The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԱՄԱՑԱՆՑ
Մայիս 31, 2014
ԲԿԳ նախաձեռնություն. Հայաստանի մասնակցության գործընթացն անորոշ է
Հասմիկ Փայտյան
JNews-ի թղթակից
ԲԿԳ նախաձեռնություն. Հայաստանի մասնակցության գործընթացն անորոշ է
Image source: Ogp.am

21-րդ դարում տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացումը նորանոր հնարավորություններ է ստեղծում տարբեր ոլորտներում, այդ թվում` պետական կառավարման համակարգում:

«Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությունը, որին Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է 2011 թ-ից, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կառավարման համակարգ է, որը նպատակ ունի քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ Կառավարությունը դարձնել բաց, թափանցիկ, հաշվետվողական և վստահելի քաղաքացիների համար: Նախաձեռնությանը միացել են 64 երկիր:

Սակայն Հայաստանի պարագայում ԲԿԳ հայաստանյան գործողությունների 2014-2016 թթ. ծրագրի ճակատագիրն այս պահին անորոշ է:

Բանն այն է, որ Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին Կառավարության կազմի փոփոխության պատճառով, մի շարք աշխատակիցներ, որոնք ի պաշտոնե նաև համակարգում էին ԲԿԳ նախաձեռնությունը, այսօր փաստացի ազատված են իրենց զբաղեցրած պաշտոններից, իհարկե` սեփական դիմումների համաձայն:

Կառավարության նորանշանակ պաշտոնյաները ԲԿԳ-ի մասով առայժմ չեն շտապում հրապարակավ որևէ դիրքորոշում ներկայացնել:  

Մինչդեռ սույն թվականի հունիսի 30-ին Հայաստանը պետք է ԲԿԳ նախաձեռնության կենտրոնական մարմնին ներկայացնի հաջորդ երկու տարիների գործողությունների ծրագիրը: Այդ ուղղությամբ նախորդ Կառավարությունը մի շարք ՀԿ-ների հետ համատեղ 2013 թ-ի նոյեմբերից արդեն սկսել էր մշակել այն: Նոր նախագծում ներառված են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են` հանքարդյունաբերությունը, առողջապահությունը, մշակույթը, քաղաքաշինությունը, մաքսային և այլ ոլորտներ: Սակայն արդեն երկրորդ ամիսն է որևէ առաջխաղացում չկա:

ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) հասարակական կազմակերպությունը այս կապակցությամբ մի քանի շաբաթ առաջ գրություն է ուղարկել Հայաստանի կառավարություն` ԲԿԳ նախաձեռնության շուրջ Կառավարության նորանշանակ աշխատակազմի դիրքորոշումն ու հետագա քայլերը պարզելու համար:

JNews-ի հետ զրույցում ԻԱԿ-ի փորձագետ Լիանա Դոյդոյանը նշեց, որ իրենք փորձել են հեռախոսազանգով ճշտել գրության կարգավիճակը և պարզվել է, որ դեռևս պատասխանը պատրաստ չէ:

Դոյդոյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ ԲԿԳ գործողությունների ծրագրերի մշակմանն ակտիվ չեն մասնակցում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: «Կառավարությունը կարող է ավելի ակտիվ լինել ՀԿ-ներին ներգրավվելու հարցում, բայց վերջիններս ևս պետք է ակտիվ լինեն և ԲԿԳ էությանը համապատասխան առաջարկություններ ներկայացնեն»,- ասում է Դոյդոյանը:

Ըստ նրա` նախաձեռնության սկզբնական փուլում տեղական ՀԿ-ներից քչերն էին տեղյակ, բայց 2013 թ-ի համաժողովին հրավիրված մոտ 40 ՀԿ-ի ներկայացվել էր նախաձեռնությունը, սակայն առաջարկություններ այդպես էլ չհետևեցին:  

ԲԿԳ-ի քննարկումներից երկուսին մասնակցել էր նաև Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը, ով կարծում է, որ նախաձեռնությունն ունի ռազմավարության խնդիր:

«Մենք գալիս ենք վերջից, ոչ թե գալիս ենք նրանից, թե այսօր մեր երկրում ինչ խնդիրներ, մարտահրավերներ ունենք ու դրանից ելնելով, փորձում ենք հասկանալ` ինչպես լուծել դրանք,- ասում է Կիրակոսյանը` հավելելով, որ կարդալով այս նախաձեռնության Գործողությունների ծրագիրը` իր մոտ տպավորություն էր, որ ուղղակի տարբեր տեղերից ինչ-որ ծրագրեր են բերել-լցրել` փորձելով համապատասխանեցնել նախաձեռնությանը: «Դրանից ելնելով էլ ՀԿ-ների մասնակցության խնդիրն է դառնում անորոշ` ինչի՞ն մասնակցեն մարդիկ, նրան, որ արդեն ինչ-որ մի տեղից ինչ-որ մի գործողություն եկել, մտել է այս ծրագրի մեջ ու հիմա քննարկենք, թե, արդյոք, այս ծրագրի մեջ լավ է տեղավորվում, թե՞ ինչ-որ բան փոխենք»,- նշում  է Կիրակոսյանը:   

ԲԿԳ-ի այս տարվա քննարկմանը բաց կառավարման համատեքստում նա երկու հիմնական մարտահրավերի մասին էր խոսել: «Առաջինը օլիգարխիկ համակարգն է, որտեղ մեծ տնտեսվարողներն, ըստ էության, թելադրում են ամեն ինչ: Այս խնդիրը կա նաև Վրաստանում, նույն Ուկրաինայում: Ուստի եթե մենք խոսում ենք բաց կառավարման մասին, ապա պետք է սրա լուծումները գտնենք: Իհարկե, ոչ միանգամից` հեղափոխական ձևով»,- ասում է Կիրակոսյանը:

Որպես երկրորդ կարևոր մարտահրավեր` նա նշում է այն հանգամանքը, որ Կառավարության տարբեր նախաձեռնություններում հասարակական սեկտորի մասնակցությունը, կարծես թե, ապահովված է, սակայն ազդեցության լծակներ չկան:

«Արդյունքում ամբոխավարական ձևերով է հնարավոր լինում ինչ-որ բաների վրա ազդել, օրինակ` «100 դրամ» ակցիան,  «Դ!եմ եմ» շարժումը»,- նշում է Կիրակոսյանը` հավելելով, որ Կառավարությունը չգիտի` ինչպես երկխոսել հասարակության հետ:

Ըստ նրա` առհասարակ, ՀՀ կառավարությունը պետք է հասարակության հետ երկխոսության մեխանիզմներ ձևավորի ոչ միայն էլեկտրոնային մասնակցության առումով:

«Դա պետք է որպես ամենակարևոր խնդիր դրվի բաց կառավարման գործընթացում»,- կարծում է Կիրակոսյանը:

ԲԿԳ նախաձեռնության հայաստանյան գործողություններին ծանոթացեք Ogp.am կայքի միջոցով:

ԲԿԳ նախաձեռնության միջազգային հարթակի հասցեն է Opengovpartnership.org.

Սույն հրապարակումը պատրաստվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կողմից հրատարակվող «Համացանց և Իրավունք» հատուկ տեղեկագրի շրջանակում` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակին, և հնարավոր է` չհամընկնեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: «Համացանց և Իրավունք» տեղեկագրի բոլոր նյութերին ծանոթացեք այստեղ:

Աղբյուր` JNews.am

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել