The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
Մարտ 12, 2014
«Fake-երի դեմ», «Օղու գովազդին կողմ» օրինագծերը և մեր բակի Ջուլյա տատը
Սուրեն Դեհերյան
«Fake-երի դեմ», «Օղու գովազդին կողմ» օրինագծերը և մեր բակի Ջուլյա տատը

Մոտ ապագայում հայկական հեռուստատեսության գիշերային եթերը կլցվի տարատեսակ ալկոհոլային խմիչքների գովազդային հոլովակներով: Նյութս արդեն պատրաստ էր կայքում տեղադրելու համար, երբ տեղեկացա, որ «Գովազդի մասին» օրենքում փոփոխության նախագիծը, որով կթույլատրվի գիշերային ժամերին օղու գովազդը, Ազգային ժողովում ընդունվել է 66 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ոչ իշխանական պատգամավորները չէին մասնակցել քվեարկությանը` բոյկոտելով այն: Նախկինում թունդ ալկոհոլային խմիչքներից նույն օրենքով թույլատրվում էր եթերով գովազդել միայն տեղական արտադրության կոնյակ:

Ինչևէ, այս ամիս ԱԺ-ի օրակարգում կային երկու օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ինձ մոտ զարմանք և մտահոգություն են առաջացրել: Դրանցից մեկը ոչ պաշտոնական անվանում ստացած այս «Օղու գովազդին կողմ» նախագիծն էր, իսկ մյուսը` ‹‹Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին›› ՀՀ օրենքի նախագիծը կամ ոչ պաշտոնական անվանում ստացած «Ֆեյքերի դեմ» նախագիծը:

Նախ զարմացած եմ` տեսնելով, որ երկու նախագծերի հեղինակների ցանկում հիմնականում այն երիտասարդ, բանիմաց պատգամավորների անուններն են, որոնցից մի քանիսին անձամբ ճանաչում եմ, մյուսների հետ առիթ եմ ունեցել շփվելու և դրական տպավորություն ունեմ: Ինչո՞ւ հանդես գալ նման օրինագծերով, հարգելի գործընկերներ: Ո׳չ առաջինը և ո׳չ էլ երկրորդը մեր հասարակությանը, Հայաստանին և առավել ևս ՀՀ քաղաքացուն պետք չեն:

Եթե «Ֆեյքերի դեմ» օրինագծի վերաբերյալ արդեն հնչել են բազմաթիվ կարծիքներ, և հիմնականում` բացասական (իմ կարծիքը նյութի վերջնամասում), ապա «Օղու գովազդին կողմ» օրինագծի նկատմամբ կարծես հանրությունն այդպես էլ անտարբեր մնաց` միգուցե չպատկերացնելով դրա վտանգն ու հետևանքները մեր հասարակության, երիտասարդության, պատանիների համար:

Ժամը 22:00-ից հնարավոր է և կան անչափահասներ, որոնք քնած են, բայց անչափահասների և երիտասարդության հիմնական մասը հենց այդ ժամից սկսած մինչև կեսգիշեր գամվում են հեռուստացույցին` դիտելու հումորային հաղորդումներ, ֆուտբոլ, սերիալներ և այլն: Հեռուստադիտողը կոճակի միջոցով հնարավորություն ունի ընտրելու իր սիրելի հաղորդումը, բայց գովազդի ընտրությունը ամենևին էլ իրեն չի պատկանում: Դա փաթաթվում է հեռուստադիտողի վզին: Այս դեպքում հրամցվում է մի բան, որը կարող է երիտասարդ ընտանիքների հիմքերի խարխլման և պատանիների` օղու նկատմամբ հետաքրքրության ակտիվացման պատճառ հանդիսանալ: Ալկոհոլը գովազդողների շարքում էլ, հավանաբար, կլինեն երիտասարդության կողմից սիրված Հովոն, Մկոն, Գարիկը կամ ֆուտբոլային հավաքականի տղաները…, բա էլ ո՞ւր մնաց «Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք» կարգախոսը:

Հիմա «Ֆեյքերի դեմ» օրինագծի հերթն է, որի ճակատագիրը ևս կախված է հասարակության արձագանքից: Մինչ այժմ հնչեցրած մտահոգությունների հետ հիմնականում համաձայն եմ (օրինագիծը կարդացել եմ, միջազգային փորձին ծանոթ եմ):

[[wysiwyg_imageupload::]]Հնչած կարծիքներին կավելացնեմ հետևյալը. համացանցը Հայաստանում վերջին չորս տարիների ընթացքում այնպիսի տարածում է գտել, իսկ սոցցանցերն այնպիսի կիրառություն, որ այս վիրտուալ տարածքն այլևս հայկական իրականությունից ոչնչով չի տարբերվում` շփումների, բամբասանքների, հայհոյանքների, քծնանքների, հաճոյախոսության, ցուցամոլության, նախանձության, ձևականության և «իրար տակ փորողների» առումով: Այստեղ են ոստիկանները, լրտեսները, բժիշկները, մանկավարժները, ուսանողները, դասախոսները, աշակերտները, «մեծ քաղաքականությունը» և անգամ մեր բակի մտավորական 84-ամյա Ջուլյա տատին, ով նախորդ օրն ինձ հեռախոսով հարցնում էր, թե «պլանշետով» ինչպես գտնի քաղաքական գործիչներից մեկի վերջին ելույթը ռուսերեն լեզվով: Ասում էր` Գուգլում գրում է «доклад» ու էդ մարդու անունը, բայց չի բերում: Ես էլ ասացի, որ էդ սովետի ժամանակ էր կոչվում «доклад», հիմա արդյունավետ կլինի փնտրել «выступление» բառով:

Բոլորն են համացանցում և, ըստ էության, յուրաքանչյուրն էլի իր գործով ու հետաքրքրություններով:

Այս դեպքում, ասացեք խնդրեմ, կա՞ այնպիսի օրենք, որը կիրառելի է բակի այն հարևանի նկատմամբ (պայմանական` «բիբիսի» տատի), ով ամեն հանդիպելիս «անկեղծ» պատմում է, որ բակում «անհայտ» հարևաններն ինչ ասես, որ չեն ասում ձեր անձի վերաբերյալ, բայց աղբյուրներն այդպես էլ չի բացահայտում: Կարծում եմ` ոչ մի: Եթե դա ընդամենը հերյուրանք է` ջհանդամին թե չեն ասում: Մտրակով «բիբիսի» տատի բերանը չես փակի, բայց նաև կապը չես խզի նրա հետ, քանի որ չի բացառվում «բիբիսի» տատի ծառայությունները մի օր էլ ձեզ օգտակար լինեն: 

Ինչ վերաբերում է համացանցին, ապա հավատացնում եմ ձեզ, որ այստեղ անհայտ օգտատերեր չկան: Բոլորն էլ հայտնի են, պարզապես կան համացանցից շատ ու քիչ գիտելիքներ ունեցող օգտատերեր: Փորձեք ինքներդ գնահատել ձեր համացանցային գիտելիքները 5 բալանոց սանդղակով: Ես, օրինակ` հանդիսանալով համացանցի վերաբերյալ երկու գրքերի համահեղինակ, երկու հետազոտության ղեկավար և համահեղինակ, «ՏՀՏ տեխնոլոգիաները ԶԼՄ-ում» առարկայի դասախոս, ինձ կգնահատեմ` առավելագույնը 2: Եվ որքան շատ եմ ուսումանսիրում այս ոլորտը, այնքան գնահատականս իմ գիտելիքների նկատմամբ նվազում է, քանի որ համացանցը  զարգացման փուլում է և խիստ փոփոխական: «Պետք է»-ով համացանցում հարցեր չես լուծի:

Ես մնում եմ այն կարծիքին, որ նման օրինագծի անհրաժեշտություն չկա, և դա է պատճառը, որ անիմաստ եմ համարում ներկա գտնվել առաջիկայում ԱԺ-ում նախատեսվող օրինագծի բովանդակության վերաբերյալ քննարկումներին: Փոխարենը` կոչ եմ անում նախագծի հեղինակներին հանել օրինագիծը օրակարգից: 

Ի դեպ, եթե մի օր որևէ պաշտոնյայի հասցեին հայհոյանք տարածող «անհայտ հեղինակի» հետքերով գնան ու պարզեն, որ հեղինակը մեր հարևան մտավորական 84-ամյա Ջուլյա տատն էր, ես չեմ զարմանա այդ փաստից, բայց խիստ կմտահոգվեմ նրա ապագա կարգավիճակով: 

Աղբյուր` JNews.am

Լուսանկարների աղբյուր` Newstonight.net և Nettiesramblings.blogspot.com կայքերից

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել