The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Դեկտեմբեր 23, 2010
Ոչ ամանորյա տրամադրություններ «Քամուտում»
Ոչ ամանորյա տրամադրություններ «Քամուտում»

Նոր տարվա նախաշեմին Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերությունը հայտնվել է ֆինանսական ծանր վիճակում: Հեռուստաընկերության աշխատողներն աշխատավարձ չեն ստացել, որ տարեմուտի գնումներ կատարեն: Հեռուստաընկերությունը 2003 թ. նոյեմբերի 1-ին Նոյեմբերյան քաղաքում 10-րդ մետրային ալիքով հեռարձակվելու արտոնագիր (լիցենզիա) է ստացել:

Այս տարվա սեպտեմբերի 28-ին «Քամուտ» ՍՊԸ-ն 2003-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից ( ՀՌԱՀ) ստացած թիվ 81 արտոնագրի գործողության ժամկետը երկարաձգելու հայտ է ներկայացրել հանձնաժողով: Վերջինս էլ ղեկավարվելով ««Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի 30 հոդվածի դրույթներով` սեպտեմբերի 28-ին 4 տարով երկարաձգել է արտոնագրի ժամկետը: Այսինքն` հեռուստաընկերությունը մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը կարող է Նոյեմբերյան քաղաքում անալոգային հեռարձակում իրականացնել:

Նոյեմբերի 1-ին «Քամուտը» մուծել է հեռարձակման համար 50 հազար դրամ ամենամյա պետական տուրքը: Նոյեմբերի 25-ին ՀՌԱՀ լիզենցավորման եւ մեթոդական վարչության իրավաբանական եւ լիզենզավորման բաժնի պետ Ա. Սարգսյանը նամակով հայտնել է «Քամուտի» սեփականատեր եւ տնօրեն Վարդան Անանյանին, որ 2010 թ. սեպտեմբերի 16-ին փոփոխություններ են կատարվել «Պետական տուրքի մասին» օրենքում: Դրանք ուժի մեջ են մտել հոկտեմբերի 17-ին: Այդ փոփոխություններով հեռարձակման համար սահմանվել են պետտուրքի նոր դրույքաչափեր: Տարածքային սփռման համար սահմանվել է 1 միլիոն դրամ պետական տուրք:

Ա. Սարգսյանը «Քամուտին» առաջարկել է նախկինում մուծած 50 հազար դրամին ավելացնել եւս 950 հազար դրամ, նաեւ զգուշացրել, որ վճարման ուշացման յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոս տույժ է առաջանում: Փաստորեն օրենքում կատարված փոփոխություններով` ողջ մարզի տարածքում եւ մեկ փոքր քաղաքում հեռարձակող հեռուստաընկերությունները նույն չափի`1 միլիոն դրամ տուրք պիտի վճարեն: Այդ օրենքում փոփոխությունները կատարվել էին թվային հեռարձակում անցնելու համատեքստում, սակայն «Քամուտը» չի մասնակցել Տավուշի մարզում թվային հեռարձակման արտոնագիր ստանալու մրցույթին:

Նոյեմբերի 2-ին ՀՌԱՀ-ը մարզերում անալոգային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների համար արդեն նոր չափով` 1 միլիոն դրամ պետտուրք սահմանելու խնդրի վերաբերյալ պարզաբանման համար դիմել էր ՀՀ ֆինանսների նախարարություն: Սակայն ֆինանսների այն ժամանակվա նախարար Տիգրան Դավթյանն իր պատասխանում անդրդվելի էր. տարածքային սփռում իրականացնող հեռուստաընկերությունները պետք է նոր դրույքաչափով պետտուրք վճարեն:

Դեկտեմբերի 6-ին «Ինտերնյուս» ՀԿ-ի գրասենյակում Հայաստանի մարզերում հեռարձակվող 13 հեռուստաընկերությունների ղեկավարները ստորագրել են նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակ, որով խնդրել են բարի կամք դրսեւորել եւ հանձնարարել վերանայել հոկտեմբերի 17-ին օրենքի ուժ ստացած փոփոխությունները: Նամակի պատճենը ուղարկվել էր այն ժամանակ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին, ՄԻՊ Արմեն Հարությունյանին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին:

Նամակում նշված է. «Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում տարածքային սփռման համար հեռուստահաղորդումների անալոգային հեռարձակում իրականացնելու տարեկան բազային տուրքի չափը 20 անգամ աճել է, որը առկա ֆինանսական ծանր պայմաններում անընդունելի է մարզերում գործող հեռուստաընկերությունների համար: Մենք, լինելով մարզային փոքր քաղաքներում գործող հեռուստաընկերություններ, այդ քայլը դիտում ենք որպես անհավասար, խտրական եւ հակամրցակցային քաղաքականության դրսեւորում: Ենթադրվում էր, որ այդ փոփոխությունները պետք է վերաբերեն միայն թվային հեռարձակման համար նոր տեսակի արտոնագիր ստացող հեռուստաընկերություններին: Սակայն այն տարածվել է առաջին հերթին մեր` մարզերի տարբեր քաղաքներում գործող փոքր հեռուստաընկերությունների վրա, որոնցից շատերը արտոնագրի գործողության ժամկետը երկարաձգելու համար հանձնաժողով չեն դիմել»:

Դրանից հետո «Ինտերնյուս» ՀԿ-ն մարզերում հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների կողմից վճարվող պետտուրքի վերաբերյալ օրենսդրական առաջարկություն է ներկայացրել ԱԺ «Ժառանգություն» խմբակցություն: Ինչպես տեղեկացանք խորհրդարանում «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանից, օրենսդրական այդ նախաձեռնության տակ, բացի «Ժառանգության» 6 պատգամավորներից, ստորագրել են նաեւ դաշնակցականներ Արտյուշա Շահբազյանը եւ Արծվիկ Մինասյանը, նաեւ անկախ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: Պրն Սաֆարյանի խոսքերով` իրենք օրինագիծը ներկայացրել են Կառավարություն: Կառավարությունը առաջիկա նիստերից մեկում, հավանական է` դեկտեմբերի 23-ին, այն կքննարկի եւ կորոշի` հավանություն տալ, թե չտալ դրան:

Իսկ «Քամուտ» ՀԸ-ն երկար չի կարող սպասել: «Օրական 4750 դրամ տույժ է ավելանում, արդեն` 240 հազար դրամ,- ասում է «Քամուտի» տնօրեն Վարդան Անանյանը: Եթե դրան հավելենք տուրքի «մայր գումարի» 950 հազար դրամը, պատկերն ավելի մռայլ է դառնում:- 1 միլիոն դրամը մեր տարեկան եկամտի կեսն է, մայրաքաղաքից գովազդներ չկան, Նոյեմբերյանում էլ տնտեսական կյանքը գրեթե մեռած է»:

Նոր տարում հեռուստաընկերությանը նոր տհաճ անակնկալներ են սպասում: «Քամուտի» հիմնական պատվիրատուն Նոյեմբերյանի քաղաքապետարանն է: Համայնքի ավագանին որոշել է 2011 թ. հեռուստաընկերության ծառայություններից օգտվելու համար եկող տարի համայնքի բյուջեից տրամադրել 600 հազար դրամ: Նշենք, որ 2009-ին այդ գումարի չափը 900 հազար դրամ էր:

Միաժամանակ հեռուստաընկերության զբաղեցրած 72 քառակուսի մետր տարածքի համար քաղաքապետարանին մուծվող վարձակալության գումարի չափը 3 անգամ աճել է (1 քառակուսի մետրի համար 100 -ից հասնելով 300 դրամի): 1992 թվականից սահմանամերձ քաղաքում գործող հեռուստաընկերությունը պատերազմական ծանր օրերին Նոյեմբերյանում համախմբող դեր է խաղացել, եթերում տրված հայտարարությունների շնորհիվ բազում վիրավորների համար արյուն է հանգանակվել, շատ կյանքեր են փրկվել:

«7 տարի առաջ ադրբեջանցիները Ղազախում հզոր հաղորդակ տեղադրեցին: Եթե «Քամուտը» եթեր դուրս չգա, ապա նրա զբաղեցրած մետրային 10-րդ ալիքով կհեռարձակվի ադրբեջանական ալիք»,- ասում է Վարդան Անանյանը:

 

Հեղինակ` Ոսկան Սարգսյան

Աղբյուր` http://www.tesankyun.am/headline/943--lsn-lsns-llsslc.html

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել