The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Մարտ 17, 2011
ՊԻԿ հեռուստաալիքը կլրացնի տեղեկատվության բացը Կովկասում
Գայանե Միրզոյան
JNews-ի թղթակից
ՊԻԿ հեռուստաալիքը կլրացնի տեղեկատվության բացը Կովկասում
ՊԻԿ-ի տնօրեն Ռոբերտ Պարսոնսը(մեջտեղում)

Ռուսալեզու ՊԻԿ (ПИК- Первый информационный кавказский) հեռուստաալիքը, որը հեռարձակվում է Վրաստանից, հետաքրքրված է հայաստանյան հեռուստապրոդյուսերների, ռեժիսորների և լրագրողների հետ համագործակցության մեջ: Երևանում հեռուստաալիքի և pik.tv կայքի շնորհանդեսի ժամանակ ՊԻԿ-ի տնօրեն Ռոբերտ Պարսոնսը նշեց, որ հեռարձակման նպատակն է ներկայացնել Կովկասը իր սահմաններից դուրս գտնվող լսարանին, ինչպես նաև լրացնել տեղեկատվության պակասը հարևան երկրների մասին տարածաշրջանի ներսում:

Գլխավոր գրասենյակը գտնվում է Թբիլիսիում, բայց «մենք վրացական հեռուստաալիք չենք, չնայած՝ հեռարձակում ենք Վրաստանից: Մեր ալիքը կովկասյան է», - ասում է Պարսոնսը:

Կովկասյան հեռուստաալիքը Հայաստանում ունի իր սեփական թղթակիցը, իսկ ՊԻԿ հեռուստաընկերությունում՝ Թբիլիսիում, աշխատում են Վրաստանում հայկական համայնքի ներկայացուցիչներ:

ՊԻԿ հեռուստաալիքը համարվում է «Առաջին կովկասյան» ալիքի իրավահաջորդը: ՊԻԿ-ն իր հեռարձակումներն սկսել է 2011 թվականի հունվարի վերջից: 2010 թվականի հուլիսին Վրաստանի հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հեռուստաալիքի կառավարումը հանձնվեց «ՔԵՅ-1» (K-1) ՍՊԸ ընկերությանը, որի հիմնադիրներն են Ռոբերտ Պարսոնսը (նախկինում BBC-ի թղթակից) և Եկատիրինա Կոտրիկաձեն:

Ըստ անգլախոս Ռոբերտ Պարսոնսի՝ հեռուստաալիքի հեռարձակման լեզու ընտրված է ռուսերենը, քանի որ այն համարվում է տարածաշրջանի հիմնական շփման լեզուն:

«Լսարանի մեծ մասը ծանոթանում է հեռուստաալիքի արտադրանքին կայքի միջոցով: 3-4 շաբաթ անց արդեն կգործի կայքի անգլերեն տարբերակը», - նշել է հեռուստաալիքի կայքի նախագծերի մենեջեր Նոդար Դավիթուրին: Մոտ ժամանակներս նաև պլանավորվում է վեցժամյա հեռարձակումից անցում քսանչորսժամյա հեռարձակման: Հեռուստաալիքը խրախուսելու է նաև քաղաքացիական լրագրությունը:

Ինչպես հայտնում է «Кавказский узел»-ը՝ ՊԻԿ հեռուստաալիքը ֆինանսավորելու համար Վրաստանի հանրային հեռարձակողի պահուստային ֆոնդից հատկացվել է 4,7 մլն. լարի: Միևնույն ժամանակ, ըստ Պարսոնսի, Վրաստանի կառավարության հետ կա պայմանավորվածություն, որ նրանք չեն խառնվելու խմբագրության աշխատանքներին:

Երևանում կայացած ասուլիսի ժամանակ շոշափվեց նաև ռուսական կողմի մտավախությունը կապված այն բանի հետ, որ հեռուստաալիքը հակառուսական քարոզչություն է հետապնդելու: Ըստ Պարսոնսի, նույնիսկ ռուս քաղաքական գործիչ Սերգեյ Մարկովը, որը սուր քննադատություններով է հանդես եկել ՊԻԿ-ի ստեղծման վերաբերյալ, վերջերս Մոսկվա-Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ ընդունեց, որ տվյալ պահին հեռուստաալիքի նյութերի բովանդակությունը օբյեկտիվ է:

Պատասխանելով JNews.am կայքի թղթակցի հարցին, թե ինչպես է հեռուստաալիքի գլխավոր տնօրենը վերաբերվում ՊԻԿ-ի առաջատար լրագրող Օլեգ Պանֆիլովի բլոգի գրառումներին, որտեղ հաճախ հայտնվում են հայերի և կովկասյան այլ ազգերի վերաբերյալ քսենոֆոբիական արտահայտություններ, Ռոբերտ Պարսոնսը պատասխանեց. «Օլեգ Պանֆիլովը հաճախ է արտահայտվում սարկազմով: Ես ծանոթ եմ նրա բլոգի գրառումներին, և չնայած՝ կարող եմ շատ բաների հետ չհամաձայնվել, սակայն նրա գրառումերի մեջ քսենոֆոբիա չեմ տեսնում»:

ՊԻԿ տեղեկատվական հեռուստաալիքը Թբիլիսիից իրականացնում է վեցժամյա (19:00 – 01:00 Թբիլիսիի ժամանակով) հեռարձակում ռուսերեն լեզվով Հարավային և Հյուսիսային Կովկասի, Ուկրաինայի, Բելառուսի, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի տարածքներում: Հեռուստաալիքը եթեր է դուրս գալիս Hot Bird արբանյակով, ինչպես նաև՝ առցանց ֆորմատով www.pik.tv կայքում: 

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել