The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՄԵԴԻԱ
July 25, 2011
«ԳԱԼԱ» լուր. Գյումրու քաղաքապետարանը պատրաստ է տարածք տրամադրել հեռուստաաշտարակի վրա
Նունե Արևշատյան
«ՋեյՆյուզ»
«ԳԱԼԱ» լուր. Գյումրու քաղաքապետարանը պատրաստ է տարածք տրամադրել հեռուստաաշտարակի վրա

Մոտ 4 տարվա դատական քաշքշուքները Գյումրու քաղաքապետարանի և «ԳԱԼԱ» ՀԸ սեփականատեր «Չապ» ընկերության միջև թևակոխում են մեկ այլ փուլ:

Հուլիսի 15-ին Գյումրու քաղաքապետարանը, Վճռաբեկ դատարանի մեկ ամսվա վաղեմության որոշումն ունենալով, որով մերժվել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության բողոքը` ուժի մեջ թողնելով վերաքննիչ դատարանի որոշումը, շտապեց դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (ԴԱՀԿ):

Այսպիսով քաղաքի իշխանությունները հույս ունեն ԴԱՀԿ-ի միջոցով ազդել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վրա, որպեսզի վերջինս քաղաքի հին հեռուստաաշտարակից ապամոնտաժի իրեն պատկանող հեռարձակող սարքավորումները:

Հեռուստաընկերության ղեկավարության կարծիքով` Վճռաբեկ դատարանի որոշումը  նպատակաուղղված է «ԳԱԼԱ»-ին հանրապետական ընտրությունների լուսաբանումից զրկելուն: «Ես չէի ուզի էդպես մտածել, բայց որ երեք ու կես տարի է` քնած գործը ընտրությունների նախաշեմին այսպես ասած արթնանում է և սկսվում է քննվել, և կայացվում է էնպիսի վճիռ, որ մենք պետք է սարքավորումները ապամոնտաժենք, և հավելյալ սարքավորումների ձեռք բերման պահանջ է առաջանում, այդպիսի կասկած ունեմ, որ մեզ զրկում են ընտրությունները լուսաբանելուց»,- ասում է «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը:

Հեռուստաաշտարակը քաղաքապետարանի կողմից սեփականաշնորհվել է 2007 թ-ին: Մինչ այդ աշտարակը անտեր էր և ազատ օգտագործվում էր «Չապ» ՍՊ ընկերության կողմից:

2008թ-ի նախագահական ընտրությունների նախաշեմին, ճիշտ այն ժամանակ, երբ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վրա իշխանությունները հարկային մարմինների միջոցով սկսեցին ճնշում գոծադրել Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հանրահավաքից ուղիղ եթերով ցուցադրելու համար, Գյումրու քաղաքապետարանը «ԳԱԼԱ»-ից պահանջեց անհապաղ ազատել հեռուստաաշտարակը հեռուստաընկերությանը պատկանող սարքավորումներից:

Այնուհետև սկսվեց նաև դատական գործընթացը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ու ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեցին քաղաքապետարանի հայցը` հեռուստաընկերությանը հարկադրելով ազատել տարածքը, սակայն Վճռաբեկ դատարանը բեկանեց այն` գործը նորից ուղարկելով քննության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

2011 թ-ի հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը մերժեց հեռուստաընկերության բողոքը` ուժի մեջ թողնելով վերաքննիչ դատարանի նույն թվականի ապրիլի 26-ի որոշումը, որով հեռուստաընկերությունը պարտավորվում է մեկ ամսվա ընթացքում ապամոնտաժել հեռուստասարքավորումները:

«ԳԱԼԱ»-ին պատկանող սարքավորումները հանելու պարագայում նշանակում է, որ հեռուստաընկերությունը փաստացի կեթերազրկվի անորոշ ժամանակով:

Այս պահին «ԳԱԼԱ»-ն դեռ եթեր է հեռարձակվում հին հեռուստաաշտարակի միջոցով, սակայն ամեն վայրկյան ԴԱՀԿ-ը կարող է այցելել նրանց` հարկադրելով ազատել հեռուստաաշտարակը: «ՋեյՆյուզի» հետ զրույցում «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս պահին իրենք սկսել են բանակցությունները Կապի և տրանսպորտի նախարարությանը կից «Ռադիո և հեռուսատեսային ցանց» ՓԲԸ տնօրինության հետ «ԳԱԼԱ»-ի սարքավորումները կենտրոնական հեռուստաաշատարակ տեղափոխելու համար:

Սակայն, Վահան Խաչատրյանի ասելով, իրենցից նախապես 200 հազար դրամ են պահանջել վարձակալության համար, որը չհիմնավորված վճար է` կարծում է  Խաչատրյանը:

«Եթե տրամաբանորեն ինձ ապացուցեն, որ էդ ծառայությունը արժի էդքան, ուրեմն խնդիր չկա, մենք կվճարենք: Հարցն այն է, որ մենք ուզում ենք աշխատել հավասար պայմաններում: Առանց այդ էլ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության գովազդատուներին ճնշում են, ու մենք եթերում գրեթե չունենք գովազդ»,- ասում է հեռուստաընկերության ղեկավարը:

Խաչատրյանն ասում է, որ իրենք գրություն են հղել` ճշտելու մյուս հեռուստաընկերությունների համար սահմանված վարձավճարի չափը:

«ԳԱԼԱ»-ի սեփականատիրոջ հաշվարկներով` կենտրոնական հեռուստաաշտարակից եթեր հեռարձակվելու դեպքում իրենցից մոտ 7000-8000 դոլարի չափով նոր ծախսեր կպահանջվեն, քանի որ անհրաժեշտ է ձեռք բերել հավելյալ սարքավորումներ. նոր մալուխ, նոր սարքավորում ազդանշանը մինչև հեռուստաաշտարակ հասցնելու համար:

Քաղաքապետարանի սեփականությունը համարվող հին հեռուստաաշտարակը նույնպես տրամադրվում է վարձակալությամբ, և, ինչպես ՋեյՆյուզին են հայտնել Գյումրու քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, այն համարվում է հանրային գույք:

«Օրինակ` հաղորդակցության ոլոտի ընկերություններից մեկը աշտարակին տեղադրել է իր սարքավորումները և պարտաճանաչորեն վճարում է տարածքի վարձակալության դիմաց: Եթե այլ կազմակերպություններ էլ ցանկություն կունենան վարձակալության պայմանագիր կապել, համայնքը պատրաստ է տարածք տրամադրել»,- ասում է Գյումրու քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Լիլիթ Աղեկյանը:

«ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը այլևս հարկ չի համարում բանակցել Գյումրու քաղաքային իշխանությունների հետ:

«Սրանից երեք ու կես տարի առաջ, երբ մենք առաջարկեցինք նրանց գնել հեռուստաաշտարակը կամ եթե դա հնարավոր չէ, մի փոքր տարածք վարձակալենք այդ աշտարակի վրա, մեզ անտրամաբանական պատասխան տվեցին` ասելով` դուք ձեր սարքավորումները ապամոնտաժեք հեռուստաաշտարակից, դրանից հետո մենք կորոշենք: Եթե ուզենային մեր հետ աշխատել, գին կսահմանեին, կառաջարկեին իրենց ծառայությունները, իսկ եթե առաջարկում են ապամոնտաժելուց հետո նոր միայն հարցին անդրադառանալ, սրանից շանտաժի կամ տեռորիզմի հոտ է գալիս»,- ասում է Վահան Խաչատրյանը:

Հեռուստաընկերությունը այս հարցով ևս դիմելու է Եվրադատարան: Արդեն իսկ մեկ հայց հարկային ծառայության գործողությունների դեմ «ԳԱԼԱ»-ն ներկայացրել է Եվրադատարան, և հնարավոր է, որ այս երկու հայցերը քննվեն միաժամանակ:

«Եթե անծանոթ մարդիկ ինձ փողոցում մոտենում են ու խնդրում պահել այս հեռուստաընկերությունը, ուրեմն ես կպահեմ այն, եթե այլևս պահանջարկ չեղավ, կփակենք, դա մի օրվա հարց է»,- եզրափակեց ԳԱԼԱ-ի սեփականատերը:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել