The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Աննա Բարսեղյան
Մայիս 24, 2009
Ռոքը քարքարոտ երկրում. լեգենդար Ջեթրո Թալի համերգը Երևանում
Աննա Բարսեղյան
«ՋեյՆյուզ»
Ռոքը քարքարոտ երկրում. լեգենդար Ջեթրո Թալի համերգը Երևանում

Նախորդ ուրբաթ Երևանում Կարեն Դեմիրճանի անվան մարզահամերգային համալիրում վերջապես կայացավ ռոքի սիրահարների կողմից այդքան սպասված բրիտանական լեգենդար «Ջեթրո Թալ» ռոք նվագախմբի համերգը:

Խմբի անդամներ Յան Անդերսոնը և Մարտին Բարեն 2 ժամ շարունակ կենդանի երաժշտություն մատուցեցին հայ հանդիսատեսին:

Համերգային դահլիճը լեփլեցուն էր հանդիսատեսով: «Ջեթրո Թալ»-ը միավորել էր բոլոր սերունդների ներյացուցիչներին` անկախ իրենց կարգավիճակից և պաշտոնական դիրքից:  Հատուկ «Ջեթրո Թալ»-ի համերգին մասնակցելու նպատակով Երևան էին ժամանել նաև հարեւան Վրաստանից:

Եվ բոլորի համար սա իսկական տոն էր:

Իսկ դահլիճում գտնվող 70-ականների ներկայացուցիչները նոստալգիկ պահեր ապրեցին: Նրանք շատ լավ են հիշում, թե ինչպես էին Խորհրդային երկաթյա վարագույրների պարագայում կարողանում հայթայթել«Ջեթրո Թալ»-ի ձայներիզները և վայելել նրա երաժշտությունը:

Նրանցից է նաև Կրթության և գիտության նախկին նախարար Սպարտակ Սեյրանյանը: «Առաջին անգամ «Ջեթրո Թալ»-ին լսել եմ 74 թվականին, երբ ձեռքս ընկավ «Ակվալանգ» ալբոմը», - ասում է Սեյրանյանը: «Այն ժամանակ ռոք դժվար էր ճարել. արտասահամանում բնակվող մեր բարեկամներին էինք խնդրում ուղարկել կամ 3-4 ընկերով փող էինք հավաքում, որ կասետ գտնենք, հետո իրար փոխանցելով, հերթով լսում էինք»:

Սպարտակ Սեյրանյանը նշում է, որ հաճելի էր դահլիճում հանդիպել նաև հին ընկերներին, ում հետ 70-ականներին ռոք են լսել:

Համերգի տոմսերը 5000-ից 30000 դրամ էր: «Ջեթրո Թալ»-ի համերգը Հայաստանում կազմակերպելը բավական համարձակ քայլ էր թվում, այն էլ մի հասարակությունում որտեղ արևելյան ցածրորակ երաժշտության սիրահարները բավական շատ են: Այնուամենայնիվ, տոմսերը վաճառվել էին համերգի օրվանից շատ ավելի շուտ:  

Երբ մի քանի ամիս առաջ «Ջեթրո Թալ»-ի համերգի մասին առաջին լուրերը տարածվեցին քաղաքում, նրանց մոլի երկրպագուներն ամեն օր սկսեցին այցելել տոմսերի վաճառակետեր` հնարավորինս շուտ գնելու տոմսերը, հավանաբար` կանխատեսելով հետագայում դրանց հայթայթման դժվարությունը:

Ովքեր չէին հասցրել տոմս գնել, իրենց ուժերը կենտրոնացրել էին սոցիալական ցանցերի վրա` դրանք ողողելով «փնտրում եմ «Ջեթրո Թալ»-ի տոմս», «կգնեմ «Ջեթրո Թալ»-ի տոմս» հայտարարություններով: Համերգի օրը դեռ կային երկրպագուներ, ովքեր տոմս էին փնտրում Մարզահամերգային համալիրի մուտքի առջեւ:  

Լեգենդար ռոք խումբը ֆլեյտայի կախարդական հնչյուններով ապշեցրեց բոլոր ներկաներին: «Ջեթրո Թալ»-ի երկրպագու Սամվել Մարտիրոսյանը համոզված է, որ այս համերգի շնորհիվ հայերի համար ֆլեյտան հայկական դուդուկի պես սիրելի կդառնա: «Հիմա «Ջեթրո Թալ»-ով տարված հայերի համար ֆլեյտան կդառնա ամենասիրելի գործիքը, բոլորը կսովորեն ֆլեյտա նվագել», - ժպտալով ասում է Սամվելը:

Համերգը հովանավորել էր «Լույս» հիմնադրամը, որը ֆինանսավորում է ստանում պետբյուջեից և արժանացել էր որոշ լրատվամիջոցների խիստ քննադատությանը: Հոդվածների հեղինակները պնդում են, որ հիմնադրամը ՀՀ Կառավարության կողմից ստեղծվել է կրթական ծրագրերին օժանդակելու, այլ ոչ թե նման ռոք համերգների կազմակերպման համար:

Համերգին մասնակցած 19-ամյա Վահանը համամիտ չէ նման քննադատության հետ և ասում է, որ երջանիկ է, որ հնարավորություն է ունեցել մասնակցելու համերգին:

«Համերգի ընթացքում տպավորությունից ջերմությունս բարձրացել էր, ամբողջ մարմինս դողում էր երջանկությունից: Ուղղակի ցնցված եմ», - ասում է նա:

Համերգի ժամանակ բացի «ես սիրում եմ քեզ» անգլերենով խոստովանություններից, որոնք հնչում էին դահլիճի բոլոր կողմերից, բեմի առջևում գտնվող մի երիտասարդ, բեմ թռչելով, փորձեց համբուրել Յան Անդերսոնին, սակայն անվտանգության աշխատակիցները նրան անմիջապես հեռացրին:

Աննա Բարսեղյանը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողէ:

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել