The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Դեկտեմբեր 21, 2010
ԳԱԼԱ՞, թե՞ ՑԱՅԳ. Շիրակի մարզում եթերում կմնա միայն մեկը
Նունե Արևշատյան
«ՋեյՆյուզ»
 ԳԱԼԱ՞, թե՞ ՑԱՅԳ. Շիրակի մարզում եթերում կմնա միայն մեկը

Հեռուստաընկերությունների թվային հեռարձակման հաճախականությունների հայտարարված մրցույթին Շիրակի մարզից հայտ են ներկայացրել երկուսը` «Ցայգ» հեռուստաընկերությունը և «ԳԱԼԱ»-ն:

Վերջինս եթերում է ընդամենը հինգ տարի, սակայն այս տարիների ընթացքում իր անկախ գործունեությամբ և դրա հետևանքով առաջացած խնդիրների պատճառով, արդեն հասցրել է հայտնի դառնալ ոչ միայն Շիրակի մարզում, այլ նաև հանրապետությունում և խոսքի ազատությունը ջատագովող միջազգային հարթակներում:

Միևնույն ժամանակ կարևոր է նշել, որ գործընկեր «Ցայգ» հեռուստաընկերությունը, իսկ այժմ նաև թիվ մեկ մրցակիցը, նորանկախ Հայաստանի առաջին մասնավոր հեռուստաընկերությունն է և ունի 20 տարվա փորձ:

«ԳԱԼԱ»-ի աշխատակազմը բաղկացած է 40 հոգուց, իսկ «Ցայգինը»` 32:

Եթե մինչ այժմ այս ընկերություններից յուրաքանչյուրը ուներ հեռարձակման իր տիրույթը, ապա թվային հեռարձակման անցումային փուլում հաճախականությունների թիվը նվազելու է` ողջ Շիրակի համար մնալով միայն մեկ հաճախականություն:

Թե որ հեռուստաընկերությունը կօգտագործի այդ տիրույթը, պարզ կդառնա երկու օրից` հոկտեմբերի 23-ին:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանն արդեն իսկ համոզված է, որ իր հեռուստաընկերությունը մրցույթին չի հաղթելու: Պատճառը, ըստ նրա, այն է, որ իր գլխավորած լրատվամիջոցը 2008 թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ չենթարկվեց Հեռուստառադիայի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի հրահանգներին, չդարձավ «կամակատար» ու աշխատեց անաչառ` հավասարաչափ արտահայտվելու իրավունք տալով ինչպես ընդդիմադիր թեկնածուին` ՀՀ հիմնադիր- նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, այնպես էլ մյուս թեկնածուներին:

Վահան Խաչատրյանն այսպես հիմնավորեց իր կարծիքը. «Ճիշտն ասած էդ հանձնաժողովը չէ որոշողը. որոշումը գալիս է Բաղրամյան 26-ից` նախագահականից, իսկ հանձնաժողովը միայն կատարող է: Հայտնի է, որ մենք նախագահականի հետ էդքան էլ սերտ հարաբերություններ չունենք, բոլոր ժողովներին, հավաքներին, որտեղ հավաքում են բոլոր հեռուստաընկերություններին, մենք չենք մասնակցում, չենք կատարում որևիցե հրահանգ: Բնականաբար չեմ կարծում, որ մենք մրցույթը շահենք»:

«ԳԱԼԱ»-ի հիմնադիրը համոզված է, որ իրենք մրցույթին «հզոր» ծրագիր են ներկայացրել` մի փոքր անդրադարձ են կատարել հեռուստաընկերության անցյալին և ընդլայնված խոսել են ներկայի մասին, քանի որ հեռուստաընկերությունը մեկ տարուց ավելի է «աննախադեպ» ծրագրեր է իրականացնում. ամենօրյա հեռուստառեպորտաժներ է պատրաստում տարածաշրջանից` Թուրքիայից, Վրաստանից: Նախատեսվում են հաղորդումներ նաև Իրանից ու Ռուսաստանից: Վահան Խաչատրյանի հաշվարկներով, այդ ծրագրի արժեքն այնքան է, որքան մի քանի մարզային հեռուստաընկերությունների տարեկան բյուջեն:

«Ես շատ ծրագրեր ունեմ, բայց չեմ ուզում այդ մասին խոսել»,- ասում է «ԳԱԼԱ»-ի հիմնադիրը: «Անգամ մրցույթի ծրագրով չեմ ներկայացրել դրանք, որովհետև մենք մեր գործով ցույց ենք տվել, որ այն, ինչ ասում ենք, մի բան էլ ավել անում ենք, օրինակ, անցյալ մրցույթին մենք խոստացել էինք 500.000 դոլարի ներդրում 7 տարվա ընթացքում, բայց այն կատարվել է 4 տարվա ընթացքում»:

«Ցայգ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Մինասյանը, ով նաև հեռուստաընկերության հիմնադիրներից մեկն է, վստահ է, որ ազնիվ գնահատական տալու դեպքում հաղթելու է իր գլխավորած լրատվամիջոցը:

Ըստ Մինասյանի, ի տարբերություն մրցակցի, որն ավելի շատ խոսել է անցյալից, «Ցայգ»-ի ներկայացրած ծրագիրը բավականին իրատեսական է և լիարժեքորեն համապատասխանում է բիզնես-պլան գաղափարին: «Միգուցե դրան օգնել է մեր աշխատանքային 20 տարվա փո՞րձը, մենք փորձել ենք ունենալ մեծ սեփական տարածքներ, բավականին լավ տեխնիկա, տարիներ շարունակ պատշաճ կատարել ենք մեր առջև դրված հարկային պարտականությունները», - ասում է Մինասյանը:

Նրա խոսքերով` իրենց ծրագրում հստակ պլանավորված է վաղվա անելիքը: «Մենք չենք ասել, թե ուղղակի պիտի ավելացնենք աշխատատեղեր, մենք պիտի փորձենք մինիմալ քանակով մաքսիմում էֆեկտ ստանալ, որովհետև սնկի պես աճեցնել աշխատատեղեր ու պահել ցածր աշխատավարձով, ինձ թվում է, դա էդքան էլ նպատակահարմար չէ: Ասեմ, որ «Ցայգ»-ի աշխատողները միշտ եղել են պաշտոնապես գրանցված, ամենաշատ աշխատաթվով կոլեկտիվը մենք ենք ունեցել, իհարկե, աշխատատեղեր կավելանան, բայց ոչ աստրոնոմիկ շատ», - նշում է Մարգարիտա Մինասյանը:

Ըստ «Ցայգի» տնօրենի, Շիրակում մեկ մարզային հեռուստատեսություն թողնելը սխալ քաղաքականություն է, քանի որ հաղթողը թեև սկսելու է մրցակցել հանրապետական հեռուստատեսությունների հետ, սակայն, տեղում մրցակիցներ չունենալով, որակապես տուժելու է:

Մինասյանի վստահեցմամբ, եթե «Ցայգը» հաղթի մրցույթում, պատրաստ է եթերաժամ տրամադրել «ԳԱԼԱ»-ին, հիշեցնելով, որ Շիրակի մարզում այդպիսի պրակտիկա արդեն եղել է:

«Պարտադիր չէ, որ բոլորս լինենք հեռարձակող, մենք կարող ենք տարբեր արտադրողներ լինել, և եթե նորմալ հաղորդումներ են պատրաստում, ինչու՞ չէ, մի բան էլ ես փող կտամ կառնեմ», - ասում է Մարգարիտա Մինասյանը:

«ԳԱԼԱ»-ն արդեն այսօր մերժում է «Ցայգ»-ի նման առաջարկը: Հեռուստաընկերությունը, պատրաստ չէ վերջինիս հետ համագործակցել: «ԳԱԼԱ»-ի հիմնադիրը գերադասում է մոտ 1 մլն. դոլար արժողությամբ մասնավոր մուլտիպլեքս ձեռք բերել ու անհրաժեշտության դեպքում եթեր տրամադրել այլ հեռուստաընկերությունների:

«Բայց կարծում եմ` մինչև 2015 թ-ը, այսինքն` մինչև անալոգային հեռարձակման դադարը, այն փոփոխությունները, որոնք գրված են թղթի վրա, չեն կատարվի, իմաստ էլ չի ունենա, քանի որ ինտերնետը մինչ այդ այնքան կզարգանա, որ ազատ լրատվությունը կհասնի սպառողին և հեռուստատեսություն փակել-բացելու իմաստը կկորի»,- եզրափակում է Խաչատրյանը:

Աղբյուր` JNews.am

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել