The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Փետրվար 28, 2011
Վիրտուալից իրական. ՀՀ-ում սոցիալական ցանցերի ազդեցությունը ներքաղաքական մթնոլորտի վրա
Կարինե Ասատրյան
«ՋեյՆյուզ»
Վիրտուալից իրական. ՀՀ-ում սոցիալական ցանցերի ազդեցությունը ներքաղաքական մթնոլորտի վրա

Ինտերնետում տեղեկատվություն տարածելու ազատության խնդիրը քննարկման առարկա է դարձել ողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում, հատկապես այն բանից հետո, երբ մեծացավ բողոքի ալիք բարձրացնելու նպատակով սոցիալական ցանցերի օգտագործումը:

Քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Վահան Դիլանյանը կարծում է, որ ինտերնետը և սոցիալական ցանցերը կարող են լինել «անհրաժեշտ, բայց ոչ բավարար» գործիքներ Հայաստանում եգիպտական «domino effect» հարուցելու համար:

Քաղաքագետը նման կարծիք ձևավորել է Հայաստանի և Եգիպտոսի Facebook-ից օգտվողների թվերը համեմատելուց հետո: Պարզել է, որ հայաստանյան ցուցանիշերը (4,5 տոկոս), ընդհանուր առմամբ, այդքան էլ չեն զիջում եգիպտականին (6, 8 տոկոս): Երկու երկրում էլ Facebook-ից օգտվողների հիմնական զանգվածը կազմում են երիտասարդներ` 18-ից 33 տարեկան:

«Այս փաստերը կարող են մարտահրավեր լինել հայաստանյան իշխանությունների համար, քանի որ պատմությունը և ներկան ցույց են տալիս, որ հենց երիտասարդությունն է դառնում փոփոխության շարժիչը»,-ասում է քաղաքագետը:

«Հայաստանում նման իրավիճակ չկա: Ինտերնետը փակել-չփակելու խնդիր չկա: Եթե մի բան փակում ես, բացասական էներգիան կուտակվում և պայթում է: Ոչ թե փակելու կողմնակից եմ, այլ ինտերնետից ճիշտ օգտվելու կողմնակից»,- ասում է իշխող` Հանրապետական կուսակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

Պատգամավորն ընդունում է ինտերնետի աճող ազդեցությունը, սակայն բացառում է, թե ինտերնետի միջոցով հնարավոր է Հայաստանում հեղափոխական ալիք բարձրացնել, ինչպես արաբական աշխարհում:

«Ինչքան ուզում է ինտերնետ լինի, առանց պատճառների հեղափոխություն դժվար է անել: Հեղափոխություն Հայաստանում ինչո՞ւ պիտի անեն: Հայաստանում իշխանությունն ամենահեղափոխականն է լավ իմաստով»,- ասում է պատգամավորը:

Բացի այդ, ըստ նրա, ինտերնետային հեղափոխության արդյունքն այնքան էլ ոգևորող չէ:

«Լավ, Եգիպտոսում հեղափոխություն եղավ, վերջացավ: Ի՞նչը լավացավ: Էլի իշխանությունը նույն գեներալիտետի ձեռքում է, էլի նախարարները Մուբարաքի նշանակած մարդիկ են: Դա բացասական էներգիա է, որ պիտի պայթի, գնա: Այսինքն, մարդկանց պետք չէ փակի տակ պահել: Երբ դու փակի տակ ես պահում, նա ձգտում է այդ ազատությանը»,- պարզաբանում է ՀՀԿ պատգամավորը:

Չլինելով ինտերնետային ազատության սահմանափակման կողմնակից` Շարմազանովը դեմ չէ, որ, այնուամենայնիվ, լինի «ինտերնետից օգտվելու կուլտուրա»:

«Պետք է յուրաքանչյուր ոլորտ կարգավորված լինի, և պետք է անել ամեն ինչ, որ լինի ինտերնետից օգտվելու կուլտուրա: Պետությունը նրա համար է, որ ամեն ոլորտ կարգավորի, հակառակ դեպքում կլինի անարխիա»,- ասում Շարմազանովը:

Նրա կուսակցական ընկեր, Աժ պատգամավոր Արտակ Զաքարյանը վստահեցնում է, որ այս պահին շրջանառության մեջ համացանցը կարգավորող որևէ օրենսդրական նախագիծ չկա: Չնայած չի բացառում, որ առաջիկայում լինեն քննարկումներ Հայաստանում համացանցային խնդիրները կարգավորելու վերաբերյալ: Իսկ քննարկումների արդյունքում հնարավոր է ընդունվի որևէ օրենք:

«Դա չի նշանակում վերահսկողություն: Նորմալ օգտվողի համար բոլորովին էլ հաճելի չէ ինտերնետում հանդիպել ոչ կոռեկտ և անբարո արտահայտությունների»,- ասում է Արտակ Զաքարյանը:

Ըստ այդմ էլ, իշխող կուսակցության ներկայացուցիչը պատճառաբանում է ինտերնետից օգտվելու հատուկ կարգի անհրաժեշտությունը, երբ «էջերը սպասարկողները պարտավորված կլինեն որակը և մատչելիությունը պահպանել»: 

 

Մասնակցեք «ՋեյՆյուզի» հարցմանը.

Պե՞տք է արդյոք սահմանել հատուկ կարգ ինտերնետից օգտվողների համար

Աղբյուր` JNews.am


Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել