The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Դեկտեմբեր 24, 2010
Մտահոգություններ Գյումրիից. «ԳԱԼԱ»-ն եթերում կմնա մինչև 2015 թվականը, իսկ հետո…
Նունե Արևշատյան
«ՋեյՆյուզ»
Մտահոգություններ Գյումրիից. «ԳԱԼԱ»-ն եթերում կմնա մինչև 2015 թվականը, իսկ հետո…

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի դեկտեմբերի 23-ի որոշմամբ, 2015 թ.-ից սկսած Շիրակի մարզը կունենա ընդամենը մեկ հեռուստաընկերություն` «Ցայգ»-ը, իսկ «ԳԱԼԱ»-ն` կեթերազրկվի, ինչպես հանրապետությունում առկա անալոգային հեռարձակմամբ մյուս հեռուստաընկերությունները:

«ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը, արձագանքելով ՀՌԱՀ-ի որոշմանը, այն համարեց շոու, ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանին էլ` գլխավոր շոումեն:

Նրա համոզմամբ, «ԳԱԼԱ»-ի նկատմամբ քաղաքական որոշում է կայացվել, որը հայտնի էր ի սկզբանե: «ԳԱԼԱ»-ի սեփականատերը մտադրություն ունի դատարանի միջոցով վերականգնել արդարությունը:

«Ես խորհրդակցել եմ մեր փաստաբանի հետ, մենք նախատեսել ենք դա, մեր փաստաբանը հիմա զբաղված է այդ գործերով, և եթե ինքը գտնի, որ կարելի է ինչ-որ բան անել, դատի կտանք: Խնդիրն այն է, որ մենք խորը կասկածներ ունենք, որ մրցույթին մասնակցող մյուս հեռուստաընկերության ծրագիրը կարող է փոփոխված լինել, այսինքն այն չլինի, ինչ որ իրենք ներկայացրել են մրցույթին: Եթե պարզվի, որ դա այդպես է, ուրեմն հարցը իրավական հարթություն կտեղափոխենք»:

Գյումրեցի լրագրող Համլետ Մոսինյանը, ով բացասական կարծիք ունի ՀՌԱՀ-ի գործունեության վերաբերյալ, արդար լուծումներ չէր ակնկալում նրանցից:

«Նույնիսկ զարմանում եմ, որ մարդիկ ասում են, թե տեսաք Ա1-ին նորից եթեր չտվեցին, ասում եմ` ի՞նչ է, դուք հույս ունեիք, որ պիտի տայի՞ն: Այդ մարդիկ հենց դրա համար են վարձատրվում, որ կատարեն այն, ինչ պահանջում են իշխանությունները: Նրանք քաղաքական որոշում են կատարում, պարզ չէ՞ր, որ պիտի զրկեին «ԳԱԼԱ»-ին: Կոնկրետ ինձ համար բացարձակ անսպասելի բան չկար»,-ասում է Համլետ Մոսինյանը:

Նրան ավելի շատ վրդովեցրել է Շիրակի մարզին ընդամենը մեկ կապուղի տրամադրելու փաստը:

«Ամեն ինչ կենտրոնացված է մայրաքաղաքում, մայրաքաղաքը ծանրաբեռված է լրատվամիջոցներով. թերթերի մեծ մասը այնտեղ է տպագրվում, թող մայրաքաղաքում քիչ հեռուսատեսություններ լինեին, փոխարենը մարզերում ավելի շատ լիներ: Մենք քննադատում ենք բոլոր այն ոլորտները, որոնք մոնոպոլիզացված են, որտեղ մրցակցություն չկա, իսկ հիմա մոնոպոլիզացնում ենք հեռուսատտեսային ոլորտը: Ե’վ Շիրակը, ե’վ Լոռին մեծ մարզեր են, ինչու՞ պիտի այս երկու տեղերում մեկ հեռուսատեսություն լինի, սա շատ վտանգավոր նախաձեռնություն է», - քննադատում է Համլետ Մոսինյանը:

ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի անդամ Արտակ Ավետիսյանի կարծիքով էլ, ՀՌԱՀ-ի այսօրվա որոշումը վաղուց կանխատեսելի էր, քանի որ միշտ էլ ձգտել են «ԳԱԼԱ»-ն եթերազրկել, իսկ հիմա հարմար առիթ էր` այն օրենքի ուժով եթերազրկել:

««Ցայգ»-ն ունի իր ձեռագիրն ու ոճը, «ԳԱԼԱ»-ն էլ` իրենը: Երկուսն էլ ունեն իրենց լսարանը Շիրակի մարզում, և մեկը մյուսին չեն խանգարում: ճիշտ կլիներ ՀՌԱՀ-ը հանրապետության ենթադրյալ 9-ը կապուղիներից 2-ը տար Շիրակի մարզին: Սա կլիներ լավագույն լուծումը, որովհետև, օրինակ, Վայոց ձորն էլ ունենա մեկ հեռուստակապուղի` իր 62000 բնակչությամբ, մեր մարզն է՞լ, որը բնակչության թվով 2-րդ քաղաքն է, նաև հասարակական-քաղաքական ակտիվությամբ է աչքի ընկնում»,- ասում է Արտակ Ավետիսյանը:

Նրա համոզմամբ, իշխանությունները, արհեստական մրցույթ ստեղծելով, ընտրություններին ընդառաջ փորձել են «պաշտպանվել» «ԳԱԼԱ»-ից:

«Ի՞նչ ենք շահում խորհրդային մոդելի անցնելով` միակուսակցությո՞ւն եւ այդ կուսակցությանը ջատագովող լրատվամիջոցնե՞ր»,- հարցնում է Արտակ Ավետիսյանը:

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել