The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Մշակույթ
July 4, 2011
Գրքապտույտ. Երևանը միացավ BookCrossing հասարակական շարժմանը
Անի Գաբրիելյան
Ուսանողի հայացք
Գրքապտույտ. Երևանը միացավ BookCrossing հասարակական շարժմանը

21-ամյա Արման Ղազարյանի և նրա հասակակից Ինեսսա Սաղեյանի նախաձեռնությամբ Երևանում սկսում է ակտիվանալ BookCrossing շարժումը: Կասկադի այգում կիրակի կայացավ Հայաստանում առաջին BookCrossing-ը, որի ընթացքում մասնակիցները իրենց հետ բերած գրքերը փոխանակում էին միմյանց հետ:

Ընթերցանության նման շարժումը իրականում 10-ամյա պատմություն ունի, իսկ 2007թ-ին BookCrossing-ի առաջին պաշտոնական երկիր դարձավ Սինգապուրը: BookCrossing-ի մայր կանոնի համաձայն կարդացած գիրքը պետք է թողնել հասարակական վայրում, որտեղ մեկ այլ ընթերցող կարող է գտնել այն, կարդալ և իր հերթին նույն կերպ «մոռանալ» գիրքը մեկ այլ վայրում: Այսպիսի շարժման արդյունքում BookCrossing-ի նախահայր, ինտերնետային տեխնոլոգիաների մասնագետ Ռոն Խորնբեկերկի պատկերացմամբ աշխարհը կվերածվի մի հսկա գրադարանի:

«Մենք ուզում ենք BookCrossing-ը Հայաստանում ակտիվացնել: Այն սկսվում է փոքր քաղաքներում և վերածվում գլոբալ շարժման»,- ասում է Արմանը:

16-ամյա Սյունե Սարգսյանը երևանյան շարժման մասնակիցներից է: Կասկադի այգի նա իր հետ բերել էր «Գոնչարով» և փոխանակեց այն «Ֆեդերիկո Ֆելինի»-ի հետ:

Սյունեն կարծում է, որ այսպիսով ընթերցանությունը դառնում է խաղ: «Ես թուլություն ունեմ գրքերի հանդեպ: Շատ եմ սիրում կարդալ: Այսպիսի առիթն ուղղակի չէի կարող բաց թողնել: Եթե դու ես փոխանցում քո սիրելի գիրքը մեկ ուրիշին ու լավ գիրք ես ստանում, ինձ թվում է դրանից ավելի մեծ հաճույք չկա»:

«Այնպես ստացվեց, որ իմ սիրած գրքերը բոլորը գրադարանից եմ վերցրել, ուղղակի չէի կարող բերել: Տանը ունեի Գոնչարով, որն անկեղծ լինեմ, չեմ կարդացել»,- ասում է Սյունեն:

116 BookCrossing-ի մասնակիցները ակտիվ կապ են պահպանում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով: Արման Ղազարյանը նշեց, որ շարժումն ավելի վաղ է սկսվել և քաղաքում արդեն բազմաթիվ գրքեր են շրջանառվում, որոնց քննարկումն էլ ծավալվում է «Ֆեյսբուք»-ի միջոցով:

BookCrossing-ին մասնակցում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Վարդան սարկավագ Ասլանյանը: Փոխանակման համար նա իր հետ բերել էր ամենասիրելի գիրքը` «Աստվածաշունչ»-ը, բայց ոչ իր անձնական օրինակը: Գիրք գրքոցը նա փոխարինեց Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդով:

«Ես տարբեր ժանրերի գրքեր եմ ընթերցում, բայց եթե խոսքը գնում է իմ ամենասիրած գրքի մասին, դա բնականաբար «Աստվածաշունչ»-ն է և´ որպես ընթերցող, և´ որպես քրիստոնյա, և´ որպես հոգևորական: Եթե հնար լիներ, այսօր բոլորին կբաժանեի «Աստվածաշունչ», բայց ցավոք միայն մեկին կարող եմ տալ»,- նշում է Վարդան սարկավագ Ասլանյանը:

Փոխանակված գրքերը մասնակիցները խոստացան վերադարձնել հաջորդ BookCrossing-ի ժամանակ: Եվ չնայած շարժման մասնակիցները շատ չէին, Արման Ղազարյանը խոստացավ շարունակական դարձնել BookCrossing Armenia միջոցառումը:

«Ճիշտն ասած, մենք սպասում էինք, որ 600-ից ավելի մարդ է լինելու (ըստ Facebook-ում հայտնած ցանկությունների), բայց երևի որոշ մարդկանց մոտ չստացվեց գալը: Չենք դժգոհում, առաջին անգամն էր, նախադեպը չուներ: Ինձ թվում է մյուս անգամ ավելի ակտիվ կլինեն», - նշեց Արմանը:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել