The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Փետրվար 27, 2011
Վերականգնել ավանդույթը. Գյումրիի «Ասպարեզը» ուզում է ասպարեզ հանել օրաթերթ
Նունե Արևշատյան
«ՋեյՆյուզ»
Վերականգնել ավանդույթը. Գյումրիի «Ասպարեզը» ուզում է ասպարեզ հանել օրաթերթ
Levon Barseghyan

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը մտադրված է երկու ամսից նոր օրաթերթ հրատարակել Գյումրիում: Ըստ նրա, ի տարբերություն մեծ քանակությամբ օրաթերթեր ունեցող մայրաքաղաքի, մարզերում արդեն 20 տարի է' ԶԼՄ-ի այս տեսակը գոյություն չունի, և անհրաժեշտ է վերականգնել վաղ առավոտյան թերթ ընթերցելու ավանդույթը:

«Ես ինքս մի շարք անգամներ տարբեր դոնորների բացատրել, խնդրել, համոզել եմ, որ մարզերում տպարանային աջակցություն ցուցաբերեն, տպարաններ հիմնելու համար գումարներ հատկացնեն, հիմա հույս ունենք, որ այդ հատկացումը կլինի, և վերջապես մեր քաղաքում երկար ընդմիջումից հետո մենք կունենանք մերը»,-պարզաբանում է Լևոն Բարսեղյանը:

Թերթի արտադրության հարցում Բարսեղյանը ակնկալում է թե' տեղացի, թե' դրսի դոնորների աջակցությունը, ըստ նրա, եթե անգամ աջակցություն չլինի, իրենք սեփական ուժերով կփորձեն հրատարկել թերթը: Ըստ Բարսեղյանի` ֆինանսական աջակցություն արդեն խոստացել են, բայց քանի դեռ պայմանագիրը կնքված չէ, ֆինանսավորողի անունը նշել չի ցանկանում:

Նախագծի համար «Ասպարեզ» ակումբի հաշվարկներով անհրաժեշտ է միանվագ 80 000 ԱՄՆ դոլարի ներդրում: Այս գումարի մեջ ներառված չեն խմբագրության ընթացիկ ծախսերը, որոնք ըստ Բարսեղյանի ամսեկան կկազմեն մոտ 4000 դոլար:

Մանրամասնելով նախագիծը` Բարսեղյանը նշում է, որ օրաթերթում արտացոլվելու է «Ասպարեզ» ակումբի վարքը, ծայրահեղ քննադատական մոտեցում է ցուցաբերվելու հասարակական կյանքում տեղի ունեցող «այլանդակությունների», չարաշահումների նկատմամբ, ապահովվելու է բազմակարծությունը:

«Թերթը ժամանցային չի լինելու, ասենք` չի անդրադառնալու աստղերի կյանքին և այլն, դրանք օրաթերթում չեն լինելու: Ես ուզում եմ, որ այն դառնա քաղաքի զարկերակը, այսինքն մարդիկ չկարողանան «յոլա գնալ» առանց այդ թերթի: Եվ այն ստանդարտները, որոնք մենք ունենք հայաստանյան թերթերի արդյունաբերության մեջ, որ պետք է թերթերը լույս տեսնեն երեքշաբթիից շաբաթ, իսկ կիրակի, երկուշաբթի լույս չեն տեսնելու, մենք ջարդելու ենք»,- ասում է Բարսեղյանը:

Ըստ նրա` նախ թերթը լույս կտեսնի շաբաթական 5 օր, այնուհետ շաբաթվա բոլոր օրերին: «Հնարավոր է` 6-րդ օրը թերթը լույս տեսնի հավելվածներով, ինչպես Արևմուտքում է, եթե պետք լինի' երեկոյան համարներով, արտակարգ թողարկումներով»,- ներկայացնում է «Ասպարեզ» ակումբի նախագահը:

Նրա ասելով, առաջին ամսում թերթի 200 օրինակը սպառելուց հետո, առաջիկա երկու տարվա, իսկ ավելի ստույգ 21 ամսվա ընթացքում տպաքանակը հասցվելու է 1500 օրինակի: Թերթի գինը նախատեսվում է սահմանել 50-80 դրամ: Ըստ Բարսեղյանի, օրաթերթի իրացման գոտին նախնական շրջանում կլինի Շիրակի մարզը, հետո այն կվաճառվի նաև հարևան Լոռիում և մայրաքաղաքում:

Բարսեղյանը վստահեցնում է, որ նոր օրաթերթը մեծ դերակատարություն է ունենալու առաջիկա խորհրդարանական (2012թ-ին) և նախագահական (2013 թ-ին) ընտրություններում:

Գյումրիում այժմ լույս են տեսնում «Հինգշաբթի» ու «Շրջապատ» շաբաթաթերթերը` երկուսն էլ 3000 օրինակով, որոնց խմբագիրները հանրապետությունում արձանագրվող ամեն մի գնաճից հետո դժգոհում են իրենց թերթի սպառման ծավալներից: Սպառման հետ կապված խնդիրների վերաբերյալ Բարսեղյանն ունի իր հստակ դիրքորոշումը և համարում է, որ թերթի արտադրությունը ամենևին էլ ռիսկային չէ, եթե նախապես ճիշտ գնահատվի սպառողի հետաքրքրություններն ու շահը:

«Ես ընդհանրապես ոչ միայն Շիրակի մարզի, այլ հայաստանյան թերթերի ծանր վիճակը, ընթերցողների փոքր թիվը կապում եմ սոցիալական պատվերը, հանրության կարիքները մարդավարի չբավարարելու հետ: Ճիշտ է` գինն էլ մի բան չէ, թերթի համար կարելի է ասել` թանկ է, բայց ես վստահ եմ, եթե մարդկանց սոցիալական պատվերը բարեխղճորեն, հետևողականորեն, օպերատիվ կերպով կատարեն, ինքնածախսածածկման կարող են հասնել», - կարծում է Բարսեղյանը:

Նա վստահեցնում է, որ օրաթերթով ցանկություն չունի վնասել Գյումրիում լույս տեսնող մյուս թերթերին: «Եթե մեր քաղաքում օրաթերթ լիներ, այդ նախաձեռնությունը չէր լինի մեզանից: Շաբաթաթերթերը լավ էլ աշխատում են շաբաթաթերթերի ամպուլայի մեջ, ես չեմ ուզում, որ օրաթերթը անգամ տպաքանակի իմաստով վնասի շաբաթաթերթերին: Բայց չեմ բացառում, որ օրաթերթի ի հայտ գալուց հետո շաբաթաթերթերը ստիպված լինեն ինչ-որ փոփոխություններ մտցնել իրենց բովանդակության մեջ», - ասում է Բարսեղյանը:

Թվայնացման դարաշրջանում, երբ ողջ աշխարհում ավանդական ԶԼՄ-ները ձգտում են վերաձևափոխվել էլեկտրոնային մեդիաների` իրենց լսարանը եթե չընդլայնելու, ապա չկորցնելու նպատակով, «Ասպարեզի» տպագիր թերթի գաղափարը թվում է ոչ հեռանկարային:

Սակայն Բարսեղյանը նման դիտարկմանն այսպես է արձագանքում. «Ես այլ կարծիքի եմ, Հայաստանում ինտերնետը լայնորեն ներդնելու համար դեռ ահագին ժամանակ է պետք, դեռ սերունդներ են փոխվելու, ի վերջո մենք ունենք ավագ և միջին սերնդի ներկայացուցիչներ, որոնք դժբախտաբար էդ տեխնոլոգիաներից մնում են և մնալու են հեռու»:

Բայց նա վստահեցնում է, որ օրաթերթը ունենալու է իր ինտերնետային տարբերակը, որը կլինի լիարժեք լրատվական կայք` ավելի ծավալուն, քան տպագիր օրինակն է:

Թերթի անունը վերջնականապես որոշված չէ, սակայն Բարսեղյանը խոստովանում է, որ անվան մեջ պետք է անպայման լինեն Գյումրի և/կամ «Ասպարեզ» բառերը: Անձնակազմի առումով նա այժմ հավաքագրում է այնպիսի լրագրողների, որոնք, ինչպես ինքն է ասում' «քարե դարից չեն», այսինքն փայլուն տիրապետում են համակարգչին և ունեն լուսանկարչական հմտություններ: 

Աղբյուր` JNews.am


Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել