The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Փետրվար 2, 2011
«Ժամանակ» օրաթերթ. Հայ մշակույթը պետք է փոխարինել նոր մեդիա մշակույթով
«Ժամանակ» օրաթերթ. Հայ մշակույթը պետք է փոխարինել նոր մեդիա մշակույթով

Որքան էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակ խոսի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, դրանցում կառավարության շահագրգռվածության, ժամանակակից աշխարհում Հայաստանի տեղի, դերի մասին, հայոց աշխարհների ստեղծման, գիտության զարգացման մասին և որքան էլ ընդգծի, որ 2010-ին այս առումով հաջողություններ ենք գրանցել, որ Հայաստանը 3G ստանդարտով ծածկել է ամբողջ տարածքը, բացի այդ` առաջին անգամ Հայաստանում գործարկվել է 4G կապի տեխնոլոգիաների ստանդարտը, ավելին` Հայաստանի բնակչության գրեթե կեսը օգտվում է ինտերնետից, գոնե հայաստանաբնակների մոտ չասեմ զարմանք, բայց մեղմ ժպիտ կառաջացնի:

Բացի այդ, internetworldstats.-ի հարցման արդյունքների համաձայն` Հայաստանում ինտերնետից օգտվում է բնակչության ընդամենը յոթ տոկոսը: Շատերի համար այն այսօր էլ դեռ համարվում է թանկ հաճույք, թեև, ինչ խոսք, վերջին տարիներին, անշուշտ, մեծացել է ինտերնետից օգտվողների թիվը: Իսկ առհասարակ, նոր մեդիա իրականության, մեդիա մշակույթի մասին խոսակցությունները, դրանց անհրաժեշտության գիտակցումը մեզանում դեռ 90-ականների սկզբներին` անկախության առաջին տարիներին, զգացվեց, երբ անգամ հեռախոս չկար, ինտերնետ չկար, բայց կար դրա նկատմամբ անհրաժեշտության գիտակցում, ժամանակակից տեխնոլոգիաների, գիտության զարգացումների նկատմամբ կար այլ մոտեցում:

90-ականների սկզբից բացվեց Հայ համակարգիչ կենտրոնը, որտեղ քննարկումներ էին ընթանում, կամաց-կամաց մտնում էինք թվանշային դաշտ, պատրաստվում էին ստանդարտներ, տառատեսակներ, փորձում ինտեգրվել համաշխարհային զարգացումներին: Հենց այդ ժամանակ հայտնվեցին մարդիկ, ովքեր ստանձնեցին գրադարանային ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աշխատանքը, արդյունքում` 1999-ի հունվարի 6-ին ամերիկահայ բարերար տիկին Ալիս Օհաննասեանի աջակցությամբ հիմնվեց «Հայ դասական մատենագրութեան թուանշային» գրադարանը` ազգագրագետ-մատենագետ Մերուժան Կարապետյանի և ռադիոֆիզիկոս Հովհաննես Կիզողյանի ջանքերով, իսկ արդեն 2011-ի հունվարի 26-ին բացվեց Հայկական թվանշանային գրադարանի նոր կայքը` www.digilib.am-ը, որն այս պահին ներառում է հայերեն գրավոր մշակույթի ավելի քան 600 հեղինակի շուրջ 2000 հուշարձան, սակայն առաջիկայում այն կհամալրվի ևս 1000 աշխատություններով: Գրադարանն ունի ամենատարբեր բաժիններ, այդ թվում` աշխարհագրություն, աստվածաբանություն, գեղարվեստական գրականություն, հայագիտություն, անգամ հայոց խոհանոցի պատմություն, արևմտահայ ու սփյուռքի գրականություն և այլն:

Մերուժան Կարապետյանը այն կարծիքին է, որ արագ վերափոխվող աշխարհում մենք հաճախ չենք էլ հասցնում ժամանակակից էլ.գործիքներին հետևել: Նախ մագաղաթից անցում կատարվեց թղթային գրքի, իսկ այսօր արդեն գիրքը կորցրել է իր նախկին տեսքը, հիմա աշխարհում նոր որոնումների մեջ են ապագա էլ.գրքի տեսքի ձևի ու մոդելների շուրջ, և ամեն մեկը իր մոդելներն է առաջարկում (այս տարի միայն Եվրոպայում երեք գիտաժողովներ կան ապագա էլեկտրոնային գրքի ձևին ու տեսքին նվիրված): Ըստ նրա` թվային տեխնոլոգիաների զարգացումը իր հետ բերեց գրքի նոր տեսք, նոր որակ, ինչպես նաև տնտեսվող միջոցներ: Օրինակ` եթե մեկ հատոր գրքի տպագրությունը 5000-10.000 դոլար արժե, նույն գումարով այսօր արդեն հնարավոր է 18-20 էլեկտրոնային գիրք պատրաստել, իհարկե` որը բոլորովին նոր տեսք, նոր որակ ունի, այսինքն` փոխվում է գրքի ֆիզիկական տեսքը և օգտագործման ձևը:

«Ինչպես Գուտենբերգի ժամանակ էին որոնումների մեջ, այնպես էլ հիմա ապագա գրքի տեսքի, ձևի շուրջ բուռն քննարկումներ են գնում: Գրքի մասին պատկերացումներն են փոխվում, սա բոլորովին ուրիշ մեդիա է, սա տիեզերք է, որտեղ սկիզբ և վախճան գոյություն չունի, այսպես ո՞ւր է գնում մարդկությունը, չգիտեմ... ի վերջո, ժամանակ չունե՞ս դու կարդաս, ինքը՝ նոր գործիքը, քեզ համար կկարդա»,- ասում է Մերուժան Կարապետյանը` հավելելով, որ մենք կամ պետք է մտնենք այս տարածք, կամ կորցնում ենք այն, և իրենք փորձեցին գնալ սրան ընդառաջ: Նրա խոսքերով, հայկական թվանշանային գրադարանի նոր կայքէջով իրենք փորձում են մտնել նոր մեդիայի աշխարհը: Ըստ նրա` արդեն համակարգչին փոխարինելու է գալիս մոբայլ դիվայսը, և հիմա երիտասարդության իննսունինը տոկոսը հեռախոս և մոբայլ դիվայս է բանեցնում:

Ազգագրագետի խոսքերով, թվային տեխնոլոգիաների այսպիսի «օվկիանոսում» «մոնոպոլ չես կարող անել»: Պետք է քաղաքականություն մշակել, պետք է լինեն քննարկումներ, որոնց արդյունքում կմշակվի նոր քաղաքականություն, թե ինչպես, օրինակ, հայ մշակույթը փոխարինել նոր մեդիա մշակույթով, որը, սակայն, չի դրվում քննարկման, դրվում է միայն լոկալ խմբերի` մասնագետների կողմից, ինչը Մերուժան Կարապետյանը սխալ է համարում, քանի որ մեր ժառանգությունն այնքան մեծ է, որ դա թողնել հաճախ սիրողական ընկալման վրա, ճիշտ չէ:

«20 տարվա ընթացքում, եթե ուզենայինք, շատ բան կստեղծեինք և պարտավոր էինք ստեղծել, տղերքի (Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Ոսկան Երևանցի, Մխիթար Սեբաստացի և այլն) սկսած շախմատը մեր ազգը մշակույթի նոր, ավելի բարձր նշաձողի վրա պետք է հասցնի, և պետք է նոր մշակույթ գեներացնի, որը նախկինից ավելի բարձր, հզոր և վեհ կլինի»,- ասում է Մերուժան Կարապետյանը:

Նա նկատում է, որ այս առումով մեծ թռիչք են արձանագրում Ռուսաստանում, որտեղ շատ ավելի արտոնյալ վիճակում է դաշտը. գիտական, կրթական նպատակներով այս կամ այն էլեկտրոնային արտադրանքը պատրաստելիս ազատվում եք հարկերից: Հարցին` Հայկական թվանշանային գրադարանը դաշտում հեղափոխություն իրականացրե՞ց, պատասխանում է, որ ոչ թե հեղափոխություն, այլ պարզապես մեդիա դաշտում զանազան թվային գործիքների առկայությունն արդեն պարտադիր է դառնում, և ինչքան շատ գործիքներ ունենանք, այնքան լավ, ավելին` այսպիսի գործիքներ պետք են մշակույթի բոլոր ոլորտներում:

Հիմա, մատենագետի խոսքերով, շատ կարևոր է, որ թվային գրադարանի շուրջ ստեղծվի գործածողների ցանց, լինեն առաջարկներ, կենդանի շփում ստեղծվի, քանի որ, ըստ նրա, կարդալը մի ֆունկցիա է, աշխատացնել այդ գործիքը` մեկ այլ:

Սակայն Մերուժան Կարապետյանը ասում է, որ մեզանում ինտերնետը դեռ շատերի համար մնում է թանկ հաճույք: Ինչպե՞ս օգտվի գիտնականը ինտերնետից, երբ ստանում է 50, 000 դրամ աշխատավարձ: Նա համոզված է, որ իրենց կատարած աշխատանքը դեռ նորանոր գրքերով կհամալրվի, իսկ ընթացքում էլ նոր միջոցներ, նոր բաժիններ և նոր գործիքներ կստեղծվեն: 

Աղբյուր` 1in.am

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել