The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
Մայիս 20, 2013
Համերաշխություն են հայտնում հարձակումների ենթարկված գործընկերներին

«Ս.թ. մայիսի 18-ին լրագրողական գործունեությանը կոպտորեն խոչընդոտելու հերթական միջադեպերն են արձանագրվել Սեւան-Երեւան ավտոմայրուղու Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտակայքում, երբ զորամասերից մեկում զոհված զինծառայողի հարազատները, ի նշան բողոքի, փորձում էին մայրաքաղաք տեղափոխել նրա դին։ Ուժային կառույցների ներկայացուցիչները նախ կանգնեցրել են լրագրողներին տեղափոխող մեքենաները՝ թույլ չտալով մոտենալ այն հատվածին, որտեղ փակվել էր հանգուցյալի հարազատների եւ համագյուղացիների ճանապարհը, այնուհետեւ հարձակվել են լրագրողների վրա եւ բռնություն գործադրելով՝ խլել տեսաձայնագրող սարքերը՝ պատճառաբանելով, թե նկարահանումներն արգելելու հրաման ունեն «վերեւից»։

Մասնավորապես՝ համազգեստավոր եւ քաղաքացիական հագուստով անձինք, բռնի ուժով եւ հայհոյելով, խլել եւ կոտրել են «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբի տեսասարքը, որն ավելի ուշ վերադարձրել են՝ տեսանյութերը ջնջած։ Ռազմական ոստիականության աշխատակիցները բռնությամբ խլել են նաեւ «Lragir.am» կայքի թղթակից Սիրանույշ Պապյանի տեսասարքը եւ ջնջել մինչ այդ պահը կատարված տեսագրությունները, իսկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության նկարահանող խմբից վերցրել են տեսանյութերի կրիչը, որն ավելի ուշ վերադարձրել են ոստիկանապետի միջամտությամբ միայն։Խոչընդոտվել է նաեւ «Հ2» եւ «Արմնյուս» հեռուստաընկերությունների նկարահանող խմբերի աշխատանքը։ Ի դեպ, երբ լրագրողները նկարահանումներն արգելելու վերաբերյալ հարց են ուղղել դեպքի վայր հասած ոստիկանապետին եւ պաշտպանության նախարարին, վերջիններս պատասխանել են, թե իրենք նման հրաման չեն արձակել։

Մենք՝ ներքոստորագրյալներս, այդ միջադեպերը գնահատում ենք որպես խոսքի ազատության ակնհայտ ոտնահարում, մեր համերաշխությունն ենք հայտնում հարձակումների ենթարկված գործընկերներին եւ ուժային կառույցների ղեկավարներից պահանջում ենք իրականացրել ծառայողական հետաքննություն ու խստորեն պատժել այն անձանց, որոնք նախաձեռնել են ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ նշված ապօրինի գործողությունները:

Հաշվի առնելով, որ վերջին շրջանում հաճախադեպ են դարձել լրագրողների գործունեության խոչընդոտումները հենց ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից՝ կոչ ենք անում անհրաժեշտ միջոցներ իրականացնել նման հանցավոր արարքները բացառելու ուղղությամբ։»

Հայտարարության տակ ստորագրել են.

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԱՄՈՒԼԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՀԿ

ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

 

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել