The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Դեկտեմբեր 24, 2010
«ԳԱԼԱ»-ից բացի. «Հրազդանի» 20 տարվա փորձը բավարար պայման չէր
Կարինե Սիմոնյան
«ՋեյՆյուզ»
«ԳԱԼԱ»-ից բացի. «Հրազդանի» 20 տարվա փորձը բավարար պայման չէր

Դեկտեմբերի 23-ին մարզային հեռուստաընկերությունների հաճախականություն ստանալու մրցույթում բացի Շիրակի «ԳԱԼԱ»-ից, միավորներով մյուս ամենացածրը Կոտայքի «Հրազդան» հեռուստաընկերությունն էր:

Նույն հաճախականության համար այն մրցում էր «Աբովյան-TV»-ի հետ: Հետևաբար վերջինին տրվեց Կոտայքում թվային հեռարձակման իրավունքը:

Պարտված «Հրազդան» հեռուստաընկերության սեփականատեր Մնացական Հարությունյանը համոզված չէ, թե հանձնաժողովը բոլոր չափանիշները ճիշտ է գնահատել ու մրցույթում ամեն ինչ արդարացի է եղել:

«Չեն մեկնաբանում` ինչու չստացանք, ընդամենը միաձայն թվանշան են դնում: Նրանց տվեցին առավելագույն, մեզ տվեցին միջին գնահատականներ: Մարդ Աստծո, եթե այդպես են գտել, թող այդպես էլ վարվեն, մենք բոլոր դեպքերում շարունակելու ենք մեր գործունեությունը, գլխավոր գնահատականը մեր հեռուստադիտողն է, որին 20 տարի անբասիր ծառայել ենք»,- ասաց Մնացական Հարությունյանը:

«Հրազդան»-ը Երևանից դուրս հիմնադրված առաջին տեղական հեռուստաընկերությունն է Հայաստանում: Սեփականատերը վստահեցնում է, որ անցած 20 տարիներին լուրջ ձեռքբերումներ են ունեցել: Տեխնիկապես բավականաչափ զինված են և իրենց մրցութային հայտով 600 հազար դոլարի ներդրման փաստաթղթեր էին ներկայացրել:

Եղել են կազմակերպություններ թե’ Հայաստանից և թե’ արտերկրից, որոնք ցանկություն են հայտնել ֆինանսապես աջակցել հեռուստաընկերությանը: Որպես օրինակ հեռուստաընկերության տնօրենը նշեց, որ Հայաստանից ֆինանսավորման պարտավորություն էր ստանձնել Ծաղկաձորի գրողների տան տնօրենը:

«Մենք շատ լավ ծրագիր և շատ լավ ներդրողներ ունեինք: Թե ինչու պարտվեցինք դա թողնում եմ ձեզ, դուք մեկնաբանեք»,-ասաց «Հրազդանի» սեփականատերը:

«Աբովյան-TV» հեռուստաընկերությունը գործում է 1997 թվականից: Հաղորդումները հեռարձակվում են Աբովյան քաղաքում և շրջակա գյուղերում: Ընկերության գլխավոր տնօրեն Ազնիվ Չիզմեչյանը JNews-ին ասաց, որ իրենք բիզնես ծրագիրը գրելիս հաշվի են առել ՀՌԱՀ-ի կողմից առաջադրված բոլոր վեց պայմանները, այդ թվում և’ սեփական արտադրության տոկոսը, և’ աշխատակազմը, և’ տեխնիկական միջոցները: Ունեն 20 աշխատող:

2011 թվականի առաջին 6 ամիսներին, մրցույթի պայմանների համաձայն, պետք է անալոգային սփռում ապահովեն ամբողջ մարզում:

«Մենք գնելու ենք հաղորդիչներ, որոնք նախատեսված են և’ անալոգային, և’ թվային սփռման համար: Հետևաբար 2015 թվականից այդ նույն հաղորդիչները կօգտագործենք նաև թվային հեռարձակման համար, որպեսզի մեր ծախսերը կրկնակի չդառնան»,-ասաց «Աբովյան-TV» գլխավոր տնօրենը:

Հեռուստաընկերության հիմնական բաժնեմասի սեփականատերն Արտաշես Մեհրաբյանն է, ով, ըստ Չիզմեչյանի, մասնագիտությամբ ռեժիսոր է և ներկա պահին հանրապետությունում չէ:

«Մենք ոչ միայն Աբովյանի, այլ նաև մոտակա մյուս քաղաքների` Բյուրեղավանի, Նոր Հաճնի քաղաքապետարանների հետ պայմանագիր ունենք և հարկ եղած դեպքում մեր հեռուստաընկերությունը լուսաբանում է նրանց աշխատանքն ու եթեր արձակում համապատասխան վճարի դիմաց»:

Ըստ գլխավոր տնօրենի, դա չի նշանակում, թե հեռուստաընկերությունը Աբովյանի քաղաքապետարանի հովանու ներքո է, ինչի մասին խոսակցություններ են տարածված:

Մրցույթում պարտված «Հրազդան» հեռուստաընկերության սեփականատեր Մնացական Հարությունյանն ասում է, որ դեռ կծանոթանա հանձնաժողովի եզրակացությանը, որի համաձայն իրենք չեն հաղթել մրցույթում: Կծանոթանա նաև մրցակցի հայտին: «Հետո կորոշեմ` արդյոք հանձնաժողովի որոշումը բողոքարկելու իմաստ ունի՞, թե՞ ոչ»,-ասաց Մնացական Հարությունյանը:

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել