The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մարդ
July 10, 2011
Հայկական ֆլեշմոբ դիվիզիան պատրաստ է չնախատեսված հավաքների
Էմմա Հովհաննիսյան
Ուսանողի հայացք
Հայկական ֆլեշմոբ դիվիզիան պատրաստ է չնախատեսված հավաքների

Հայաստանում առաջին ֆլեշմոբ կազմակերպելու գաղափարն առաջացավ Երևանի թեյարաններից մեկում նախորդ տարի, երբ երեք ընկերներ Արմենը, Էդուարդը և Վաղինակը երկար քննարկումներից հետո որոշեցին գործի անցնել:

«Ֆլեշմոբ մշակույթը PR տեխնոլոգիայի մի ձև է: Արևմուտքում այդ մշակույթը ակտիվ զարգանում է, և մենք էլ ցանկացանք նման մի բան նախաձեռնել Երևանում: Առաջին ֆլեշմոբը որոշեցինք կազմակերպել ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի 95-ամյակին», - ասում է մասնագիտությամբ տնտեսագետ 22-ամյա Արմեն Սուքիասյանը:

Ուղիղ պայմանավորված ժամին Աբովյան փողոցի տարբեր կողմերից Ազնավուրի հրապարակում հավաքվեցին երիտասարդների խմբեր և, ուղղանկյան ձևով շարքերով կանգնելով, վեր բարձրացրին իրենց ձեռքի թղթերը: Արդյունքում սպիտակ ֆոնի վրա ուրվագծվեց 95 թիվը' խորհրդանշելով Մեծ Եղեռնի 95-ամյակը:

Ֆլեշմոբն առաջացել է անգլերեն flash' կայծակ և mob' ամբոխ բառերից: Ֆլեշմոբը (կայծակնային ամբոխ) նախօրոք պլանավորված միջոցառում է, որի ժամանակ մի խումբ մարդիկ անսպասելի հայտնվում են որևէ հասարակական վայրում, մի քանի րոպեի ընթացքում կատարում նախօրոք պայմանավորված անտրամաբանական գործողություններ, իսկ հետո արագ ցրվում տարբեր կողմեր:

Ֆլեշմոբի հոգեբանական կողմն այն է, որ մասնակիցները ստեղծում են անհասկանալի, անհեթեթ իրավիճակ, սակայն պահում են իրենց այնպես, կարծես ամեն ինչ սովորական է: Ֆլեշմոբի սցենարը պետք է ունենա անհեթեթ և անտրամաբանական բնույթ, սակայն մասնակիցները պետք է լինեն լուրջ և սթափ:

Առաջին ֆլեշմոբը կազմակերպել է «Հարպերս» ամսագրի գլխավոր խմբագիր Բիլ Վասիկը 2003թ. մայիսին Նյու-Յորքի Մանհեթեն թաղամասում: Սակայն այն չի կայացել, քանի որ ոստիկանությունը կանխել էր:

Հայաստանում ֆլեշմոբի նախաձեռնողները նպատակ ունեն մասսայական դարձնել ֆլեշմոբերը` հաճախակի կազմակերպելով նման հավաքներ: Օրինակ Երևանի ֆլեշմոբեր կազմակերպողներն իրենց խումբն անվանել են «Ֆլեշմոբ դիվիզիա», որին կարող է միանալ յուրաքանչյուր ցանկացող:

«Դիվիզիայի նպատակն է կազմակերպել ուրախ և հաճելի ժամանց, ակտիվացնել երիտասարդական կյանքը, ուշադրության արժանացնել անուշադրության մատնված սոցիալ-մշակութային խնդիրները և առաջարկել ինքնարտահայտման նոր եղանակներ»,- նշում է դիվիզիայի համահիմնադիրներից Էդուարդ Լևանյանը:

Երևանում կազմակերպված վերջին ֆլեշմոբերը նվիրված են եղել մասսայական ընթերցանությանը և ազգային խորհրդանշաններին:

Ֆլեշմոբ կազմակերպող խմբեր գոյություն ունեն ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում և Վանաձորում:

«Խումբը սկզբնավորվեց Գյումրու ուսանողական խորհրդում: Ֆլեշմոբ հասկացությանը ծանոթ ենք համացանցից: Մեր առաջին մոբը կայացավ մոտ մեկ տարի առաջ. Գյումրու կենտրոնական հրապարակում մոտ 70 հոգով քոչարի պարեցինք, ինչը անակնկալի բերեց անցորդներին»,- ասում է Գյումրու ֆլեշմոբ թիմի պատասխանատու Կարեն Ռաֆայելյանը:

Խումբը համագործակցել է Գյումրու «Երիտասարդական բանկ» կոմիտեի, Շիրակի թեմի երիտասարդական խորհրդի և Գյումրու բուհերի ուսանողական խորհուրդների հետ:

«Գյումրիում ֆլեշմոբեր կազմակերպելը թեկուզև դժվար է, բայց կարծում եմ՝ ավելի վառ զգացողություններ է պարգևում, քան ցանկացած այլ տեղ »,- հավաստիացնում է Կարեն Ռաֆայելյանը:

Վերջերս էլ Վանաձորի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել «Խաղաղության երկխոսություն» (Peace Dialogue) կազմակերպության նախաձեռնած «Բազմազանության րոպե» խորագրով ֆլեշմոբը, որի հյուրն էր Երևանի «Ֆլեշմոբ դիվիզիա»-ն: Ֆլեշմոբին մասնակցել է մոտ 70 հոգի: Ֆլեշմոբը նվիրված է եղել բազմամշակութայնության հանդեպ հանդուրժողականությանը:

«Հանդուրժողականությունը այն կարևորագույն խնդիրներից է, որն այսօր կանգնած է մեր երիտասարդության առջև: Պետք է հասկանանք, որ ճիշտ և սխալ մշակույթներ չկան և տոլերանտ վերաբերմունք ցուցաբերենք այլ մշակույթների հանդեպ»,- նշում է «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության տնօրեն Էդգար Խաչատրյանը: 

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել