The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
Բնություն
Հունիս 24, 2011
«Աշխարհն առանց սովի». ստորագրահավաք գնաճի դեմ
Անի Գաբրիելյան
Ուսանողի հայացք
«Աշխարհն առանց սովի». ստորագրահավաք գնաճի դեմ

Օքսֆամ բրիտանական կազմակերպությունը այս ամսվանից աշխարհի 70 երկրներում, ներառյալ Հայաստանում, իրականացնում է «Աշխարհն առանց սովի» նախաձեռնությունը: Հայաստանում ակցիան կրում է «Աճեցնենք ավելի շատ, կերակրենք մեր երկիրը» կարգախոսը: Արշավի նպատակն է խթանել դրական փոփոխություններ պարենամթերքի և այլ ռեսուրսների արտադրության, սպառման, բաշխման և կառավարման գործընթացներում:

Երևանում ակցիան մեկնարկեց Էկոնոմիկայի նախարարության շենքի մոտից, որի մուտքի առջև Օքսֆամի հայաստանյան գրասենյակի կամավորները առավոտյան ժամը 9-ից իրենց ուղերձներով և կոչերով դիմավորում էին նախարարության աշխատակիցներին: Նրանցից էր նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ով ողջունեց մասնակիցների նախաձեռնությունը և շտապեց աշխատավայր:

Ըստ Օքսֆամի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի փորձագետ Քրիստինե Հովհաննիսյանի, ցանկացած մարդ, ով հնարավորություն ունի, պետք է աջակցի երկրում գյուղատնտեսության զարգացմանը:

«Օքսֆամ կազմակերպությունը արդեն 70 տարի պայքարում է պարենային ճգնաժամի դեմ, և Հայաստանն այս տարի միանում է այս քարոզարշավին: Մենք մեր երկրի խնդիրներն ենք ներկայացնում. այդ խնդիրներն են գնաճը, տեղական գյուղամթերքների սպառումը: Աղքատության մակարդակը շատ է բարձրացել` հասնելով 34 տոկոսի: Մեզ նման փոքր երկրի համար սա իսկապես մարտահրավեր է»,- ասում է Հովհաննիսյանը:

Փորձագետը նշում է, որ պետք է ներդրումներ կատարվեն` խթանելով գյուղատնտեսության զարգացմանը և փոխհատուցելով գյուղատնտեսությանը հասցրած վնասները:

Օքսֆամի նախաձեռնությանը միացել էին նաև Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը, ի դեմս 27 հասարակական կազմակերությունների:

Էկոնոմիկայի նախարարության շենքի առջևից ակցիայի մասնակիցները սկսեցին նաև ստորագրահավաք, որը շարունակվեց Հանրապետության հրապարակում: Ստորագրահավաքի նպատակը երկրում որոշումներ կայացնողներին քաղաքացիների ձայնն ու մտահոգությունները հասանելի դարձնելն է:

Եթե շարքային քաղաքացիները ակտիվորեն մասնակցում էին ստորագրահավաքին, ապա նույնը չէր կարելի ասել պետական պաշտոնյաների մասին:

«Պաշտոնյաների մի մասը բավականին բարեհամբույր ընդունեց, ստորագրեց, մյուս մասը, ովքեր ցանկանում էին կոպիտ ասած «փախչել մեզանից», պարզապես հրաժարվեցին: Այնուամենայնիվ, մենք փախչող մարդկանց էլ ենք ուզում ցույց տալ, որ սա իրենց է վերաբերվում, աշխատանքից ուշանալու պատրվակով չեն կարող մեզանից  խույս տալ: Մենք պատասխան պետք է տանք այս աղքատության ահագնացող վտանգի համար, մենք ինքներս պետք է պայքարենք, ամենքս սկսենք մեզանից: Սա ոչ մի քաղաքական աստառ չունի, մենք պայքարում ենք սոցիալ-տնտեսական խնդրի դեմ, այլ ոչ թե կոնկրետ ձեռներեցների»,- ասում է Օքսֆամ հայաստանյան կազմակերպության կամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Ստորագրահավաքը շարունակվելու է նաև էլեկտրոնային տարբերակով: Սա քարոզարշավի միայն առաջին քայլն է: Նմանատիպ միջոցառումներ կազմակերպվելու են նաև մարզերում: Իսկ ստորագրությունները հավաքագրվելու են և միանան մեծ քարոզարշավի արդյունքներին: Կազմակերպիչները նշում են, որ արդյունքները կամփոփվեն աշնանը և կփոխանցվեն կառավարության համապատասխան մարմիններին:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել