The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԵՏԱԶՈՏՈՒՄ
Հունվար 21, 2011
Օրենք 2010. խոսքի եվ մամուլի ազատությանն առնչվող օրենսդրական փոփոխություններ
Մեսրոպ Հարությունյան
«ՋեյՆյուզ»
Օրենք 2010. խոսքի եվ մամուլի ազատությանն առնչվող օրենսդրական փոփոխություններ

2010 թ-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մի քանի անգամ անդրադարձել է խոսքի, մամուլի և տեղեկատվության ազատության ոլորտին վերաբերող օրենսդրությանը և փոփոխություններ կատարել մի քանի օրենսգրքերում և օրենքներում:

Այդ փոփոխությունների մի մասը մեդիայի ոլորտի փորձագետների կողմից դրական գնահատականների է արժանացել, մյուս մասը՝ քննադատության:

2010թ-ի տարեսկիզբը նշանավորվեց ՀՀ քրեական և քաղաքացիական օրենսդրության մեջ կատարված մի քանի բարեփոխումներով: Դրանցից առաջինը 2010 թ-ի մարտի 17-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքն էր:

Այս լրացման նպատակը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի միջև հակասությունները վերացնելն էր: Խնդիրն այն է, որ ըստ 2003 թ-ին ընդունված «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ լրագրողին և լրատվական գործունեություն իրականացնողին դատարանի կողմից տեղեկատվության աղբյուրի բացահայտում պարտադրելու դեպքում, լրագրողի միջնորդությամբ դատական քննությունը իրականացվում է դռնփակ: Սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այս մասին դրույթ չուներ:

Եվ ահա՝ մարտի 17-ին ընդունված օրենքը, լրացում կատարելով քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում, ամրագրեց. «Եթե դատարանի որոշմամբ լրատվական գործունեություն իրականացնողին կամ լրագրողին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը, ապա լրատվական գործունեություն իրականացնողի կամ լրագրողի միջնորդությամբ դատական քննությունն իրականացվում է դռնփակ»: Սրանով, փաստորեն, վերացվեց երկու իրավական ակտերի միջև հակասությունը:

Նույն օրը՝ 2010 թ-ի մարտի 17-ին, Ազգային ժողովն ընդունեց, մեր գնահատմամբ դարձյալ դրական, փոփոխություններ նախատեսող ևս մի օրենք՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»:

Ընդունված օրենքով փոփոխություներ և լրացումներ են կատարվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ՝ «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը» հոդվածում: Մասնավորապես, ավելացվել են լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար նախատեսված տուգանքների չափերը: Այսպես՝ նախկինում հոդվածի 1-ին մասում նշված էր. «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով»: Այժմ այդ չափը դարձել է երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկ:

Իսկ երկրորդ մասում, որով նույն արարքների համար պատիժ է նախատեսված, եթե այն կատարել է պաշտոնատար անձը՝ իր պաշտոնական դիրքը չարաշահելով, «հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով» տուգանքը դարձել է «չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով»:

Բացի այդ ավելացել է երրորդ մաս, ըստ որի՝ «Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:

Մայիսի 18-ին Ազգային ժողովն ընդունեց օրինագծերի մի փաթեթ, որը ներառում էր «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: Ընդունված օրենքներով զրպարտությունը և վիրավորանքը ապաքրեականացվում էին, այսինքն՝ Քրեական օրենսգրքի կարգավորման դաշտից տեղափոխվում էին Քաղաքացիական օրենսգրքի կարգավորման դաշտ: Փաթեթում հիմնականը «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն է: Մյուս երկուսը ածանցյալ էին. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքով ուժը կորցրած էին ճանաչվում Քրեական օրենսգրքի 135 («Զրպարտությունը») և 136 («Վիրավորանքը») հոդվածները, իսկ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքով ՔրԴատՕր-ից հանվում էին ՔրՕրի 135 և 136 հոդվածին հղումները:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի հիմնական դրույթները հետևյալն էին.

ա) Ամբողջությամբ խմբագրվել է Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածը: Այն այժմ ձևակերպված է այսպես.

«Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով։

Քաղաքացու պատվի և արժանապատվության պաշտպանությունը, շահագրգիռ անձանց պահանջով, թույլատրվում է նաև նրա մահից հետո։

Եթե անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածած անձին պարզելն անհնար է, անձը, ում մասին նման տեղեկություններ են տարածվել, իրավունք ունի դիմել դատարան՝ տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջով»։

Օրենսգրքի 60-րդ գլուխը լրացվել է 2.1՝ «Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները» վերնագրված նոր մասով, որտեղ և ձևակերպված են զրպարտություն և վիրավորանք հասկացությունները, տրված են վնասի հատուցման պայմանները, պատասխանատվությունից ազատելու դեպքերը և այլն:

Վիրավորանքը ձևակերպված է՝

«Սույն օրենսգրքի իմաստով վիրավորանքը` խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է»:

Այնուհետև՝

«Սույն հոդվածի իմաստով հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա կամ այն պայմանավորված է գերակշռող հանրային շահով»:

Սա որոշակի պաշտպանություն է ապահովում ՝ փաստերի վրա հիմնված կարծիք կամ գնահատող դատողություն ներկայացնելու դեպքում:

Զրպարտությունը ձևակերպված է.

«Սույն օրենսգրքի իմաստով զրպարտությունը` անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալների հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:

Պետք է նշել, որ երկրորդ ընթերցման ներկայացվելուց առաջ ԶԼՄ փորձագետների պնդմամբ այստեղ ներառվեց զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվությունից ազատելու դրույթը: Ավելի ճիշտ՝ այն համապատասխանեցվեց «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին: Այդ ձևակերպումն է՝

«Տեղեկություն հրապարակային ներկայացնողն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե դա լրատվական գործակալության տարածած նյութի, այլ անձի հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, և դա տարածելիս հղում է կատարվել աղբյուրին»։

Հոդվածն ունի ևս մի հետաքրքիր դրույթ՝

«Եթե տարածված և դատարանում վիրավորանք կամ զրպարտություն որակված փաստացի տվյալները հրապարակելիս հղում չի կատարվել աղբյուրին կամ հեղինակը հայտնի չէ, կամ լրատվամիջոցը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է տեղեկությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե փաստացի տվյալները հրապարակվել են զանգվածային լրատվության միջոցով, ապա` լրատվական գործունեություն իրականացնողը»:

Վիրավորանքի դեպքում իբրև բարոյական վնասի փոխհատուցում կարելի է պահանջել հրապարակային ներողություն, եթե այն տարածվել է ԶԼՄ-ով, ապա դատարանի վճռի լրիվ կամ մասնակի հրապարակում և փոխհատուցման վճարում՝ նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով:

Զրպարտության դեպքում անձը կարող է որպես բարոյական վնասի հատուցում իրեն զրպարտած անձից դատական կարգով պահանջել ա) եթե զրպարտությունը տարածվել է զանգվածային լրատվության միջոցով՝ այդ միջոցով զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների հրապարակային հերքում և/կամ պատասխանի հրապարակում: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը՝ ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրեքով սահմանված կանոնակարգումներով, բ) փոխհատուցման վճարում`նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով: Այստեղ նույնպես գումարի չափը սահմանում է դատարանը՝ հաշվի առնելով կոնկրետ գործի առանձնահատկություները:

Հիշատակենք ևս մեկ կարևոր դրույթ, ըստ որի՝ անձը զրկվում է զրպարտության և վիրավորանքի համար սահմանված պաշտպանության միջոցներից, եթե նա մինչև դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջել է իրականացնել հերքում և հրապարակել պատասխան և զանգվածային լրատվության միջոցը կատարել է այդ պահանջը:

Թեպետ առաջին ընթերցումից հետո լրամշակված և ընդունված օրենքում շատ մտահոգություններ փարատվել են, սակայն որոշ փորձագետների կարծիքով քանի դեռ Քրեական օրենսգրքում մնում է 333-րդ («Սուտ մատնությունը») հոդվածը, որի ձևակերպումները քիչ են տարբերվում զրպարտությունից, ապա միշտ կա լրատվամիջոցներին քրեական պատասխանատվության ենթարկելու վտանգը, քանի որ իրավապահները կարող են գործ հարուցել հենց հիշյալ 333-րդ հոդվածով: Մտահոգություններ կան նաև կապված ՀՀ դատական համակարգի անկատարության հետ, այսինքն՝ օրենքի պրակտիկ կիրառման հետ:

55 Բարդ գաղտնաբառի օրինակ

Վերոհիշյալ փոփոխությունները, ինչպես նշեցինք, հիմնականում դրական գնահատականների են արժանացել ոլորտի մասնագետների կողմից, ինչը չի կարելի ասել մեկ այլ՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի (ընդունվել է 2010 թվականի հունիս 10-ին, ընդ որում, հատուկ հրավիրված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում) վերաբերյալ:

Սրա նախագիծը մշակել էր ՀՀ տարածքում ռադիոհեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովը:

Սակայն շրջանառության մեջ դրված նախագիծը բուռն քննադատության արժանացավ ինչպես հայաստանյան մեդիա փորձագետների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 26-ին կազմակերպեց նախագծի խորհրդարանական լսումներ, որի ժամանակ ելույթ ունեցան ինչպես հեղինակները՝ միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, այնպես էլ պատգամավորներ, լրագրողական ՀԿ-ների ղեկավարներ և փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Լսումներից հետո միջգերատեսչական հանձնաժողովը ձեռնամուխ եղավ առաջարկների քննարկմանը, սակայն ոչ մի սկզբունքային առաջարկ այդպես էլ հաշվի չառավ: Այսպես, օրինակ, չնայած փորձագետների համառ պնդումներին, պահպանվեց արբանյակային հեռարձակումը Հայաստանի տարածքում եթերային հեռարձակման լիցենզիա ունենալու հետ պայմանավորող դրույթները: Ձևակերպելով «Լիցենզիան միակ օրինական հիմքն է, որը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել հեռուստառադիոծրագրերի հեռարձակում» (հոդված 46)՝ հեղինակները, ըստ էության, հիմքեր են ստեղծել արբանյակային և ինտերնետային հեռարձակումը չթույլատրելու համար:

Այդպես էլ չհրապարկվեցին հեռարձակման հաճախականությունների աուդիտի արդյունքները: Ինչ վերաբերում է բուն թվայնացմանը և լիցենզավորման մրցույթների կազմակերպմանը (ինչն էլ իբր պատճառ էր օրենսդրական այս նախաձեռնության), ապա սրանք կարգավորող հոդվածները առանձնապես մեծ փոփոխություններ չէին կրել, և դարձյալ մրցույթներում հաղթողներին որոշելը սուբյեկտիվիզմի հսկայական տարրեր է պարունակելու իր մեջ: Միայն միջազգային կազմակերպություների ճնշման տակ հեղինակները ներառեցին դրույթ, ըստ որի լիցենզավորված անձի ընտրության դեպքում պետք է պատճառաբանվի և հիմնավորվի այդ ընտրությունը:

Այս օրինագծի ընդունումով 2011 թվականի հունվարի 21-ից մայրաքաղաքում հեռարձակվող հեռուստաալիքների թիվը 22-ից կրճատվելու է մինչև 18-ի, ինչը հարված է հասցնելու հեռուստաեթերի բազմազանությանը: Արդեն ընդունված օրենքը ամրագրում է հեռուստաշուկայում առկա և իշխանություներին ձեռնատու կառավարելի եթերի ստատուս քվոն:

Հեղինակները, վստահեցնելով, թե երկրորդ ընթերցումից առաջ նախագծում կմնան միայն թվայնացմանն անմիջականորեն առնչվող դրույթները, փոփոխություններ կատարեցին այդ գործընթացի հետ բնավ կապ չունեցող հոդվածներում: Մասնավորապես, ընդունված օրենքում հանվել է հանրային հեռուստառադիոընկերության գովազդի սահմանափակումը (հաղորդումները գովազդով չընդհատելու պահանջը), իսկ գովազդի ծավալը ընդհանուր հաղորդումների մեջ 5-ից դարձվել է 7 տոկոս: Ավելին՝ երկրորդ ընթերցումից առաջ ներմուծվեց ըստ էության հակասահմանադրական դրույթ. օրենքի նախագծի 35 հոդվածի 1 մասը խմբագրվեց, ինչի արդյունքում Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը դուրս է մնում որևէ կարգավորումից և վերահսկողությունից:

Այս օրենքի բացասական ազդեցությունը երևաց 2010 թվականի դեկտեմբերին, երբ ամփոփվեցին թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում իրականացնելու լիցենզավորման մրցույթները, և «Ա1+» հեռուստաընկերությունը հերթական՝ 13-րդ անգամ պարտվող ճանաչվեց:

Մեսրոպ Հարությունյանը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետն է

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել