The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Հոկտեմբեր 6, 2008
Ավելին, բայց ավելի էժան. Զեյթունի հանրակացարանում կացության համար սահմանվածից ավելի են վճարում
Քրիստինե Աղալարյան

Համաձայն Զեյթունի ուսանողական հանրակացարանում բնակվող պետական բուհերի ուսանողների, հանրակացարանում իրենց բնակության համար ուսանողները օրինական սահմանված վարձավճարից ավելի են վճարում: Ուսանողները հավաստիացնում են, որ դա անում են ստիպված, քանի որ գիտեն, որ Երևանում բնակարան վարձելու դեպքում պիտի վճարեն մի քանի անգամ ավելի:

«Ես 50 հազարից ավելի եմ վճարում: Երբ այստեղ սենյակ էի ուզում ստանալ, ինձ ասացին, որ 95 հազար պետք է վճարեմ. ես կարգը չգիտեի, համաձայվեցի, դա ինձ ձեռնտու էր», - պատմում է հանրակացարանում ապրող ոչ պետական բուհում սովորող ուսանողներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը: Մեր զրուցակիցը նշեց, որ եթե հենց սկզբից իմանար, որ իր վճարած գումարը սահմանվածից շատ էր, միևնույն է, կմուծեր. «Մենք ոչինչ չենք կարող անել, քանի որ Երևանում բնակարան վարձելը, այն էլ նորմալ պայմաններով, շատ ավելի թանկ հաճույք է»:

Անանուն ուսանողի խոսքերը հաստատում են ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի շրջանավարտ Անին և նրա եղբայր Արմենը, ով դեռ սովորում է Էրեբունի բժշկական քոլեջում: Մինչև 2007 թվականը Անին, Արթիկի շրջանից գալով Երևան, շուրջ վեց տարի իր ուսման ընթացքում բնակվել է Զեյթունի հանրակացարանում: Չորս տարի նա ապրել է' հանրակացարանի սենյակը կիսելով իր երկու ընկերուհիների հետ, այնուհետև ևս երկու տարի' եղբոր հետ:

«Երբ եղբայրս եկավ ու որոշվեց, որ իրար հետ պետք է մնանք, մեր պարետն ասաց, որ ես իրավունք չունեմ եղբորս հետ նույն սենյակում մնալու, բայց նա ասաց, որ կօգնի մեզ, միայն մենք պարտավոր ենք հիսուն հազար դրամ ավելի վճարել: Ասաց, որ այստեղ իրավունք ունեն ապրելու միայն պետական բուհերում սովորող ուսանողները, իսկ եղբայրս սովորում էր մասնավոր բուհում: Եվ մենք պետք է վճարեինք մեր երկուսի, ինչպես նաև այդ սենյակի երրորդ տեղի համար: Միևնույն է մենք հաշվարկեցինք, որ այդպես ավելի էժան էր, դրա համար էլ համաձայնվեցինք»,- պատմում է Անին:

Համաձայն Կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) 2008-2009 թթ. ուսումնական տարում «Զեյթունի ուսանողական հանրակացարան»-ում ուսանողների և ասպիրանտների բնակեցման մասին գրավոր կարգի, հանրակացարանում մեկ անձի բնակվելու վարձաչափը սահմանված է տարեկան 50 հազար դրամ (խմբ. կողմից' նախորդ ուսումնական տարում այն 44 հազար դրամ էր): Այստեղ նշված է նաև, որ հանրակացարանում բնակվողներին պարտադիր պետք է ծանոթացնել սույն կարգին ու հանրակացարանի ներքին կարգապահական կանոններին:

Բնակեցման և բնակվարձի գանձման ժամանակ հաշվի է առնվում այն հանգամանքը, որ յուրաքանչյուր սենյակ նախատեսված է երեք հոգու համար: Իսկ սենյակի ազատ տեղի դեպքում վճարում են համապատասխան հաշվարկով: Փաստաթղթում առանձին կետով նաև նշված է, որ քույր և եղբայր չեն կարող միասին մեկ սենյակում բնակվել:

«Մեզ մոտ դեռևս խորհրդային ժամանակներից եկած օրենքներով մեկ սենյակում արգելվում է քույր-եղբայր բնակվելը», - ասում է հանրակացարանի պարետ Արթուր Մատինյանը: « Հիմնականում, եթե նման զույգեր լինում են, տղան ապրում է տղաների հետ, աղջիկը' աղջիկների»:

Հիմնվելով կրթության նախարարի ստորագրած փաստաթղթի վրա' ստացվում է, որ եթե ուսանողը ցանկանում է միայնակ բնակվել սենյակում, ապա նա պարտավոր է վճարել սենյակի մյուս երկու տեղերի համար ևս, որը տարեկան կազմում է 150 հազար դրամ: Սակայն որոշ ուսանողներ պնդում են, որ նույն սենյակի համար իրենցից տարեկան գանձում են մինչև 250 հազար դրամ:

Սակայն անգամ նման վարձավճարի դեպքում ուսանողների համար սա նախընտրելի տարբերակ է, քանի որ, օրինակ, Երևանի արվարձանային թաղամասում մեկ սենյականոց բնակարանն իր կոմունալ բոլոր հարմարություններով հնարավոր է վարձել ամսական միջինը 50 000 դրամով, որը տարեկան կտրվածքով կկազմի նվազագույնը 500 000 դրամ: Իսկ սա բավական մեծ գումար է մարզից ժամանած ուսանողի ծնողների համար' հաշվի առնելով, որ նրանք պետք է վճարեն նաև իրենց երեխայի ուսման, սննդի, հագուստի և կոմունալ ծախսերի համար:

Զեյթունի հանրակացարանում վերջերս կատարված վերանորոգումից հետո այստեղ ևս կան բավարար պայմաններ ուսանողի բնակության համար. թեպետ այստեղ խոհանոցը և սանհանգույցը ընդհանուր են յուրաքանչյուր հարկի բնակիչների համար, իսկ լոգարանը մեկն է և վճարովի. 30 րոպե զբաղեցնելու համար ուսանողը վճարում է 500 դրամ: Ձմռան ամիսներին գործում է նաև կենտրոնացված ջեռուցման համակարգ:

Հանրակացարանում սենյակ ստանալն այնքան էլ բարդ գործընթաց չէ: Պետք է համապատասխան ԲՈՒՀ-ից ստանալ տեղեկանք, ու թափուր սենյակի առկայության դեպքում, կատարելով վճարումները, այն կտրամադրվի դիմորդին:

Սենյակի համար կարող են դիմել և տեղացի, և օտարերկրյա պետական և ոչ պետական բուհերի ուսանողները: Սակայն ոչ պետական հաստատությունների ուսանողները, ըստ Զեյթունի հանրակացարանի պարետ Արթուր Մատինյանի, պետք է ավելին վճարեն, քան պետական բուհերում սովորողները: Ոչ պետական բուհերի ուսանողներին հերթը կհասնի միայն պետական բուհերի ուսանողներին սենյակներով ապահովելուց հետո:

Ըստ պարետ Մատինյանի ոչ պետական ԲՈՒՀ-երի ուսանողները վճարելու են տարեկան ոչ թե 50 հազար, այլ ավելի շատ: Պարետը չցանկացավ պարզաբանել, թե ինչու են կրկնապատկվում կամ եռապատկվում վարձավճարները նաև պետական բուհերում սովորող ուսանողների համար:

Նա փոխարենն ասաց հետևյալը. «Հանրակացարանը պատկանում է «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամին, իսկ հիմնադրամում գործում է հոգաբարձուների խորհուրդ, որի կազմում ընդգրկված են բոլոր պետական բուհերի ռեկտորները, իսկ ոչ պետական բուհերը չեն մտնում այդ խորհրդի մեջ: Դրա համար այլ բուհերի ուսանողների համար սենյակների վարձերը տարբեր են»:

 

Հոդվածը պատրաստվել է «Լրագրության դերի բարձրացումը արդարադատության եւ օրենքի կիրառման համակարգերի լուսաբանման ոլորտում» դասընթացի շրջանակներում: Այն կազմակերպել էր «Լրագրողների թիմ հանուն կայուն ապագայի» ՀԿ -ն 


Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել