The spam filter installed on this site is currently unavailable. Per site policy, we are unable to accept new submissions until that problem is resolved. Please try resubmitting the form in a couple of minutes.
ՀԵՏԱԶՈՏՈՒՄ
Հունիս 21, 2011
Հրապարակային գործունեության պերճանքն ու թշվառությունը կամ Արզաքանցյանն ընդդեմ «Երկրի»
Նանե Մակուչյան
«ՋեյՆյուզ»
Հրապարակային գործունեության պերճանքն ու թշվառությունը կամ Արզաքանցյանն ընդդեմ «Երկրի»
Պատգամավորը դիմելու է վերաքննիչ դատարան

Վերջերս Երևանում խոսքի ազատությանը նվիրված սեմինար-քննարկման ժամանակ, որին մասնակցում էր նաև լոնդոնյան հռչակավոր «ARTICLE 19» կազմակերպության ավագ իրավախորհրդատու Բոյկո Բոևը, փաստարկվեց, որ  քաղաքական գործիչներն իրենց հասցեին հնչող քննադատություններին պետք է առավել հանգիստ ու հանդուրժողաբար վերաբերվեն, քան «հասարակ մահկանացուները»: Քանի որ նրանք, ինչպես և մյուս` հանրային գործունեությամբ զբաղվող անձինք, իրենք են ընտրել իրենց գործունեության հրապարակային բնույթը, ինչը անխուսափելիորեն նրանց վրա էր սևեռելու առավել մեծաքանակ մարդկանց, այդ թվում` լրագրողների ուշադրությունը:

Իսկ ի՞նչ պատկեր է այս առումով Հայաստանում: Իրենց քաղաքական գործիչ համարող անձինք, մեկը մյուսի ետևից, «վիրավորված ու զրպարտված» բախում են դատարանների դռները` չգիտակցելով, որ արդյունքում առավել վարկաբեկված կարող են լքել դատական դահլիճները:

Ի՞նչն է մղում նրանց այդպես վարվելու` դժվար է ասել, բայց որ նրանցից շատերը խնդիր ունեն հրապարակային գործունեության արդյունքում դույզն-ինչ քննադատություն լսելու, փաստ է: Ավելին` հաճախ առանց վիրավորական բառի իմաստն ըմբռնելու` նրանք շտապում են դատի տալ լրատվամիջոցին` ակնհայտորեն անշահեկան և անհարմար վիճակի մեջ դնելով սեփական անձը, եթե կուզեք` պատիվն ու համբավը:

Ընդսմին` Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի պարագան, որն այս տարվա մարտին դատի էր տվել «Երկիր» օրաթերթին` իրեն վիրավորելու, զրպարտելու, պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար: Պատգամավորը, ով նաև գինի և կոնյակ արտադրող «Գրեյթ վելլի» ընկերության սեփականատերն է, որպես փոխհատուցում թերթից 3 միլիոն դրամ էր պահանջում:

Թե ինչ շահեց պարոն Արզաքանցյանն այս դատաքննության արդյունքում, հավանաբար միայն իրեն է հայտնի (իր համար չնչին` 288.000 հազար դրամը չհաշված): Արդյո՞ք նրան պատիվ բերեցին դատավորի մանրակրկիտ բացատրական աշխատանքները, սկսած պարզ բառիմաստների բացատրությունից, վերջացրած սեփական ծագման հետ հաշտվելու հորդորներով:

Օրինակ` անհրաժեշտություն ծագեց հայցվորին լուսաբանել «ստիլյագ» բառի իմաստը, որից վիրավորվել էր Արզաքանցյանը և բառարաններից մեջբերումներով ապացուցել, որ դա լավ բառ է, անգամ` պատիվ բերող, որովհետև նշանակում է մոդայիկ, նորաոճ: Կամ` «համոզել», որ սեփական ծննդավայրի բարբառով խոսելն ամենևին էլ ամոթ չէ (դատավճռում բազմաթիվ են փաստացի օրինակները, որ սույն պատգամավորն իր հրապարակային ելույթներում գործածել է հայրենի Գավառի բարբառով արտահայտություններ. «Է, թող բռնի ծեծա…», «..բռնելու ա ծեծա…», «..եթե ինքը իմ խետ խնդիրներ ունի…» և այլն):

Ուշագրավ է նաև, որ Արզաքանցյանն իր լեզվաճանաչողության հանգույն «ստիլյագ» բառն այս անգամ վերագրել է թերթին, այն դեպքում, երբ անգամ իր նախնական իմաստով այդ բառը բնութագրել է ԽՍՀՄ տարիներին իրենց հագուկապով մյուսներից զատվող մարդկանց:

Վերջերս լրատվամիջոցներից մեկը, «Ի՞նչ դիպլոմ ունեն հայ պատգամավորները» խորագրի ներքո, մեջբերելով ԱԺ պաշտոնական կայքի տվյալներ, անդրադարձել էր նաև պատգամավոր Արզաքանցյանին, նշելով. «Տիգրան Արզաքանցյանն էլ` դարձյալ ՀՀԿ խմբակցությունից, ընդհանրապես չունի բարձրագույն կրթություն`1984 թվականին ավարտել է Կամոյի անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումը: Տեխնիկ-անասնաբույժ է: Եվ, ուշադրություն` միջազգային բիզնեսի պատվավոր դոկտոր: Թե որտեղ ու ինչ եղանակով է ստացել այդ կոչումը` պատմությանը ոչինչ հայտնի չէ:»

Կարծում ենք` սույն տեղեկությունն առավել քան ակնառու է դարձնում Արզաքանցյանի ինքնագնահատականի չհիմնավորվածությունը:

 

Դատարանի մյուս հիմնավորումներն էլ պատգամավորի օգտին չեն վկայում: Այսպես, դատավորը, մատնացույց անելով պատասխանող կողմի` «Երկիր» օրաթերթի բերած փաստերը, հրաժարվեց Տիգրան Արզաքանցյանի հանդեպ զրպարտություն որակել այն հայտարարությունները, ըստ որոնց պատգամավորը «ինքնաթիռներով գեղեցկուհիներ է բերում-տանում», «հայտնի է որպես կազինոների մշտական այցելու»,«շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի», «ծեծ է կերել և ամեն անգամ ծեծվելուց հետո...», «նախորդ նստաշրջանում մեկ անգամ է երևացել Ազգային ժողովում»:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 8-ին կայացրած վճռում գրված է. «Թեև դրանք ձևակերպված են որոշ չափազանցություններով, սակայն ընդհանուր առմամբ, ցուցաբերվել է հավասարակշռված մոտեցում, որն ամբողջությամբ համապատասխանում է խոսքի մատուցման լրագրողական ազատության թույլատրելի շրջանակներին: Հետևաբար, 1087.1 հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի երրորդ պայմանը նույնպես պահպանվել է»: (Datalex.am կայքում տես` «Տիգրան Գրիշայի Արզաքանցյանի հայցն ընդդեմ «Երկիր» խմբագրություն ՍՊ ընկերության» մասին դատարանի վճիռը)

Եվս մեկ մեջբերում վճռից. «Նշված արտահայտություններն օգտագործվել են մի հոդվածում, որի շրջանակներում բախվում են լրատվամիջոցի հանրային դեմքի, քաղաքական գործչի և հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղեկություններ տարածելու, հանրության նման տեղեկություններ ստանալու և քաղաքական գործչի հեղինակության պաշտպանության իրավունքները: Հետևաբար, դատարանն առաջնորդվելու է բախվող շահերի միջև անհրաժեշտ հավասարակշռություն սահմանելու սկզբունքով` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ժողովրդավարական հասարակությունում մամուլի էական գործառույթներին»:

 «Հաշվի առնելով հայցվորի դիրքը հասարակությունում, նրա ժողովրդի կողմից ընտրված լինելու հանգամանքը, նրա վարքագծի վերաբերյալ տեղեկությունները ներկայացնում են հանրային հետաքրքրություն և հանրությունն իրավունք ունի ստանալ նման տեղեկություններ»: 

Փաստորեն, լրատվամիջոցին դատի տալով Տիգրան Արզաքանցյանն արդեն դատարանի վճռով հիմնավորեց իր հասցեին գոյություն ունեցող հանրային կարծիքը, թեև դատարան էր դիմել իր հեղինակությունն ու գործարար համբավը վերականգնելու ակնկալիքով:

Կրկին մեջբերում դատարանի մեկնաբանությունից. «Հեղինակություն է համարվում հանրորեն արժեքավորվող որակների գնահատման հիման վրա անձի մասին ձևավորված օբյեկտիվ կարծիքը»: «Գործարար համբավը հեղինակության մասնավոր դրսևորում է և իրենից ներկայացնում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի գործարար շրջանառության, այդ թվում գործարարության ոլորտում դրսևորված որակների (արժանիքների և թերությունների) մասին ձևավորված կարծիք: Այլ կերպ ասած, գործարար համբավը մասնագիտական որակների գնահատական է»:

Կարծիք կազմելու առավել օբյեկտիվ աղբյուրներ, քան սեփական կենսագրության մեջ զետեղված տեղեկություններն են և դատարանի կայացրած վճիռը, գոյություն ունենալ չեն կարող, թեկուզ` տեսականորեն:

Այսպիսով` դատարանը վճռեց «Երկիր» օրաթերթից հօգուտ Տիգրան Արզաքանցյանի բռնագանձել ընդամենը 200.000 դրամ` «լակոտ» բառով նրան վիրավորելու,  80.000 դրամ` փաստաբանական ծախսերի, և 8.000 դրամ` դատական ծախսերի համար: Նաև պարտավորեցնել «Երկիր» խմբագրություն ՍՊ ընկերությանը «Երկիր»  օրաթերթում հրապարակելու վճռի եզրափակիչ` ամփոփ մասը:

Այս առումով պետք է ողջունել դատարանի վճիռը, որը, հուսով ենք, նախադեպային կդառնա և զերծ կպահի դատարանը բոլոր նրանցից, ովքեր սեփական հեղինակությունը, արժանապատվությունն ու գործարար համբավը մտադրված են «վերականգնել» խոսքի և արտահայտվելու ազատության սահմանափակման հաշվին:

Հ.Գ.  Այս հոդվածը արդեն պատրաստ էր, երբ պարզ դարձավ, որ այսօր` հունիսի 21-ին, Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, խոսելով «Երկիր» օրաթերթի հետ իր հարաբերություններից, ասել է հետևյալը. «Եթե լրատվական միջոցն օգտագործում են իրենց շահերի համար, ուզում են մարդկանց իմիջի հետ խաղան, ուզում են մարդկանց երեսը սևացնեն, մարդիկ կան, թույլ են տալիս, ես, օրինակ, թույլ չեմ տա իմ անունի հետ խաղալ»:

Պատգամավորը նաև հայտարարել է, որ բավարարված չէ դատավճռից եւ դիմելու է վերաքննիչ դատարան. «Ինձ չի բավարարում, ես իրենցից պատրաստ եմ ավելի շատ դրամական տույժ ստանամ, որովհետեւ ամեն մարդ իր պատիժը պետք ա ստանա», - ասել է նա:

Աղբյուր` JNews.am

Share
Printer-friendly version
PDF version

Թեմատիկ նյութեր

Մեկնաբանություններ

Մեկնաբանել