The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԵՏԱԶՈՏՈՒՄ
July 1, 2011
«Քոչարյանն ընդդեմ «Հրապարակի»» դատը «սպառնում» է վերածվել իսկական սկանդալի
Նանե Մակուչյան
«ՋեյՆյուզ»
«Քոչարյանն ընդդեմ «Հրապարակի»» դատը «սպառնում» է վերածվել իսկական սկանդալի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան

Հունիսի 30-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի դատական նիստում հնարավոր է` նոր քաղաքական սկանդալի հիմք դրվեց:

Բանն այն է, որ նիստի ընթացքում դատավորը բավարարեց հայցվոր կողմի` Քոչարյանի ներկայացուցչի միջնորդությունը` որպես վկա դատարան հրավիրել վիճահարույց` «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրո՞ւմ» հոդվածի հեղինակ, «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լուսինե Պետրոսյանին:

Հայցվորը պնդում է վերջինիս ներկայությունը` անձամբ հեղինակից լսելու իրենց համար «վիրավորական և զրպարտիչ» արտահայտությունների, հոդվածագրի պնդմամբ` լրագրողական կարծիքի հիմնավորումները:

«Քոչարյանն ընդդեմ «Հրապարակի»» գործի ողջ էությունը կայանում է կողմերի մոտեցումների հենց այս հակադրության մեջ:

Քոչարյանի փաստաբանների համոզմամբ` «Հրապարակ» օրաթերթի` այս տարվա փետրվարի 12-ի համարում տպված` «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրո՞ւմ» հոդվածում տեղ են գտել տեղեկություններ, որոնք ամբողջությամբ վիրավորում և զրպարտում են երկրորդ նախագահին:

Պատասխանող կողմն իր հերթին պնդում է, որ հոդվածում տեղեկություններ չկան, այլ դրանում լրագրողի անհատական կարծիքն է արտահայտված: ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը ընձեռում է այդ իրավունքը. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով…» և այլն:

Վիճահարույց հոդվածում, որը պատճառ դարձավ սույն դատական գործի հարուցմանը, մասնավորապես հետևյալ մտքերն են արտահայտված. «Մտքով ի՞նչ անցներ, թե Քոչարյանը անցուդարձին չի դիմանա եւ իր անմտությամբ ասպարեզ կիջնի…», «Իսկ Քոչարյանը, որքան էլ առանձնանում է գավառականությամբ ու արյունռուշտությամբ, առանձնակի փայլում է անմտությամբ», «Իհարկե, այնպիսի դավաճանության, պետական ու տնտեսական հանցագործությունների ու, ամենակարեւորը՝ արյան մեջ թաղված կենսագրություն, ինչպիսին իրենն է, այս երկրագնդի վրա հատուկենտ արարածներ են ունեցել» և այլն: Սույն արտահայտությունները ընդգրկված են նաև Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումում:

Եվ մեկ էական հանգամանք ևս. պատասխանող կողմը` «Հրապարակ»-ը, թե Քոչարյանի հերքման տեքստը չտպագրելու հիմնավորումներում, թե դատական գործի շրջանակներում անընդհատ փորձում է հայցվորից ճշտել, թե կոնկրետ որ արտահայտություններն է վերջինս դիտարկում իբրև վիրավորանք, և որոնք` իբրև զրպարտություն (սրանք առանձին իրավական կատեգորիաներ են):

«Հրապարակ»-ի պնդմամբ, առնվազն հայցադիմումում, դրանք հստակեցված չեն:

Նաև այս հանգամանքը պարզելու նկատառումով «ՋեյՆյուզի» թղթակիցը բացառիկ հարցազրույց ունեցավ Ռոբերտ Քոչարյանի շահերը դատարանում ներկայացնող «GPartners» ընկերության կառավարիչ Սարգիս Գրիգորյանի և Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արփինե Մելիքբեկյանի հետ: Հարցազրույցի ընթացքում Մելիքբեկյանը ասաց, որ ճիշտ չի լինի, որ ինքը հիմա կոնկրետ նշի, թե հոդվածում որն են իրենք համարում վիրավորանք, որը զրպարտություն, պատճառաբանելով` «Որովհետև մենք հիմա դատաքննության պրոցեսում ենք»:

Նույն հարցը հունիսի 30-ի դատական նիստում կրկին բարձրացրեց «Հրապարակ»-ի փաստաբան Արա Զոհրաբյանը և կրկին, չնայած համառ ջանքերին, պատասխան չստացավ:

Ավելին` հայցվորի փաստաբանը մատնացույց չարեց, թե որ բառերն են իրենք համարում «վիրավորանք» և որ արտահայտությունները` «զրպարտություն» անգամ այն բանից հետո, երբ դատավոր Էդվարդ Ավետիսյանն ինքը պահանջեց մասնավորեցնել այդ երկու հասկացությունները` որպես գործի դատաքննությունն իրականացնելու կարևոր պայման: Նման մասնավորեցում չկա նաև Քոչարյանի փաստաբանների ներկայացրած հայցադիմումի մեջ:

Սակայն կա մի ձևակերպում, որը կարող է ամենավճռորոշ դերակատարումը ունենալ «զրպարտության» մասով Քոչարյանի հայցը բավարարելու կամ մերժելու գործում: Սա այն ձևակերպումն է, որը ամենահաճախն էր կրկնվում թե հայցադիմումում, թե դատական նիստերի ընթացքում և թե «ՋեյՆյուզ»-ի հետ հարցազրույցի ժամանակ:

Խոսքը հետևյալի մասին է (մեջբերում հայցադիմումից). «2011 թվականի փետրվարի 12-ի «Հրապարակ» օրաթերթի  25(695) համարի 4-րդ էջում հրապարակվել է «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրո՞ւմ» խորագրով հոդվածը, որում տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող, վիրավորող և զրպարտող տեղեկություններ…»:

Եթե հաջորդ դատական նիստին ներկա գտնվեն մի կողմից` հոդվածագիր Լուսինե Պետրոսյանը, մյուս կողմից` հայցվորի փաստաբանները, գուցե վերջապես լույս սփռվի կողմերի հակընդդեմ տեսակետների հարցին` հոդվածում արծարծվածը տեղեկություններ են, այն էլ զրպարտի՞չ, թե՞, այդուհանդերձ, լրագրողական կարծիք և տեսակետեր:

«ՋեյՆյուզ»-ը խոսեց նաև լրագրող Լուսինե Պետրոսյանի հետ` ճշտելու` արդյոք նա պատրաստվում է ներկայանալ հաջորդ դատական նիստին (նիստի օրը դատարանը դեռ չի նշել) և իր պարզաբանումները հնչեցնել վեճի առարկա հոդվածի վերաբերյալ, Լուսինեն պատասխանեց հետևյալը.

«Ենթադրում եմ, որ կներկայանամ, համենայնդեպս, ես ավելի հակված եմ գնալու: Բայց դա կախված է նրանից, թե ինչ ծանուցում ինձ կուղարկվի դատարանի կողմից: Ամեն դեպքում այդտեղ չի կարող խոսք գնալ որևէ փաստ ապացուցելու մասին, որովհետև այդ հոդվածում չկան փաստեր կամ տեղեկություններ: Առկա է միայն կարծիք, ընդ որում` բացասական, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության մասին: Եթե նրանց հետաքրքրում է` իմ կարծիքը ինչից է ձևավորվել, ինչից եմ ես նման կարծիքի հանգել և ինչու եմ նման կարծիք արտահայտել` պատրաստ եմ ասել»:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել