The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Հոկտեմբեր 6, 2008
Արձակուրդից` ազատում. քաղաքապետարանի աշխատողն ասում է, որ իրեն ազատել են աշխատանքից ընդդիմությանը սատարելու համար
Նաիրա Բուլղադարյան

Լոռու մարզպետարանի նախկին աշխատողը բողոքարկում է ղեկավարության գործողությունները՝ ՀՀ վարչական դատարանին խնդրելով անհիմն ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը:

Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը պնդում է, որ իրեն ազատել են մարզպետարանի ինտերնետ կենտրոնի ավագ մասնագետի պաշտոնից այն պատճառով, որ իր արձակուրդի ընթացքում մասնակցել է Երևանի փետրվարյան հանրահավաքներին:

Սակայն մարզպետարանը նրա գործողությունները որակել է քաղաքացիական ծառայողի քաղաքական զսպվածության սկզբունքի խախտում' հիմնվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի վրա:

Համաձայն օրենքի' քաղծառայողն իրավունք չունի իրականացնելու քաղծառայողի քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ՝ իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել:

«Տարակուսում եմ, թե ինտերնետ կենտրոնը սպասարկելով՝ ինչպե՞ս կարող էի քարոզել այնտեղ,- ասում էր Հովհաննիսյանը դատարանում, որը պետք է շուտով վճիռ կայացնի: - Ընտանիքում ես ամուսին եմ, հայր, փողոցում՝ քաղաքացի, աշխատավայրում՝ քաղծառայող,- դատարանում փորձում էր արձակուրդն իր հայեցողությամբ տնօրինելու իրավունքը պաշտպանել Հովհաննիսյանը: - Ինչպե՞ս կարող եմ չարաշահել ծառայողական պարտականություններս փողոցում, հրապարակում»:

46-ամյա Հովհաննիսյանը նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի վստահված անձն էր: Մինչև մարտի 4-ը նա արձակուրդում է եղել ու մասնակցել հետընտրական հանրահավաքներին:

Արձակուրդից վերադառնալուց հետո մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը նրանից պահանջել է բացատրություն գրել մարտի 1-ի և 2-ի հանրահավաքներին մասնակցելու մասին, հետո էլ' աշխատանքից ազատվելու դիմում: Հովհաննիսյանը հրաժարվել է դիմում գրելուց, որին հաջորդել է նրա ազատումը:

Մարզպետարանի քարտուղարության պետ Սամվել Մակարյանը, ով դատարանում պաշտպանում էր իր կազմակերպության շահերը, այդպես էլ չկարողացավ հիշել, թե ընդդիմադիր կուսակցության անդամը մարզպետարանում երբ է խախտել իր աշխատանքային պարտականություններն ու քարոզել նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին: «Մենք հո չէի՞նք ընկնելու նրա հետևից՝ տեսնելու, թե ինչ է անում»,- նկատեց Մակարյանը:

Չնայած ապացույցների բացակայությանը' մարզպետարանում ենթադրել են, որ այլ կերպ, քան սեփական թեկնածուի կամ կուսակցության օգտին առանց քարոզի աշխատելը, անհնար է:

«Բնական է, որ կուսակցության անդամը չէր կարող դրսևորել քաղաքական զսպվածություն, չքարոզել կուսակցության դիրքորոշումը, չներկայացնել կուսակցության շահերը»,- դատարանին ուղղված իր գրությունում նշել է Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը:

«Ես աշխատավայրում չեմ քարոզել, իսկ արձակուրդում եղած ժամանակ ինչ ուզեի, այն էլ կարող էի անել»,- Հովհաննիսյանի բացատրությանը մարզպետարանում լուրջ չեն վերաբերվել:

«Եթե քաղաքական հայացքներ ունի, թող քաղաքական պաշտոն զբաղեցնի»,- խորհուրդ է տալիս Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը: Չնայած նա ՀՀԿ անդամ է, բայց հավատացնում է, թե քաղաքականությամբ զբաղվում է աշխատանքից հետո:

Հովհաննիսյանի փաստաբան Էդմոն Մարուքյանն իր պաշտպանյալի նկատմամբ մարզային իշխանությունների ցուցաբերած վերաբերմունքը համարում է քաղաքական հետապնդման դասական օրինակ:

Վկայակոչելով «Քաղաքացիական ծառայության մասին» նույն ՀՀ օրենքը' փաստաբանը պնդում է, որ Հովհաննիսյանն արձակուրդի ժամանակ չէր կարող ունենալ ծառայողական դիրք, հետևաբար՝ քաղծառայողի պարտականություններ ու լիազորություններ, ուստի չէր էլ կարող այն ի շահ կամ ի վնաս որևէ մեկի օգտագործել:

«Սա պետական կառույց է: Եթե ընդունենք, որ այստեղ տասը կուսակցության ներկայացուցիչ կա, ապա ի՞նչ կստացվի. աշխատանքը մոռանան ու միայն կուսակցական շահե՞ր...»,- հարցնում է Աշոտ Մանուկյանը:

Լոռու մարզպետարանի 153 աշխատողների գերակշռող մասը, ինչպես աշխատակազմի ղեկավարն է ասում, ՀՀԿ անդամ են:

«Այս հանգամանքը չի՞ խանգարում մարզպետարանի աշխատանքին, երբ մեծ մասը հանրապետական է» հարցին Մանուկյանն իր պատասխանն ունի. «Բայդ դա իշխող կուսակցություն է, իշխանություններին է ներկայացնում, դա բնական է»:

Մինչդեռ քարոզարշավի ժամանակ Լոռու մարզպետարանի աշխատողների մեծ մասը մասնակցում էր աշխատանքի ժամին կայացած Սերժ Սարգսյանի հանրահավաքին, և ոչ ոք քաղաքական զսպվածության սկզբունքի խախտմամբ չի հեռացվել աշխատանքից:

Մարզպետարանի հանրապետական ղեկավարներն իրենց ՀՀՇ անդամ աշխատակիցներին, որոնց թիվը երեքից արդեն դարձել է մեկ, դեռ անցյալ աշնանն էին զգուշացրել զերծ մնալ քաղաքականությունից ու հանրահավաքներից:

Հովհաննիսյանի անմիջական ղեկավար, քարտուղարության վարչության պետ Արշավիր Ղուկասյանը ևս ազատվել է աշխատանքից, բայց սեփական դիմումի համաձայն: Հեռանալու պատճառների մասին ՀՀՇ անդամը չի նշել: Մարզպետարանի' ՀՀՇ երրորդ անդամ Մայիս Խաչատրյանի հետ առայժմ հեռացման մասին չեն խոսում:

«Խաչատրյանը բացատրություն է գրել, որ հանրահավաքների չի մասնակցել, ուստի չի խախտել քաղծառայողի քաղաքական զսպվածության սկզբունքը»,- բացատրում է Մանուկյանը:

Մարզպետարանի ՀՀԿ անդամ աշխատողները, Մանուկյանի գնահատմամբ, եղել են քաղաքականապես զուսպ, ուստի նրանք շարունակում են աշխատել:

Աղբյուր` www.armenianow.com

Հոդվածը պատրաստվել է «Լրագրության դերի բարձրացումը արդարադատության եւ օրենքի կիրառման համակարգերի լուսաբանման ոլորտում» դասընթացի շրջանակներում: Դասընթացը կազմակերպել էր «Լրագրողների թիմ հանուն կայուն ապագայի» ՀԿ -ն :


Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել