The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Դեկտեմբեր 6, 2008
«Ես չեմ ուզում իմ սեփականությունը տալ իրենց»
Արարատ Դավթյան

«Նախագահ Սարգսյանն ամեն օր խոսում է մանր ու միջին բիզնեսը զարգացնելու մասին: Հիմա մենք այդ ճյուղի ներկայացուցիչներն ենք, բայց մեզ շպրտում են դուրս, ու այդ հսկայական տարածքը տալիս մեկ մարդու, որ հա՛մ մեջը փող աշխատեն, հա՛մ էլ մենակ էդ օլիգարխը հարստանա: Երեւի մենք էլ հետո նրա մոտ պիտի ճորտի պես աշխատենք: Բայց ինչու՞, ես չեմ ուզում իմ սեփականությունը տալ իրենց»,- ասում է Նիկոլայ Մելիքյանը:

Նիկոլայը մեկն է այն 28 գործարարներից, ովքեր Բուսաբանական այգու հարեւանությամբ` Աճառյան պողոտային եւ Ծարավ Աղբյուր փողոցին հարող տարածքում, ունեն սեփականաշնորհված տարածքներ: Այս հատվածում տեղակայված են շինանյութերի եւ ավտոսարքավորումների խանութներ, մեքենաների սպասարկման զանազան կետեր, բայց դրանց գոյությունն այլեւս վտանգի տակ է:

2005 թ. ապրիլի 21-ին կառավարությունը որոշել է հիշյալ տարածքը` 9400 քմ ընդհանուր մակերեսով, առանձնացնել պետության կարիքների համար` կառուցապատման նպատակով: Քաղաքապետին հանձնարարվել է կառուցապատման ծրագրերի իրականացումն ապահովել 2005-2009 թթ. ընթացքում:

Ի կատարումն սրա` 2006 թ. հուլիսին քաղաքապետ Երվանդ Զախարյանն ընդունել է 1119-Ա որոշումը եւ կառուցապատման ծրագրերի իրականացման ապահովումը հանձնարարել «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակին» (ԾԻԳ):

«Ես ուզում էի պայմանագիր կնքել եւ բիզնեսումս գործընկեր ներգրավել: Գնացի կադաստր համապատասխան թուղթը վերցնելու, չտվեցին: Իմացա, որ տարածքի վրա կալանք է դրված»,- պատմում է Նիկոլայ Մելիքյանը: Իր բախտակից գործարարների հետ նա սկսել է դիմումներ հղել պատկան մարմիններին:

Քաղաքապետարանից եւ ԾԻԳ-ից տրվել են նույնաբովանդակ պատասխաններ` «Կառավարության եւ քաղաքապետի որոշումներով տարածքը վերցվել է պետության կարիքների համար: Սակայն քանի դեռ կառավարության կողմից տարածքը չի ճանաչվել բացառիկ գերակա հանրային շահ, հարցին հնարավոր չէ անդրադառնալ»:

Արդեն 2007 թ. մարտի 1-ին կառավարությունը մեկ այլ` 347-Ն որոշմամբ հիշյալ տարածքը ճանաչել է բացառիկ գերակա հանրային շահ: Սեփականության օտարման վերջնաժամկետ է սահմանվել 2009 թ. հունվարի 1-ը, իսկ քաղաքապետին լիազորվել է անցկացնել հասարակության եւ պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություններ` մրցույթներ:

«Ես ուզում եմ հիշեցնել, որ երբ կառավարությունը սկսեց իրագործել այսպես կոչված «պետական կարիքների անհրաժեշտության գաղափարը», օմբուդսմենի բողոքարկմամբ Սահմանադրական դատարանը (ՍԴ) կառավարության համապատասխան որոշումները ճանաչեց հակասահմանադրական: Այսինքն` կառավարության 700 եւ ի հետեւանք քաղաքապետի ընդունած 1119 որոշումներն ուժ չունեն: Ավելին` քաղաքապետի որոշումն ընդունվել է ՍԴ-ի որոշումից հետո»,- ասում է «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը եւ շեշտում, թե մեխանիկորեն ուժը կորցրել է նաեւ կառավարության 347-Ն` բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումը:

Աճառյան-Ծարավ Աղբյուր տարածքի գործարարներից Հարություն Վարդանյանն ունի «գերակա շահ» ասվածի իր բանաձեւը` «Ով որ իշխանության մեջ է եւ մի քանի միլիոն դոլար է թալանել, այսօր կարող է այդ գումարներն օրինականացնել նման տեղերում, եւ օրենքն իր կողմն է: Իսկ ով որ ամբողջ կյանքը չարչարվելով աշխատել է, իրենց պես ուրիշի քրտինքը չի կերել, այսօր ինքն իր ստեղծածն էլ ունենալու իրավունք չունի»:

«Անընդհատ բողոքներ ենք գրել, նույնիսկ նախագահի նստավայրի մոտ անօգուտ միտինգ ենք արել: Մեր դիմումները բոլոր տեղերից մակագրում են քաղաքապետարան, այստեղից` ԾԻԳ, ու միշտ նույն պատասխանը ամսաթիվը փոխած ուղարկում են մեզ»,- ասում է Ն. Մելիքյանը:

Այս տարվա մարտին ԾԻԳ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, ի պատասխան գործարարների հերթական հարցման, տեղեկացրել է, որ «Աճառյան-Ծարավ Աղբյուր փողոցներին հարող տարածքը ձեռք է բերել «Քառանիշ» ՍՊԸ-ն, որն էլ պատվիրելու է այդ հատվածում գտնվող անշարժ գույքերի գնահատման աշխատանքները»

«Հանդիպեցինք քաղաքապետի տեղակալ Կարեն Դավթյանին: Ասում է` ինչ-որ թերթում եւ ինտերնետում հայտարարություն է տրվել մրցույթ անցկացնելու մասին, ու «Քառանիշը» հաղթել է: Հարցնում եմ` ի՞նչ է, պետք է ամեն օր մտնեինք ինտերնետ, որ նայեինք` հո մեր սեփականությունը չեք վաճառո՞ւմ: Ասում է` այո, պարտավոր էիք իմանալ,- հիշում է Ն. Մելիքյանը եւ զարմանում,- ախր, ո՞նց, էդ իրենք էին պարտավոր պատշաճ ձեւով մեզ տեղյակ պահել, մեր ունեցվածքն են վաճառում, չէ՞»:

Կոնկրետ որտե՞ղ է հրապարակվել մրցույթի մասին տեղեկությունը, ե՞րբ է անցկացվել այն, ովքե՞ր են մրցակցել, եւ ինչո՞ւ է նախապատվությունը տրվել հատկապես «Քառանիշ» ՍՊԸ-ին: Այս հարցերի պատասխանը ոչ մի կերպ չենք կարողանում ստանալ: ԾԻԳ-ի տնօրենը նշում է, թե լիազոր մարմինը քաղաքապետարանն է, այստեղից էլ մոտ երկու շաբաթ է` մեր գրավոր հարցմանը չեն արձագանքում:

«Քաղաքապետի 1119-Ա որոշման մեջ պետք է անպայման նշված լինի, թե ո՞վ է մասնակցել մրցույթին, եւ ինչպե՞ս է հաղթել «Քառանիշը»: Ցավոք, ես չկարողացա ձեռք բերել այդ որոշումը»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը:

«Հետքն» իր ձեռքի տակ ունի այդ որոշումը, բայց դրանում վերոհիշյալի մասին ոչ մի բառ չկա, ինչը զարմացնում է անգամ «Քառանիշ» ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Գեւորգյանին. «Ո՞նց, քաղաքապետի որոշումը կարդացել եք ու գրված չի՞, որ էսինչ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչել սրան` որպես էս հողամասի իրացնող: Ուրեմն, ճիշտ չեք ասում, որ որոշումը կարդացել եք... Եթե որոշումը վերցնեք, մեջը գրված ա, մի հատ լավ, ուշադիր կարդացեք»,- վստահեցնում է նա:

Վերջինս նույնպես մեր հարցերի պատասխանը չուներ: «Առանց փաստաթղթերը ձեռքիս տակ ունենալու` չեմ կարող ասել, թե ինչի հիման վրա ենք հաղթել, երբ է եղել մրցույթը, կամ ովքեր են մասնակցել,- ասում է Սուրեն Գեւորգյանը եւ նշում, որ այդ տվյալներին տիրապետում են ՍՊԸ-ի հիմնադիրները:- Չեմ կարող ասել` հիմնադիրներն ովքեր են, որովհետեւ ես էլ չգիտեմ: Ես ընդամենը գործադիր տնօրենն եմ, որը գործառույթներն է իրագործում, որ ՍՊԸ-ն գոյատեւի: Ինձ աշխատավարձ են վճարում, որ ես աշխատեմ»:

«Քառանիշի» տնօրենը չգիտի նաեւ, թե երբ է հիմնադրվել ՍՊԸ-ն եւ ինչով է զբաղվում. «Որովհետեւ ես երբ որ եկել եմ գործի, էս ՍՊԸ-ն եղել ա»:

Իրականում, ըստ պետռեգիստրի տվյալների` 2003 թ. հիմնադրված «Քառանիշ» ՍՊԸ-ի միակ հիմնադիրը հենց ինքն է` Սուրեն Գեւորգյանը: Հնարավոր է նաեւ, որ վերջինս իսկապես չգիտի, որ իր անունով ՍՊԸ է գրանցվել: Նա թաքցնում է, որ քաղաքապետարանի աշխատող է. «Ես քաղաքապետարանի հետ ոչ մի կապ չունեմ, միայն այնքանով, որ Երեւանի բնակիչ եմ»,- հավաստիացնում է քաղաքապետարանի «Երեւանտրանս» ՊՓԲԸ-ի գլխավոր ինժեները:

Իրացման ժամկետը մինչեւ հունվարի 1-ն է: Եթե «Քառանիշը» դրա մեջ չտեղավորվի, կա՛մ երկարաձգելու խնդրանքով պետք է դիմի կառավարությանը, կա՛մ էլ չեղյալ է համարվում գերակա շահի ճանաչումը»,- ասում է ԾԻԳ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Նրա փոխանցմամբ` «տարածքում կառուցվելու են հասարակական կարգի շինություններ, ըստ երեւույթին` առեւտրի կենտրոն»:

«Դա՞ է պետության կարիքը, ուրիշ բան` զինծրագիր լիներ կամ գազի խողովակ անցկացնեին, առանց փոխհատուցման էլ կտայինք: Բայց առեւտրի կենտրոն մենք էլ կարող ենք կառուցել: Թող ցանկացած նախագիծ տան, ժամկետները նշեն, եթե չկառուցեցինք, էն ժամանակ կվերցնեն,- ասում է գործարար Հ. Վարդանյանը:- էդ տարածքի գինը էս երկու տարում մի քանի անգամ բարձրացել է, ու եթե իրենք, իրոք, ծրագրեր պետք է իրականացնեն, փոխհատուցման հարցը ժամանակին կլուծեին: Բայց դրանք փող տալու մտադրություն չունեն, հարմար պահի են սպասում, որ տրակտորներով բոլորիս քշեն, ոնց որ մեր երկրում ընդունված է: Բայց մեկ է, իրենց նման քանիսն էլ լինեն, էդ տարածքը չեն տեսնելու»:

Գործարարները նշում են, որ քաղաքապետարանում այս հարցի թիկունքում կանգնած է փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը: Վերջինս ժամանակին ԾԻԳ-ի տնօրենն էր եւ բարեհաջող իրականացրեց Հյուսիսային պողոտայից բնակիչների վտարումը: Հիմա նրա պաշտոնը բարձրացրել են, եւ «օտարումը» կրկին հանձնարարվել է նրան:

Հ. Գ. Այսօր քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անժելա Մարտիրոսյանն ասաց, որ մեր հարցերին պետք է պատասխաներ փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը: Քանի որ վերջինս արձակուրդում է, պատասխանն ուշանում է: Այնուամենայինվ, Ա. Մարտիրոսյանը խոստացավ, որ այն անպայման կստանանք:

Աղբյուր` www.Hetq.am

Հոդվածը պատրաստվել է «Լրագրության դերի բարձրացումը արդարադատության եւ օրենքի կիրառման համակարգերի լուսաբանման ոլորտում» դասընթացի շրջանակներում: Այն կազմակերպել էր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ -ն

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել