The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Բնություն
Հունվար 5, 2011
Ընտրությունը քոնն է. Շարմ էլ Շեյխում և Ծաղկաձորում գները նույնն են
Նվարդ Հովհաննիսյան
«ՋեյՆյուզ»
Ընտրությունը քոնն է. Շարմ էլ Շեյխում և Ծաղկաձորում գները նույնն են

Արթուրն ու Նաիրան 3 օրից մեկնելու են Եգիպտոս: Ձմեռային արձակուրդները նրանք այս տարի որոշել են անց կացնել Շարմ էլ Շեյխում: Սա արդեն երկրորդ տարին է, որ ձմռանը ընտանեկան այս զույգը նախընտրում է հանգստանալ ոչ թե Հայաստանի կուրորտային գոտիներից մեկում, այլ երկրի սահմաններից դուրս:

«Հայաստանում հանգստանալն ընդհանրապես ինձ համար անհեթեթություն է: Այստեղ սպասարկումն այնպիսին է, որ դու ոչ թե հանգստանում ես, այլ անհանգստանում: Իմ պարագայում բացառվում է Հայաստանում հանգստանալը»,-ասում է 42-ամյա Արթուրը:

Նա նշում է, որ կնոջ հետ համատեղ որոշել են արձակուրդն անց կացնել հատկապես Եգիպտոսում, որովհետեւ գնային առումով այն ձեռնտու է:

«Համեմատաբար էժան տարբերակները կամ Թուրքիան կամ Եգիպտոսն էր: Այս պարագայում ես ընտրեցի Եգիպտոսը»,- նշում է նա:

«Դուբայ» տուրիստական գործակալության աշխատակցի խոսքով, ձմռանը շատերն են նախընտրում հանսգտանալ Եգիպտոսում կամ Միացյալ արաբական էմիրություններում, քանի որ այս երկրներ մեկնելու համար վիզա ստանալու խնդիր չկա, իսկ Երևանից գործում են ուղիղ չվերթներ: Գործակալության աշխատակիցը ասում է նաև, որ նշված երկրներում հանսգտանալը շատ դեպքերում ավելի մատչելի է, քան Հայաստանում:

Օրինակ, Եգիպտոսում 11-օրյա հանգիստը մեկ անձի համար 4 աստղանի հյուրանոցում` օրական երկու անգամյա սնունդով կարժենա ընդամենը 141 հազար դրամ:

Համեմատության համար` Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում ոչ տոնական օրերին մեկ տեղանոց համարն օրական արժե 25 հազար դրամ, որն իր մեջ ներառում է միայն նախաճաշ: Ճաշ և ընթրիք պատվիրելու դեպքում համարի արժեքը կդառնա 31 հազար դրամ: Այսինքն Հայաստանում կուշտ փորով հանգստանալու դեպքում պետք է վճարել գրեթե կրկնակի ավել, քան Եգիպտոսում:

Եգիպտական փաթեթներին համահունչ փաթեթներ կան նաև Հայաստանի առողջարանային համալիրներում, սակայն սեզոնից դուրս ժամանակահատվածներում: Օրինակ, Դիլիջանի «Իմպուլս» առողջարանային համալիրի մեկ տեղանոց համարը 3-անգամյա սնունդով առաջարկվում է 14 հազար դրամով: Ջերմուկում կարելի է հանգստանալ սկսած օրական 10, իսկ Աղվերանում 8 հազար դրամից:

Այս գները կտրուկ փոխվում են տոնական օրերին: Այսպես, Ջերմուկի որոշ հանգստյան տներում դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը պետք է վճարել սովորական գնից երկու անգամ ավելի: Ամանորյա գիշերն անցկացնելը և մինչեւ հունվարի 5-ը հանգստանալը «Կեչառիս» հյուրանոցում արժե 200 հազար դրամ:

Տուրիստական գործակալության աշխատակիցները ասում են, որ նույն գնով կարելի է հանգստանալ և Դուբայում, և Եգիպտոսում, միևնույն ժամանակ նշելով, որ Ամանորյա տոներին Հայաստանի բոլոր հանգստյան տներում գրեթե ազատ տեղ չի լինում: Պատվերները սկսվում են դեռ նոյեմբեր ամսից, իսկ պատվիրատուներ լինում են ոչ միայն Հայաստանից, այլեւ Ուկրաինայից եւ Ռուսաստանից:

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության առաջատար մասնագետ Արթուր Լալայանի խոսքով, Հայաստանում զբոսաշրջային սեզոնը երկարացնելու եւ Հայաստանում ձմեռային զբոսաշրջությունը զարգացնելու համար կան ռազմավարական ծրագրեր: «Աշխատանքներ են տարվում, որպեսզի Ծաղկաձոր եւ Ջերմուկ քաղաքները դառնան ձմեռային զբոսաշրջության կենտրոններ», - ասում է նա:

Ծաղկաձորը զբոսաշրջային կենտրոն դարձնելու ծրագիրը մեկնարկել է 2005 թվականին, որի շրջանակներում կառուցվել է ճոպանուղի, իսկ մարկետինգային ծրագրերը շարունակական բնույթ են կրում: Ջերմուկի զարգացման ռազմավարությունը մշակվել է 2009 թվականին: Այստեղ նախատեսվում է զարգացնել նաև դահուկային սպորտը:

Նվարդ Հովհաննիսյանը սովորում է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում(Georgian Institute of Public Affairs)

1 image source

2 image source

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել