The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԵՏԱԶՈՏՈՒՄ
Փետրվար 10, 2011
Զեկույց 2010. ԶԼՄ-ների իրավունքների խախտման դեպքերն ավելացան
Մանե Պապյան
«ՋեյՆյուզ»
Ashot Melikyan
Ashot Melikyan

Հայաստանի խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2010 թվականին արձանագրել է ԶԼՄ-ների իրավունքների խախտման 46 դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ 8-ով աճել է:

Փետրվարի 9-ին կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողներին ներկայացրեց 2010 թվականի տարեկան զեկույցը, որտեղ ներառվել են դատական, տնտեսական և քաղաքական միջավայրների ազդեցությունները ԶԼՄ-ների գործունեության վրա, ինչպես նաև լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների խախտման դեպքերը:

Ըստ զեկույցի, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերը 2-ով նվազել է, սակայն ԶԼՄ-երի եւ դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումներն, ընդհակառակն, աճել են 5-ով: Վիճակը վատացել է նաեւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի առումով: 

«Լրագրողների նկատմամբ բռնության 9 դեպքերից 5-ը տեղի է ունեցել 2010թ. հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ»,-ասաց ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը: Խաչատուր Սուքիասյանի պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո այս ընտրատարածքում արտահերթ ընտրություններ տեղի ունեցան: «Այդ օրը թիվ 10/19 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանի հանձնարարությամբ ոստիկանները և անհայտ անձինք ընտրատեղամասում խոչընդոտել են ընտրությունները լուսաբանող լրագրողների: Հանձնաժողովի նախագահը լրագրողական վկայականից բացի նաեւ անձնագիր ցույց տալու ապօրինի պահանջ է ներկայացրել: Տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով հարված է ստացել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձինք փորձել են կոտրել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Անուշ Մարտիրոսյանի միկրոֆոնը»,-նշված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տարեկան զեկույցում։

Ըստ զեկույցի, նույն տեղամասում խոչընդոտվել է նաև «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Գևորգյանի եւ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի թղթակից Գոհար Վեզիրյանի աշխատանքը: Նրանց երկուսին էլ անհայտ անձինք դուրս են արել տեղամասից:

Նման դեպքերում լրագրողներից շատերը դիմում են ոստիկանություն, սակայն գործերը հիմնականում կարճվում են «ապացույցների բացակայության պատճառով»: Դրանցից մեկն էլ «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի վրա հարձակման փաստի առթիվ հարուցված քրեական գործն է: Ըստ ՀՀ ոստիկանության, գործը կարճվել է, քանի որ չի հաջողվել պարզել հարձակվողների ինքնությունը:

«Ինչ վերաբերում է արդեն հարուցված դատական գործերին, ապա դրանք կամ տևում են տարիներ, կամ էլ հարցը լուծվում է հիմնականում ոչ հօգուտ ԶԼՄ-ի»,-հրապարակեց Աշոտ Մելիքյանը:

Արդեն երեք տարի տևում է Իջեւանի քաղաքապետարանն ընդդեմ «Հետաքննող լրագրողների» գործով դատական նիստը: Իսկ Գյումրու քաղաքապետարանի և «ԳԱԼԱ» հեռուստաընկերության միջև քաղաքային հին հեռուստաաշտարակի շահագործման շուրջ վեճն սկսվել է դեռևս 2007 թ. նոյեմբերին:

Լրագրղների նկատմամբ բռնության դեպքեր են արձանագրվել նաև ընդդիմության հանրահավաքների եւ բողոքի ակցիաների ժամանակ:

Որպես  լրագրողների իրավունքների խախտման 2010թ. դեպքերի ամփոփում, Աշոտ Մելիքյանը նշեց փետրվարի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է երեք պատգամավորների` Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի եւ Լևոն Սարգսյանի հայցը` «Հայկական ժամանակ» օրաթերթից գումար բռնագանձելու պահանջով:

Ըստ վճռի, թերթը յուրաքանչյուրին պետք է վճարի 2-ական միլիոն դրամ` որպես նրանց պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և 44 հազ. դրամ` իբրև վճարված պետտուրքի հատուցում:

«Նշանակվել է փոխհատուցման առավելագույն գումարը: Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ թերթը դատական գործընթացից առաջ հրապարակել է իր աղբյուրը, ով պատգամավորներին թմրաբիզնեսի եւ թրաֆիքինգի մեջ մեղադրելու մասին տեղեկատվության ողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա,-նշեց Աշոտ Մելիքյանը եւ շարունակեց.-սրանից «հաշվեհարդարի հոտ» է գալիս»:

Զեկույցի ամբողջական հրապարակումը հնարավոր է ներբերռնել այստեղից:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել