The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ԼՀԱ Լուրեր
Դեկտեմբեր 25, 2018
Ամփոփվեց «Բաց տվյալների բանալի ՔՀԿ-ների համար» ծրագիրը
Ամփոփվեց «Բաց տվյալների բանալի ՔՀԿ-ների համար» ծրագիրը

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն «Ամփոփ մեդիա» նախաձեռնության հետ համատեղ դեկտեմբերի 20-ին ամփոփեց «Բաց տվյալների բանալի ՔՀԿ-ների համար» 6-ամսյա ուսումնական ծրագիրը:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) գրասենյակում կազմակերպված միջոցառմանը ներկա էին ծրագրի շահառուներ, գործընկերներ, տարբեր ՔՀԿ-ների և ԶԼՄ-ի ներկայացուցիչներ:

Ծրագրի ղեկավար, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը ներկայացրեց ծրագրի ընթացքում կատարված աշխատանքներն ու դրանց կարևորությունը, նշելով, որ «Բաց տվյալների բանալի ՔՀԿ-ների համար» ծրագրի անվանումը պատահական ընտրված չի եղել, քանի որ ծրագրի նպատակն էր աջակցել ՔՀԿ ներկայացուցիչներին ավելի ակտիվ և արդյունավետ օգտվել բաց տվյալների բազաներից, որոնք հասանելի են հանրությանը:

«Մենք՝ իբրև մեդիա կազմակերպություն, մշտապես հետևում ենք մեդիա տենդենցներին և կիսվում ենք ձեռք բերած նոր գիտելիքներով մեր գործընկերների հետ: Իսկ քաղհասարակության համար տվյալների հետ գրագետ աշխատանքը և դրանց կիրառումը չափազանց կարևոր է: Այսօր մենք ամփոփում ենք 6-ամսյա ծրագիրը, որի ընթացքում բազմաթիվ արժեքավոր նյութեր են ստեղծվել, թե՛ մեր կազմակերպության մենթորների, թե՛ մասնակից ՔՀԿ ներկայացուցիչների կողմից»,- նշեց Սուրեն Դեհերյանը:

363 Միջոցառման ընթացքում կայացավ նաև «Բանալի դեպի բաց տվյալներ» առցանց ձեռնարկի շնորհանդեսը, որը ներառում է թվային դարաշրջանում բաց տվյալների հետ աշխատանքի և վիզուալիզացիայի կարևորության մասին դասախոսություններ, վեբինարներ, ինչպես նաև գործնական առաջադրանքներ և բաց տվյալների բազաներ: Ձեռնարկի միջոցով ոլորտով հետաքրքրվողները կարող են ծանոթանալ և ինքնուրույն հմտանալ բաց տվյալների հետ աշխատելու ողջ տեխնիկային և գործիքակազմին:

«Բաց տվյալների բանալի ՔՀԿ-ների համար» ծրագրի նպատակն էր ՀԿ ներկայացուցիչներին ապահովել բաց տվյալներից օգտվելու այնպիսի կարողություններով, որոնք կիրառական կլինեն ՀԿ-ների ամենօրյա գործունեության ընթացքում և կնպաստեն տվյալների հետ աշխատանքում գրագիտության մակարդակի բարձրացմանը, ՀԿ-ների կարողությունների զարգացմանը և արդյունավետ աշխատանքին:

Ծրագրի ընթացքում մասնակիցները ուսումնասիրել են տվյալների հետ աշխատանքում անհրաժեշտ մի շարք համակարգչային և առցանց գործիքներ, ստացել համացանցում տվյալների բազաների որոնման և ուսումնասիրման վերաբերյալ գիտելիքներ, սովորել են ինքնուրույն ստեղծել ինֆոգրաֆիկաներ: 

358 Ծրագրի շահառուները հնարավորություն ունեցան մասնակցել նաև տվյալ ոլորտում մի շարք մասնագետների` մասնավորապես «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանի, «Kolba lab»-ի ներկայացուցիչ Մարինա Մխիթարյանի, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանի և Հայաստանի վիճակագրական կոմիտեի նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանի դասախոսություններին:

ԵՀՀ-ի «ՀԿ Դեպո» ծրագրի ներկայացուցիչ Գայանե Մկրտչյանը փաստեց, որ «Բաց տվյալների բանալի ՔՀԿ-ների համար» ծրագրին աջակցելու գլխավոր նպատակն էր ուժեղացնել ՔՀԿ-ներին և ժամանակը ցույց տվեց, որ ծրագիրն օգնել է, որ շատ գործիքներ հասանելի լինեն ՔՀԿ-ներին:

«Առհասարակ, ոլորտում կա մեծ խնդիր. այն է՝ տվյալները երբեմն ճիշտ չեն օգտագործվում՝ հատկապես ինֆորմացիայի այս հորդառատ դարում: ՀԿ սեկտորը շատ մեծ գործ է անում, սակայն, երբ գործը հասնում է տվյալների փուլին, առաջանում է որոշակի դժվարություն՝ հիմնավորումների հետ կապված, իսկ դա հանգեցնում է ՀԿ-ների նկատմամբ վստահության նվազմանը: Ուստի անհրաժեշտ էր ուղղորդել, որ ճիշտ աշխատեն և ճիշտ, հիմնավորված մատուցեն տվյալները»,- նշեց Մկրտչյանը:

361 Ցանկացած ծրագիր հաջողված է համարվում, եթե այն տալիս է իր պտուղները: Տվյալ պարագայում ծրագրի շահառուները ծրագրի ավարտին ունեցած ամփոփ աշխատանքներ, որոնք վերաբերվում էին տարբեր ոլորտներին: Աշխատանքներ, որոնք իրականացվել էին ծրագրի մեկնարկից սկսած և ամենակարևորը՝ նրանցում կիրառվել են այն գիտելիքները, գործիքակազմը, տեխնիկան և հմտությունները, որոնք ձեռք են բերվել ծրագրի ընթացքում: Մասնակիցներին ծրագրի ընթացքում անհատական խորհրդատվական աջակցություն է ցուցաբերվել մենթորների կողմից:

Ծրագրի մասնակիցներից Մարիամ Զադոյանի խոսքով՝ ծրագիրը գերազանցել է իր սպասելիքները, քանի որ, վերջինս լինելով հակակոռուպցիոն փորձագետ, մշտապես առնչվում է տվյալների հետ, ուստի ծրագրի շրջանակներում ձեռք բերած գիտելիքներն ու հմտություններն ավելի են հեշտացրել գործը:

Տաթևիկ Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ մասնակցելով «Բաց տվյալների բանալի ՔՀԿ-ների համար» 6-ամսյա ուսումնական ծրագրին, ձեռք է բերել առցանց գործիքներով աշխատելու հիմնարար գիտելիքներ, որոնք կիրառելի են դարձել աշխատանքային գործունեության ընթացքում:

«Մասնավորապես սովորեցի, թե ինչպես կարելի է տվյալների հիման վրա հետաքրքիր նյութեր պատրաստել, տարբեր ձևաչափի պատկերներից տվյալներ դուրս բերել, և, ի վերջո, ծանոթացա յուրահատուկ ինֆոգրաֆիկաներ պատրաստելու «նուրբ արվեստին»: Ծրագիրն ինձ համար շատ կարևոր էր և արդյունավետ»,- փաստեց Տաթևիկ Հովհաննիսյանը:

Ծրագրի մասնակիցներն ու աշխատանքները.

Հեղինակ` Մարիամ Զադոյան, «Իրավաբանների հայկական ասոցիացիա»

Հեղինակ՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ 

Հեղինակ` Մանե Գրիգորյան, «Խաղաղություն երկխոսություն»

Հեղինակ՝ Աստղիկ Փիրումյւան «Հանրային քաղաքականության ինստիտուտ»

Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» 

Հեղինակ` Նարե Ասլիզադյան, «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Հեղինակ՝  Վարդուհի Արամյան «Հայկական ճամբար» ՀԿ

362 Միջոցառման վերջում ծրագրի շահառուներին հանձնվեցին վեցամսյա դասընթացի մասնակցության վկայականներ:

Հավելենք, որ  ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում:

Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են սույն ուսումնասիրության հեղինակին ու «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԱՄՆ կառավարության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տեսակետները:

Աղբյուր` ԼՀԱ

Լուսանկարները՝ ԵՀՀ

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել