The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
September 23, 2015
Մեկ քայլ առաջ
Գոհար Տեր-Հակոբյան
Ուսանողի հայացք

Շատերի համար ամառը հանգստի, ամեն ինչ մոռանալու և անհոգությանը հանձնվելու ժամանակ է: 2015-ի ամառն այդպիսինը չէր: Վերադառնալով Եվրոպայից և հայտնվելով հայկական իրականության մեջ՝ հասկացա, որ նախկին կյանքիս հանդեպ ունեցած կարոտախտի չափաբաժինը պետք է կրճատել ու գործնական քայլեր ձեռնարկել: Ոգևորությունը մեծ էր: Մեծ էր նաև մեկ տարվա ընթացքում ձեռք բերած փորձը: «Էրասմուս Մունդուս» ուսանողական փոխանակման ծրագրով մեկնել էի Լեհաստան՝ Լոձի համալսարանում մեդիա և հաղորդակցություն ուսանելու:Արդյունքում դարձել էի ավելի հասուն, ավելի, այսպես ասած, մեդիա գրագետ:

Գիտեի, որ Հայաստան վերադառնալս չպետք է շարունակվեր ծով կամ ամառանոց մեկնելու ամենամյա սովորությամբ: Ուզում էի, որ Լեհաստանում ձեռք բերած գիտելիքը դրսևորվեր, տեսականից մտներ գործնական փուլ, ու ես նույնպես բարձրանայի մեկ աստիճան վերև: Պետք էր աշխատել: Միանգամից բացառեցի այն խմբագրությունը, որտեղ նախկինում աշխատել էի: Վերադառնալ այնտեղ՝ նշանակելու էր մեկ քայլ հետ կատարել: Իսկ առաջ գնալու և մասնագիտական զարգացման համար նոր հարթակ էր հարկավոր:

Երկար չփնտրեցի ու ընկերոջս հուշմամբ դիմեցի «Սիվիլիթաս» հիմնադրամի լրագրողական կամավորության ծրագրին: Դիմեցի, որովհետև, իմ դիտարկմամբ, հայկական մեդիա դաշտում «ՍիվիլՆեթ» օնլայն հեռուստատեսությունը քչերից է, որի մոտեցումները, նյութը մատուցելու ձևերը տարբերվում են մնացած լրատվա-վերլուծական մեդիա հարթակներից: Բացի այդ, մեկ տարի հայրենիքից դուրս գտնվելով, երկու աղբյուր էի ընտրել Հայաստանում կատարվածի մասին տեղեկանալու համար՝ «ՍիվիլՆեթ» և «Ազատություն»:

Հայտ ներկայացնելուց հետո երկար չսպասեցի. խմբագրությունից ստացած զանգից հետո շտապեցի ՍիվիլՆեթ: Ամեն ինչ անմիջապես ինձ դուր եկավ: Մեծ էր շփոթմունքս ու նաև ուրախությունս, երբ խմբագիրներն առաջարկեցին անմիջապես աշխատանքի անցնել: Ծանոթանալով աշխատակազմի ու գրասենյակի հետ՝ անցա գործի: Կարծում եմ՝ նոր խմբագրություն շտապելուց առաջ պետք է գաղափարներ ունենալ: Ես ունեի գաղափարներ, իսկ ՍիվիլՆեթն ինձ հնարավորություն տվեց դրանք իրականացնել:

Հիմա ես պատրաստում եմ հեռուստատեսային ռեպորտաժներ մշակութային և հասարակական թեմաներով: Առաջին նյութս Թումո ստեղծարար տեխնոլոգիաների տարեկան ամփոփիչ ներկայացման մասին էր: Հետաքրքիր է, բայց բարդ բան չկար, ու միանգամից ստացվեց: Հետո եկան մյուսները, գնալով թեմաները լրջացան ու ես էլ սկսեցի ավելի շատ բան սովորել: Ռեպորտաժներ պատրաստելը երկար աշխատանք է, ու հարկավոր է գործնական փուլերի հստակ պլանավորում: Պետք է իմանալ՝ ինչպես թեման վերածել ձայնապատկերային շարքի: Սկզբում կարդում ես, ուսումնասիրում, զանգահարում մարդկանց, պայմանավորվում ու նկարահանում նրանց: Աշխատանքային հաջորդ փուլում ձևավորվում է տեքստը, որը խմբագրվում է և ապա դու ձայնագրում ես այն: Վերջում մոնտաժն է: Արդեն մոնտաժի մի մասը ես եմ անում:

Ինձ դուր է գալիս աշխատել ՍիվիլՆեթում: Ես այստեղ օրեցօր աճում եմ: Խմբագիրները, լրագրողները, ռեժիսորը, մոնտաժողները օգնում են միասին անցնել իմ այս ճանապարհը: Կարծում եմ՝ սա հրաշալի սկիզբ է պրոֆեսիոնալ լրագրության ոլորտում: Ես շարունակելու եմ սովորել ամեն օր:

Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել