 -1984 թթ-ին Նունե Խաչատրյանն սկսել է հաճախել Երևանի Պիոներ պալատի նկարչական խմբակը: Այնուհետև սովորել է Երևանի համար 8 Գեղարվեստատեխնիկական ուսումնարանի հախճապակու բաժնում, աշխատել «Գայանե» կոոպերատիվի գունավոր ապակու արտադրամասում՝ որպես նկարիչ: 2005 թ-ին կազմակերպվել է նրա անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել է հայերենի ամբողջ այբուբենը` պատրաստված ծաղկաթերթիկներով: Մասնակցել է նաև խմբակային ցուցահանդեսների:

«Սովորաբար նախապես չորացնում եմ ծաղիկների թերթիկները, որպեսզի դրանք իրենց գույնը փոխեն և ստանան անհրաժեշտ գույնը, այնուհետև աշխատում եմ այնպես, ինչպես կաշխատեի ներկով` օգտագործելով, սակայն, ծաղկաթերթիկը»,-անկեղծանում է ժողովրդական վարպետը:

Նունե Խաչատրյանին ծաղիկներ շատ են նվիրում: Նույնիսկ այնպես է ստացվում, որ չի հասցնում իր համար ծաղիկ գնել: «Սովորաբար շրջում եմ նաև տարբեր մարզերով ու հավաքում ծաղիկներ` նոր գործերի համար: Օգտագործում եմ ծաղկի բոլոր թերթիկները»:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում օրերս բացվեց Նունե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը: «Հայկական տարազներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը և «Ծաղկանուն» զարդերի հավաքածուի ցուցահանդես-վաճառքը մեկտեղվել էր մեկ հարկի ներքո:

Միջոցառմանը ներկայացված էին Նունե Խաչատրյանի ծաղկաթերթերով ստեղծված աշխատանքները՝ 32 հայկական տարազ, ինքնադիմանկարներ և թեմատիկ հորինվածքներ: Ժողովրդական վարպետը ներկայացրել էր նաև «Ծաղկանուն» խորագիրը կրող իր զարդերի հավաքածուն:

«Ցուցադրված են չորացրած ծաղկաթերթիկներից պատրաստված իմ աշխատանքները, որտեղ կան նաև երկու ինքնադիմանկարներ, ինչպես նաև որոշ տառեր հայերենի այբուբենից: Ունեմ նաև կավից աշխատանքներ` առավելապես զարդեր : Տարազներն ստեղծելիս տարբեր նյութերից եմ օգտվել`հիմնականում «Հայկական տարազներ» գրքից: Պարզապես չեմ վերցրել և նույնությամբ ստեղծել, ինչ-որ բաներ փոխել եմ, իհարկե, չհեռանալով բնօրինակից, նաև կերպարներ եմ ստեղծել»,- անկեղծանում է Խաչատրյանը:

Զարդերը ևս հիմնականում ծաղիկներ են պատկերում: Թեման ամենուր նույնն է` միայն նյութն է տարբեր:

Ցուցահանդեսին էլ Նունե Խաչատրյանը բազմաթիվ ծաղիկներ ստացավ. դրանք ևս օրեր հետո կվերածվեն յուրօրինակ պատկերների:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել