The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Դեկտեմբեր 12, 2017
Հայտնի են «ՑԵՑ» քաղաքական արվեստի առաջին մրցույթի դափնեկիրները
Հայտնի են «ՑԵՑ» քաղաքական արվեստի առաջին մրցույթի դափնեկիրները

Դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, առաջին անգամ Հայաստանում անցկացվեց նախադեպը չունեցող «ՑԵՑ» քաղաքական արվեստի առաջին մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր www.MediaLab.am -ի և «Ցեց» քաղաքական երգիծաթերթի նախաձեռնությամբ։ 

Մրցանակաբաշխության նպատակն էր մեծարել քաղաքական դիրքորոշում ունեցող արվեստագետներին, հասարակական գործիչներին և քաղաքացիական ակտիվիստներին:

Մրցույթին ներկայացվել էր շուրջ 45 հայտ, որոնցից լավագույնները ստացան իրենց «Ցեցերը»:

«Մենք չենք գնահատում, սա գնահատման մրցույթ չէ, մենք ցանկանում ենք մեծարել, ծափահարել և շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր չեն վախեցել իրենց տեսակետն արտահայտելուց և արվեստը օգտագործել են՝ ի նպաստ շատ ավելի կարևոր մի նպատակի: Արվեստը հզոր գործիք  է և ուժ, որը կարող է շատ մեծ խնդիրներ լուծել»,- «Ցեց» մրցանակաբաշխության բացմանն ասաց «Մեդիալաբի» և «Ցեց»  երգիծաթերթի հիմնադիր-խմբագիր Մարիաննա Գրիգորյանը:

Վիզուալ արվեստ (գեղանկարչություն, սթրիթ արթ, տեսանյութ, ծաղրանկարներ) անվանակարգում շնորհվեցին 2 մրցանակ և 1 խրախուսական մրցանակ։ 

Խրախուսական մրցանակի արժանացավ Արփի Բալյանը սթրիթ արթի և «Ես խոսում եմ քեզ հետ, դու ինձ չե՞ս լսում» ցուցահանդեսի համար։

Արծաթե #ՑԵՑ մրցանակի արժանացավ Միքայել Մարգարյանը (ՄիՔո) «Человек-Ցուցակ» և «Իմ քեռին չի» երգերի ու տեսահոլովակների համար։ Մրցանակակիրը ստացավ արծաթե ՑԵՑ կրծքանշան և դրամական պարգև:

Գլխավոր #ՑԵՑ մրցանակի արժանացավ Սերգեյ Դանիելյանը «Ք1» առցանց հաղորդաշարի համար։ Մրցանակակիրը ստացավ օբսիդիանե պատվանդանով արույրից ձուլված «ՑԵՑ»-ի արձանիկ և դրամական պարգև։

Տեքստ (հրապարակախոսություն, սյունակ, վերլուծություն, արձակ, պոեզիա) անվանակարգում շնորհվեց 3 մրցանակ։

Արծաթե #ՑԵՑ մրցանակի արժանացավ գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը հրապարակախոսական հոդվածների համար:

Արծաթե #ՑԵՑ մրցանակի արժանացավ նաև գրող Արմեն Հայաստանցին «Մայրենիք. դրոշ» վեպի համար։ 

Մրցանակակիրներին շնորհվեցին արծաթե ՑԵՑ կրծքանշաններ և դրամական պարգև:

308 Գլխավոր #ՑԵՑ մրցանակի արժանացավ լրագրող, հրապարակախոս Մհեր Արշակյանը հրապարակախոսական հոդվածների համար։ Մրցանակակիրը ստացավ օբսիդիանե պատվանդանով արույրից ձուլված «ՑԵՑ»-ի արձանիկ և դրամական պարգև։

Ակցիա, երաժշտություն և թատրոն (այդ թվում՝ փերֆորմանս և այլն) անվանակարգում նույնպես շնորհվեց 3 մրցանակ։

Արծաթե #ՑԵՑ մրցանակի արժանացավ իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը քաղաքացիական դիրքորոշման և ակտիվության համար:

Արծաթե #ՑԵՑ մրցանակի արժանացան նաև «Թեք տեղ» թատերախումբն ու ռեժիսոր Նանոր Պետրոսյանը «Վերապատմում» ներկայացման համար։ 

Մրցանակակիրներին շնորհվեցին արծաթե ՑԵՑ կրծքանշաններ և դրամական պարգև։ 

Գլխավոր #ՑԵՑ մրցանակի արժանացավ Արտակ Գևորգյանը քաղաքացիական ակտիվության և «ստվարաթղթե տանկով» ակցիայի համար։ Մրցանակակիրը ստացավ օբսիդիանե պատվանդանով արույրից ձուլված «ՑԵՑ»-ի արձանիկ և դրամական պարգև։

«Ես ողջունում եմ «Մեդիալաբին» և «ՑԵՑ»-ին շատ կարևոր խնդիր լուծելու համար. դա կարծրատիպերը կոտրելն է: Մեր հասարակությունը կարծրատիպային հասարակություն է, և շատ կարևոր է, որ լրագրողներն այդ կարծրատիպերը կոտրեն, դա դժվար աշխատանք  է, բայց շատ կարևոր: Ես հիանում եմ այս ծաղրանկարներով և այս աշխատանքով»,- ասաց իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, ով մրցույթի ժյուրիի անդամ էր:

Մրցանակաբաշխությունն անցկացվեց «Հոդված 3» ակումբում, որտեղ նախաձեռնողները կազմակերպել էին նաև քաղաքական ծաղրանկարի լվացք-ցուցահանդես: 

Միջոցառմանը ներկա էին արվեստագետներ, իրավապաշտպաններ, քաղաքացիական ակտիվիստներ և տարբեր ոլորտներում աշխատող ՀԿ ներկայացուցիչներ:

Լուսանկարները՝ Անի Գեւորգյանի

Send by email
Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել